«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրողները մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում հայտնաբերել են Ստալինի նկարով սրբապատկեր: Խոսքը Սբ. Նիկոլայ եկեղեցու մասին է, որը գտնվում է Ռուսաստանի պետական գրադարանի մասնաշենքերի միջեւ: Մուտքից մոտ 10 մետր հեռու կախված է Սբ. Մատրոնա Մոսկվացու մեծ սրբապատկերը, կողքին՝ հրաշագործ սրբուհու կյանքի կարեւոր պահերի պատկերներ: Ահա այդպիսի պատկերներից մեկում Սբ. Մատրոնա Մոսկվացին նկարված է Ստալինի հետ միասին: Նկարի ծագման մասին ոչինչ հայտնի չէ, եկեղեցում դժվարացել են նշել հեղինակի անունը: Կենտրոնական շրջանի եկեղեցիների հոգեւոր հովիվ հայր Վլադիմիրն իր հերթին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ զրույցում հայտնել է, թե ենթադրաբար սրբապատկերը նվիրվել է Սբ. Նիկոլայ եկեղեցուն: Ինչ վերաբերում է նկարի հեղինակին, ապա հայր Վլադիմիրը չի բացառել, որ այն կարող էր նկարել Պոկրովսկի վանքի, որտեղ հանգչում են սրբուհու մասունքները, սրբանկարիչներից մեկը: «Հավանաբար, ինչ-որ մեկը նկարել է Ստալինին՝ հիմնվելով շշուկների վրա, անտեղյակ լինելով իրավիճակին», – ասել է նա: Ըստ լեգենդի՝ Իոսիֆ Ստալինն այցելել է Սբ. Մատրոնային 1941թ.՝ պատերազմի ընթացքում: Հենց այդ պահն էլ պատկերվել է Սբ. Նիկոլայ եկեղեցում կախված նկարում: Ռուս ուղղափառ եկեղեցին, ինչպես նաեւ հավատացյալների եւ հոգեւորականների մեծամասնությունը կտրուկ հերքում է Սբ. Մատրոնայի հետ Ստալինի ծանոթության փաստը՝ համարելով դա հերյուրանք եւ խավարամտություն: Սա առաջին անգամ չէ, որ ԶԼՄ-ներն իմանում են Իոսիֆ Ստալինին «սրբացնելու» փորձերի մասին: 2008թ. սկանդալ եղավ Լենինգրադի մարզում՝ Ստրելնայում գտնվող Սբ. Օլգա իշխանուհի եկեղեցու շուրջ, որտեղ հայտնաբերվեց նույն Սբ. Մատրոնա Մոսկվացու սրբապատկերը, կողքին Ստալինը՝ պատկերված ամբողջ հասակով: Ի վերջո, սրբապատկերը հանվեց, իսկ եկեղեցու վանահայր Եվստաֆին (Ժակովը) պաշտոնազրկվեց: Հատկանշական է, որ հայր Եվստաֆին, ում «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը խնդրել է մեկնաբանություն կատարել, հայտնել է, թե հենց մայրաքաղաքի Սբ. Նիկոլայ եկեղեցում եղած Սբ. Մատրոնա Մոսկվացու սրբապատկերն է իրեն դրդել ստեղծել դրա կրկնօրինակը, ինչի արդյունքում էլ առաջացել է սկանդալը: Իր խոսքերով՝ մայրաքաղաքային սրբապատկերի ազդեցությամբ է ինքը խնդրել սրբանկարիչ Իլյա Պիվնիկին նկարել դրա մեծացրած կրկնօրինակը, որը հետագայում ինքը կախել է Ստրելնայի եկեղեցում: