Լույս է տեսել «Հայ հոգեւոր երգերի ընտրանի» եւ «Հայ հոգեւոր երգերի ընտրանի. շարականներ» երկհատորյակը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի «Կոմիտաս» սրահում: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վաստակաշատ միաբան Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի հերթական այս ժողովածուն մեզանում կարելի է համարել երաժշտագիտական կարեւոր երեւույթ: Երկհատորյակում ներկայացված են հայ հոգեւոր երաժշտության լավագույն նմուշները՝ արդեն եվրոպական նոտագրությամբ: Միայն վերջին 10 տարիներին Արսեն սրբազանը 8 գիրք է հրատարակել, թողարկել 6 ձայնասկավառակ:
Գրքերի խմբագիրներն են «Կրթություն» շաբաթաթերթի խմբագիր Գագիկ Մինասյանը եւ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանը: Ինչպես նշեց Ա. Բաղդասարյանը, երկհատորյակի եղանակները քաղված են 1870-ական թվականներին Գեւորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ եւ հրամանով լույս տեսած 3 ժողովածուներից, որոնք հայ երաժշտագիտության մեջ համարվում են բնագրային: Այդ հատորները ձայնագրել է Նիկողայոս Թաշչյանը եւ դրանք անվանում են նաեւ թաշչյանական: Ժողովածուում ընդգրկված են հայկական եկեղեցական տոների, ծեսերի եւ պաշտամունքների առթիվ առավել հաճախ կատարվող շարականները: Երկհատորյակը հայ ուսանողներին կծանոթացնի հայ եկեղեցական երաժշտության ժանրերին, որոնք ներկայացված են ըստ բարդության՝ պարզից բարդ: