Հակառակ դեպքում՝ Հակադոպինգային ազգային ծառայությանը պետբյուջեից գումար կտրամադրեր
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում եւ ՀԱՕԿ-ում պաշտոնական նամակ է ստացվել Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի կազմկոմիտեից, որում իրազեկվում է, որ Խաղերի ընթացքում անցկացվել է 1231 դոպինգ թեստ, որից երկուսի արդյունքը դրական է եղել: Նրանք ըմբիշներ են՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Նուրբեկ Ակուլովը եւ 63 կգ-ում 5-րդ տեղը գրաված Ջոնի Պիլայը (Էկվադոր):
Իսկապես մտահոգիչ է, որ պատանիներն էլ մեծ սպորտ տանող ճանապարհի առաջին քայլերին արգելված դեղամիջոցներ են օգտագործում: Փաստը լուրջ ահազանգ է ինչպես բոլոր երկրների, այնպես էլ մեզ համար, որպեսզի դոպինգի դեմ պայքարը Հայաստանում պետականորեն գտնվի ամենաբարձր հիմքերի վրա: Սակայն Հակադոպինգային ազգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանի հետ զրույցը հակառակը ցույց տվեց:
– Ծառայությունը Հայաստանում երբվանի՞ց է գործում:
– Ըստ էության, 2009-ից: Մինչ այդ գործել է տարբեր անուններով, սակայն հիմնականում՝ թղթի վրա: Հետագայում այստեղ ուշադրությունը ոլորտի նկատմամբ այնքան նվազեց ու հասավ այն աստիճանի, որ 2007թ. դեկտեմբերին ՎԱԴԱ-ն ինձ նախազգուշական նամակ ուղարկեց, որ Հայաստանը խայտառակ վիճակում է, որ հայտնվել է, այսպես կոչված, «սեւ ցուցակում»: Հաջորդ տարվանից ամբողջ թափով սկսեց գործել Արեւելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպությունը, որի խորհրդի կազմի մեջ ենք մենք: Մտնում են նաեւ Ալբանիան, բալկանյան երկրները, նախկին ԽՍՀՄ-ից՝ Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Ի դեպ, այսօր մեր ծառայությունն այդ կազմակերպությունում ամենաակտիվներից եւ ամենակայացածներից մեկն է: Բայց՝ շնորհիվ մեր էնտուզիազմի:
– Ի՞նչ ասել է՝ ակտիվ եւ կայացած:
– Անցած տարվանից հանրապետությունում գործում է «Գրանցված թեստային ստուգումը»: Այսինքն՝ մեր լավագույն մարզիկները, որոնք, հնարավոր է, ռիսկային խմբի մեջ լինեն, տարեկան երեք-չորս անգամ պարտադիր դոպինգ ստուգում են անցնում: Խոսքը հիմնականում վերաբերում է հենակետային մարզաձեւերին՝ ծանրամարտին, ըմբշամարտին, բռնցքամարտին, ձյուդոյին եւ այլն: Նույն կերպ ստուգվում են նաեւ մյուս մարզաձեւերի հավաքականների առաջատարները: Ընդ որում, մեր մասնագետները (դոպինգ օֆիցերները) մարզիկներից նմուշները վերցնում են թե հավաքների ժամանակ, թե տեղերում մարզումների ընթացքում եւ թե տանը գտնվելիս, եւ սրվակներն ուղարկում Քյոլնի կամ Մոսկվայի լաբորատորիա:
– Մարզիկների ընտրությունն ի՞նչ սկզբունքով է կատարվում:
– Կոնկրետ ՖԻԼԱ-ն ինքն է մեր ծառայությանը պատվիրում՝ կոնկրետ ժամկետներով եւ ըմբիշների անուններով: Անցած տարի մի հետաքրքիր դեպք եղավ: Մենք Արթուր Շահինյան անունով մի ըմբիշ ունենք: Բնականից նրա տղամարդու սեռական հորմոնների քանակը սովորականից բարձր է: Դրա համար էլ խնդիրներ էին առաջանում: ՖԻԼԱ-ն դիմեց մեզ, որպեսզի թեստավորման ստանդարտների համաձայն՝ հաստատենք կամ մերժենք երեւույթը: Երեք մանրազնին ստուգում անցկացնելով՝ գիտականորեն հիմնավորեցինք, որ այդ մարզիկի մոտ ոչ մի դոպինգ չկա ու պաշտոնապես տեղեկացրինք ՖԻԼԱ-ին: Հիմա նրա անունը ՖԻԼԱ-ի հատուկ ցուցակում է եւ ըմբիշը մրցումների մասնակցելու խնդիրներ չունի: Այս դեպքից հետո ՖԻԼԱ-ն սկսեց վստահել մեզ, այդ թվում՝ նաեւ կարեւորագույն այնպիսի հարցերում, ինչպիսիք են, ասենք, միջազգային կարգի սպորտի վարպետների մեր ընտրությունը՝ դոպինգ ստուգում անցկացնելիս: 2009 թվականից սերտորեն համագործակցում ենք նաեւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ: Ստորագրված պայմանագրով նրանք մեզ ընդառաջ գնացին ու Քյոլնի լաբորատորիայի վճարումները մենք կատարում ենք մեծ զեղչերով:
– Մեր մյուս ֆեդերացիաների հետ աշխատանք կատարվո՞ւմ է:
– Եթե կա միջազգային կարգի մարզիկ, աշխատանք էլ կա: Աթլետիկայի ֆեդերացիայի հետ պայմանավորվածություն ունենք, ըստ որի, եթե միջազգային կարգի ցուցանիշ է լինում կամ սահմանվում է Հայաստանի ռեկորդ, արդյունքը չի հաստատվում՝ եթե տվյալ մարզիկը դոպինգ ստուգում չի անցել: Դե, օլիմպիական խաղեր մեկնող մեր մարզիկները գնալուց առաջ պարտադիր ստուգվում են: Դա նրանց էլ է հարմար՝ այն առումով, որ այդ դեպքում մեր տված փաստաթղթով օլիմպիական ավան մտնելիս նրանք տեղում պարտադիր ստուգումից ազատվում են:
– Ի՞նչ խնդիրներ կան, որ Հայաստանում լուծման անհրաժեշտություն ունեն:
– Կարելի է ասել, որ խնդիրներից բացի ուրիշ ոչինչ չունենք: Միջազգային մարզական կազմակերպությունների հավանությանն արժանացած բազմաթիվ պատրաստի ծրագրեր ունենք կազմած, մյուսների վրա աշխատում ենք: Դրանք իրականացնելու համար առաջին հերթին միջոցներ են անհրաժեշտ: Սակայն պետությունը, կառավարությունը բյուջեից ծառայությանը գումար չեն հատկացնում եւ, ինչպես երեւում է, ցանկություն էլ չունեն: Մեր եւ բոլոր ֆեդերացիաների երազանքը հանրապետության առաջնություններում, հատկապես՝ հենակետային մարզաձեւերի, պարտադիր դոպինգ ստուգում անցկացնելն է, որպեսզի անարժան մարզիկը, որը եթե ինչ-որ բան է արել, միջազգային մրցման չգնա: Այդպես անում են Ադրբեջանում, Վրաստանում: Հենց ըմբշամարտի մարզիչները հաճախ տրտնջում են, որ մարզիկը Հայաստանի առաջնությունում իրեն լավ է դրսեւորել, դարձել է չեմպիոն, սակայն միջազգային մրցման մեկնելով՝ առաջին իսկ գոտեմարտում պարտվում է: Կամ ինչպե՞ս է պատահում, որ աթլետը երկրի առաջնությունում ցատկում է, ասենք, ութ մետր, բայց դրսում այդ արդյունքին չի էլ կարողանում մոտենալ: Այսինքն՝ մարզիչների (հատկապես՝ հավաքականների) ամիսների աշխատանքը ի չիք է դառնում, ջուրն է ընկնում: Այս օրինակները տարածվում են բոլոր մարզաձեւերի վրա: Ուրեմն խնդիրն իսկապես կա եւ գուցե մեր մշտական վերահսկողությունն է պակասում: Ավելին ասեմ. օլիմպիադայից առաջ ֆինանսների նախարարությունից զանգում ու հարցնում են. «Էդ որ մինչեւ հիմա չենք արել, ի՞նչ է եղել: Հիմա ինչի՞ որոշեցիք դոպինգ ստուգումներ անել»: Դե արի ու բացատրիր, որ չենք արել, դրա համար էլ բռնվել ենք ու տվյալ ֆեդերացիան էլ տուգանք է մուծել: Մեր մարզիչների, մարզիկների ու բժիշկների ճնշող մեծամասնությունը դոպինգի մասին աննշան պատկերացում անգամ չունի: Դրանում համոզվել ենք մեր կազմած ու բաժանած հարցաթերթիկների պատասխաններն ամփոփելով: Ինչպե՞ս իմանան, երբ համապատասխան գրականություն տպագրելու եւ տարածելու փող էլ չկա: Լավ է, որ կան հատ ու կենտ մարզիչներ, օրինակ՝ Լեւոն Ջուլֆալակյանը, մարզիկներ՝ աշխարհի չեմպիոն մեր երկու ծանրորդները, որոնք մանրուք թվացող ցանկացած հարցում, օրվա որ ժամն էլ լինի, զանգում եւ խորհրդակցում են: Ջուլֆալակյանը, օրինակ, իրեն անծանոթ վիտամինն անգամ մարզիկին չի տա, մինչեւ մեզ տեղյակ չպահի, իսկ Տիգրանն ու Նազիկը գիշերվա կեսին զանգում ու հարցնում են, թե իրենց այսինչ դեղը կամ բուժումն են նշանակել՝ դա կարելի՞ է օգտագործել: Բայց սրա հակառակն էլ կա: Օրինակ, այս տարի ԱԻԲԱ-ն մեզ տեղեկացրեց, որ դոպինգ օֆիցեր է գալիս Ծաղկաձորում գտնվող հավաքականի անդամների ստուգումն անցկացնելու: Բայց պարզվեց, որ ֆինանսները չբավականացնելու պատճառով հավաքը կիսատ է մնացել, եւ մարզիկներն ազատ են արձակվել: ԱԻԲԱ-ում այդպիսի բաներ չեն հասկանում:
Թվարկածս՝ մեր հակադոպինգային ծառայության գործառույթների մի մասն է միայն: Իրականում մեր աշխատանքը բազում շերտեր ունի, որոնց, եթե հարմար գտնեք, կարելի է հետո էլ անդրադառնալ: Այսօր մեր օլիմպիական կոմիտեն առաջադրանք է տվել մեզ՝ փնտրել եւ գտնել գերժամանակակից վերականգնիչներ, որոնց օգտագործումը թույլատրվում է: Դրա համար հարկավոր է գնալ, տեսնել, ծանոթանալ, բանակցել… Բայց ի՞նչ միջոցներով: Գիտե՞ք, որ կա մարզական էլեկտրական հատուկ սավան, որի վրա պառկելով՝ մարզիկը մոտ 30%-ով ավելի արագ է վերականգնում ուժերը: Այդ սավանն անգնահատելի կլինի հատկապես ծանրորդների, ըմբիշների, ձյուդոիստների համար: Վերջնական արդյունքի տեսանկյունից դա շատ թանկ հաճույք չէ եւ ոչ էլ՝ էժան: Բայց նախ պետք է դա տեսնել ու փորձարկել:
Լոզանում վերջերս համաժողով էր լինելու, որին մասնակցելու հրավեր ստացել ենք: Սակայն պարզվում է, որ օրենքի ինչ-որ կետով մեկնելու իրավունք չունենք՝ վարչապետի թույլտվություն է անհրաժեշտ: Իսկ այդ համաժողովը մեզ, նկատի ունեմ թե մեր ոլորտին, թե պետությանը, շատ օգտակար կլիներ: Իսկ որպեսզի պատկերն ամբողջական լինի, ասեմ, որ Վրաստանի համանման ծառայությանը պետությունը բյուջեից հատկացնում է տարեկան $50 հազար, Ադրբեջանը՝ $500 հազար: Իսկ մեր ծառայության բյուջեն զրո է: Ադրբեջանում օրենք էլ կա. մարզիկը, եթե դոպինգ ստուգումը լրիվ չի անցել, սպորտի վարպետի կրծքանշան չի ստանում:
– Այդ ճահճից ելքի միջոց չե՞ք տեսնում:
– Պետությունից ինչ-որ բան ակնկալելը, ըստ երեւույթին, գոնե հիմա՝ բացառվում է: Բայց Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամ է խնդիրը լուծել: Այս պահի դրությամբ նախարարության հաշվեկշռից դուրս գալու եւ ՀԱՕԿ տեղափոխվելու տարբերակն է մնում:
– Դա հնարավո՞ր է:
– Կարծում եմ՝ այո: Բայց դրա համար նախ պետք է եղած կառույցը լուծարվի եւ ստեղծվի նորը: Կա նաեւ միջանկյալ լուծման տարբերակ: Մեր կենտրոնը մնում է, իսկ առաջիկա օլիմպիական խաղերի համար ՀԱՕԿ-ում ստեղծվում է այլընտրանքային հակադոպինգային ծառայություն:
Մի բան էլ ասեմ: Հայաստանն այսօր աշխարհում միակ երկիրն է, որտեղ սպորտային բժշկությունը եւ հակադոպինգային ծառայությունը միավորված են: Այսօրվա պահանջներով դա աբսուրդ է: Հակադոպինգային ծառայությունը սպորտային բժշկության վերահսկող մարմինն է: Ճիշտ է, այդ համատեղության համար ներկայումս պաշտոնյաներն ինձ են մատնացույց անում, բայց դա եղել է 1996 թվականից առաջ, երբ սպորտային բժշկությունն ու հակադոպինգային ծառայությունը նոր էին մտնում Հայաստան եւ դա անհրաժեշտ քայլ էր, որպեսզի նորանկախ Հայաստանի մարզիկները կարողանան ինչ-որ կերպ նախապատրաստվել Ատլանտայի օլիմպիական խաղերին: