Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժն ու քաղաքականությունը միավորվեցին

Հոկտեմբեր 27,2010 00:00

«Ձեռք բերեք» սպորտային արտաքին՝ հանուն աղջիկների ուշադրության

Հայաստանի հսկաների ֆեդերացիան եւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) այսուհետեւ համագործակցելու են:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս «քաղաքական հայտարարությամբ» հանդես եկան ֆեդերացիայի նախագահ Արման Մովսիսյանն ու ՀԵԿ-ի նախագահ Վահան Բաբայանը:

Ա. Մովսիսյանի հավաստմամբ, անհրաժեշտություն կա երիտասարդության ուշադրությունը ուղղել դեպի սպորտը, առողջ ապրելակերպ, ատլետիկ կառուցվածք ունենալը: Նրա խոսքով, կուսակցության հետ համագործակցելու գաղափարը պատեհ է եւ օգտակար. «Որոշ ժամանակ առաջ ֆեդերացիայի աշխատանքներում հարկ կար երիտասարդների ներգրավումը մեր աշխատանքներին, որպեսզի մենք էլ պատշաճ մակարդակով կարողանայինք ներկայանալ միջազգային մրցաշարերում: Օրինակ՝ մարզերից շատ երիտասարդներ ունենք, որ այդքան էլ շատ ծանր քաշային չեն, բայց ուզում են մասնակցել մրցումների: Հետո տեղեկացանք, որ նմանատիպ ուժային մրցումների միջոցառումներ ցանկանում է իրականացնել նաեւ ՀԵԿ-ը: Հասկացանք, որ կարող ենք այդ ամենը համատեղ ուժերով անել»:

ՀԵԿ-ի նախագահ Վահան Բաբայանի խոսքերով էլ, համագործակցելու առաջարկը ֆեդերացիայինն է եղել, ինչը սիրով ընդունել են:

Թե ինչո՞վ կարող է Հսկաների ֆեդերացիան աջակցել կուսակցության աշխատանքներին, Վ. Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում շեշտեց. «Հսկաների ֆեդերացիան ուժեղ տղաներ են, որոնք կարող են օրինակ ծառայել մյուս երիտասարդներին, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ սպորտի զարգացման հարցում մեծ ներդրում ունենալ: Կուսակցության ծրագրերի մեջ մտնում է երիտասարդության աջակցությունը սպորտային ծրագրերին եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի ոլորտում»:

Նշենք, որ Հայաստանի հսկաների ֆեդերացիան ձեւավորվել է 2009 թվին: Ա. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ֆեդերացիան ձեւավորվել է երկու սիրողական մրցաշարի արդյունքում. «Անց է կացվել երկու մրցաշար՝ Երեւանի առաջնություն, Հայաստանի առաջնություն, բացի այդ՝ մասնակցել ենք նաեւ սիրողական մակարդակով Եվրոպայի առաջնության: Ֆեդերացիայի ստեղծման նպատակը նույնն է եղել՝ առողջ ապելակերպ, երիտասարդների ներգրավում մարզասրահներ եւ բոլոր այն հզոր ատլետներին որոնելն ու գտնելը, որոնք կարող են ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ֆեդերացիայի համար ընտրվել «հսկաների» կոչումը. «Քանի որ ատլետիկ կառուցվածք ունեցողները եւ բոլոր նրանք, ովքեր աշխատում են իրենց մարմինների վրա՝ մի փոքր հսկայի կեցվածք ունեն, եւ քանի որ նմանատիպ անվանումներով ֆեդերացիաներ կային նաեւ հարեւան երկրներում, որոշեցինք մենք էլ առանձնանանք մեր անունով»,- ասաց Արման Մովսիսյանը:

Մեր հարցին՝ ֆեդերացիան ունի՞ Գինեսի գրքում հսկաներով ընդգրկվելու հավակնություն, ֆեդերացիայի նախագահը նշեց. «Գուցե փորձենք: Այժմ ֆեդերացիան պարապմունքներով եւ համապատասխան կառուցվածք ունեցող երիտասարդների փնտրտուքով է զբաղված: Ու նաեւ դեռ աշխատում ենք այն վարժությունների վրա, որոնք կատարվում են մրցաշարերի ժամանակ»:

Իսկ թե ի՞նչ վերաբերմունք եւ ձգտում կա երիտասարդների շրջանում ատլետիկ կառուցվածք ունենալու համար, Ա. Մովսիսյանն ընդգծեց. «Հայ տղաների մեջ գեղեցիկ կառուցվածք ունենալու մեծ սեր ու ցանկություն կա: Հետաքրքիր է, բայց մարզերում, գյուղերում կան այնպիսի տղաներ, որ երբեւիցե չեն մարզվել, որեւէ խթանիչ հավելում չեն օգտագործել, բայց բնական ուժն այնքան հզոր է եւ կառուցվածքն այնքան սպորտային, որ պարզապես ծանոթանալով վարժությանը՝ կարող են հանգիստ կատարել այն, անգամ մասնակցել մրցաշարերի: Միայն նրանց գտնել է պետք»:

Ա. Մովսիսյանը նշում է, որ Հսկաների ֆեդերացիայի անդամ լինելու համար պարտադիր չէ անպայման ունենալ սպորտային կառուցվածք. «Հարկավոր է ընդամենը ցանկություն. յուրաքանչյուրն էլ պարբերաբար պարապմունքների արդյունքում կարող է ձեռք բերել ատլետիկ կառուցվածք, ուժ: Մենք հենց այդ նպատակն էլ ունենք, որ նույնիսկ ֆիզիկապես տկար, ծույլ տղաները մարզումների միջոցով, եթե նույնիսկ մրցաշարերի մասնակցելու ցանկություն չունեն, գոնե ունենան ուժ՝ սեփական «ես»-ը պաշտպանելու համար»:

Ֆեդերացիայի նախագահը նաեւ գտնում է, որ սպորտային արտաքինը նույնիսկ նպաստում է աղջիկների ուշադրությանն արժանանալուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել