Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԻ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՐՏՈՇԿԱ ՄԱՔՐՈՂ ՊԵՏՔ ՉԻ՞»

Հոկտեմբեր 27,2010 00:00

Այս արդարացմամբ հաշմանդամին բանակ տանող երկրում, ըստ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հ/կ-ների,
ՄԱԿ-ի կոնվենցիան դեր չի խաղա:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 20-ին, ուժի մեջ մտավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը մեր երկիրը վավերացրել էր այս տարվա մայիսից:

Երբ կարդում ես կոնվենցիան՝ ապշում ես, որ մեր երկիրը ստորագրել է եւ համաձայն է հաշմանդամ անձանց համար ապահովել այդպիսի պայմաններ: Սակայն համաձայնությունը մի բան է, ապահովելը՝ մեկ այլ բան: Կոնվենցիային միանալու օրերին հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ների ներկայացուցիչները մեծ ոգեւորություն էին ապրում, որ այդ կարեւոր քայլը կատարեց մեր երկիրը, բայց երբ առանձին-առանձին զրուցեցինք նրանց հետ, պարզվեց՝ ոչ մեկը առանձնապես մեծ հույսեր չէր կապում այդ փաստաթղթի հետ, որովհետեւ բոլորն էլ գիտակցում են, որ եթե օրինապահ երկիր ունենայինք՝ նախ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը կպահպանեինք: ՄԱԿ-ի կոնվենցիայում ասվում է, որ հաշմանդամ մարդիկ պետք է տեղաշարժվելու իրավունք եւ ազատություն ունենան, պետք է մշակութային, կրթական հաստատությունները հարմարեցված լինեն եւ այլն: Բայց մեր հաշմանդամներն անգամ հարմարություն չունեն բազմաբնակարան շենքից ու շքամուտքից դուրս գալու, ուր մնաց թե հասնեն թատրոն, կինո կամ որեւէ բուհ: Բազմաթիվ բարձրահարկ շենքերում վերելակները չեն աշխատում, եթե նույնիսկ սայլակով տեղաշարժվող մարդը կարողանա մի կերպ թռիչքներ անել ու դուրս գալ շենքից, անգամ եկեղեցի մտնելու ու մի մոմ վառելու համար դարձյալ դժվարությունների առաջ է կանգնում: Հաշմանդամների տարրական իրավունքներն ամեն օր, ամեն քայլափոխի ոտնահարվում են ու որեւէ մեկը չի պատժվում դրա համար: Մեզ հետ զրույցում հաշմանդամ եւ սոցիալապես անապահով երեխաներին աջակցող «Էխո» հ/կ-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը, որը տեղաշարժվելու դժվարություններ ունի, պատմեց, որ երբ խստացրին ճանապարհային երթեւեկության կանոնները եւ պահանջեցին, որ հետիոտնը փողոցը հատի իր համար նախատեսված անցումով, ինքը խախտել է օրենքը եւ փողոցը հատել մեջտեղից. «Ճանապարհային ոստիկանն անմիջապես բռնեց, թե ակտ եմ կազմելու եւ այլն: Ինձ դա ահավոր զայրացրել էր, որովհետեւ պետք է ժամերով ոստիկանին բացատրեի, որ փողոցի անցումները հարմարեցված չեն սայլակի համար, ես ինչո՞ւ պետք է տուգանք վճարեմ»: Ս. Օհանջանյանը գտնում է, որ ՄԱԿ-ի կոնվենցիան իսկապես մեր հաշմանդամներին առանձնապես բան չի տա. «Մեր օրենքն էլ մի շարք արտոնություններ է սահմանում հաշմանդամի համար, դրանցից ո՞րն է պահպանվում, որ ՄԱԿ-ի պահանջը կատարվի: Այսօր բազմաթիվ հաշմանդամ երիտասարդներ աշխատանք չունեն, թեեւ համապատասխանում են ե՛ւ իրենց գիտելիքներով, ե՛ւ կարողություններով շատ հիմնարկներում նորմալ հաստիքի: Մինչդեռ, երբ դիմում են թափուր աշխատատեղի համար, նրանց գցում են արխիվ, ասում են՝ մենք ձեզ կկանչենք: Չի եղել դեպք, որ հետո զանգեն ու իսկապես կանչեն հաշմանդամին գործի: Վերջերս «Օրանժ» ընկերությունը մեր հ/կ-ից մի հաշմանդամի հրավիրեց աշխատանքի՝ փորձնական: Նա 2 ամիս աշխատեց, հետո ընկերությունը, պատճառաբանելով, թե դանդաղ եք շարժվում՝ ազատեց աշխատանքից՝ նրան վճարելով աշխատավարձի կեսը: Այնպես որ, այն լոզունգը, թե «ապրիր բոլորի պես, բոլորին հավասար», դա, ինչքան էլ երազենք, չի լինի, մենք չենք լինի բոլորին հավասար»:

Նշենք, որ հաշմանդամ անձանց զբաղվածության խնդիրներն իսկապես շատ խորն են մեր երկրում: Պաշտոնապես գրանցված 180 հազար հաշմանդամներից 114 հազարը աշխատունակ տարիքի է, բայց նրանց հազիվ 7-8 տոկոսն է աշխատում:

«Փյունիկ» բարեգործական հ/կ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանի խոսքերով՝ «Վերջերս ձեռքի խնդիր ունեցող մեր հաշմանդամներից մեկը, որը որակավորում ունեցող լավ մասնագետ է, դիմել էր, եթե չեմ սխալվում, բանկում աշխատանքի ընդունվելու համար, ինտերվյուն անցել էր, սակայն երբ իմացել են, որ նա ձեռք չունի՝ մերժել են: Մասնավոր հիմնարկներում միանգամից խտրական վերաբերմունք են ցույց տալիս հաշմանդամին գործի ընդունելու համար, հաշմանդամի մասին պատկերացումը թյուր է, մտածում են՝ հաշմանդամները խնամքի կարիք ունեն, եթե գործի ընդունեն՝ նա առողջության հետ կապված խնդիրներ առաջ կքաշի, բայց դա այդպես չէ: Մեր հ/կ-ն մեծ ջանքերի գնով է կարողանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տարբեր հիմնարկներում աշխատանքի ընդունել»:

Ինչ վերաբերում է կոնվենցիային միանալուն, Ռ. Սարգսյանի դիտարկմամբ՝ «Մեծ մտավախություն կա, որ այն կմնա թղթի վրա, եթե ինչ նախատեսվել է կոնվենցիայով՝ կատարվի, հաշմանդամներին այն շատ բան կտա: Սակայն խնդիրն այն է, որ մեր երկիրն այսօր չունի պայմաններ՝ հաշմանդամների նույնիսկ տարրական խնդիրները լուծելու համար, այս պահին հենց միայն տեղաշարժման մատչելիության հարցը չեն կարողանում լուծել՝ մնաց այլ՝ ավելի խորը հոգեբանական, սոցիալական պահանջներ, որոնք դրվում են երկրի առջեւ: Եթե գոնե հետեւեն միայն մեր քաղաքաշինության եւ կրթության օրենքներին՝ արդեն հաշմանդամների համար մեծ առաջընթաց կլինի եւ շատ հոգսեր կթեթեւանան»:

Սերյոժա Օհանջանյանը մեզ հետ զրույցում օրինակներ բերեց, որ թեեւ օրենքով հաշմանդամը պետական բուհում անվճար սովորելու արտոնություն ունի, սակայն նրանք, այնուամենայնիվ, ուսման համար վճարում են բոլորի պես. «Գյուղերում դեպք գիտենք, որ տեղաշարժվելու խնդիր ունեցող հաշմանդամ երեխային զոռով տարել են բանակ՝ ասելով՝ խի բանակում կարտոշկա մաքրող պետք չի՞: Այդ ընտանիքն այնքան վախեցած էր, որ թույլ չտվեցին մեր հ/կ-ն խառնվեր, էլ ի՞նչ կոնվենցիայի պահանջների մասին է խոսքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել