Արենիի պեղումները շարունակում են զարմացնել
«Ամեն տարվա պեղումները փոխում են մեր պատկերացումները Արենի գյուղի քարայրի մասին. եթե նախորդ տարի մտածում էինք, որ հետեւի հատվածը արտադրական համալիր էր, այսօր արդեն ուսումնասիրված անոթները հուշում են, որ այն ծիսական մեծ նշանակություն ունեցող վայր է եղել: Բացահայտեցինք, որ անոթներում մարդիկ են թաղված եւ, ի դեպ, նրանց մնացորդները լավ պահպանված են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմում էր ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը: Նա մանրամասնում է. «Մի անոթի մեջ երեք թաղում կար՝ երեխաների ու մեծահասակների, երեխաներից մեկի գանգամաշկը մազերով ամբողջությամբ պահպանվել է, ինչը մեզ թույլ կտա պարզելու այդ դարաշրջանի մարդու գենետիկ կոդը: Նման բացահայտում միայն Իռլանդիան է կատարել՝ պարզելու 6000 տարի առաջ ճահճից հայտնաբերված մարդու գենետիկան»: Պարոն Գասպարյանը նաեւ նշեց, որ փորձաքննությունը թանկ հաճույք է՝ 60 000 եվրո արժե. «Այդպիսի գումար գտնելը հնագետի համար շատ դժվար է, դրա համար ազգովի պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք դա ունենալ, թե՞՝ ոչ»: Ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ տեղեկացրեց մեկ այլ կարեւոր գտածոյի մասին. «Գտել ենք մումիաֆիկացված այծի ուղիղ կեսը՝ շատ լավ պահպանված վիճակում: Երեւի զոհաբերության հետ կապված մի բան է: Կարծում ենք՝ սա եգիպտական ամենահին մումիայից մոտ 1200 տարով էլ հին պետք է լինի, եթե հաստատվի դրա հնությունը: Մի խոսքով, 4-րդ հազարամյակի անգնահատելի գտածո ունենք: Այսպիսի շանս պատմությունը տալիս է մեկ անգամ»: Արշավախմբի ղեկավարն ասաց, որ առաջիկայում կհրապարակեն Ք. ա. 4-րդ հազարամյակի արվեստին վերաբերող հետաքրքիր տվյալներ. «Եղեգնից պատրաստված զարդանախշ կիսաշրջազգեստը, որը շատ լավ է պահպանվել, հստակ պատկերացումներ է տալու գործվածքների ու հագուստների մասին»:
Պ. Ավետիսյանը բացատրեց, թե ինչքան կարեւոր նշանակություն ունեն այդ գտածոները. «Հին մարդու հագուկապի մասին շատ քիչ բան գիտենք, Վանի թագավորության ժամանակաշրջանից հազարավոր տարիներ առաջվա հագուստի օրինակներ ենք հայտնաբերել, վերջերս բացահայտած տրեխից էլ հին հագուստների տեսակներ ունենք: Եղեգնյա այս կիսաշրջազգեստը, ամենայն հավանականությամբ, աշխարհի ամենահին հագուստի նմուշներից է»: Նա նաեւ նշեց, որ չնայած քարայրը զբոսաշրջիկների համար թույլատրելի ու սիրված վայր էր, բայց մտավախության պատճառով, որ հաճախակի այցելությունները կարող են շատ արժեքավոր գտածոներ վտանգի տակ դնել, ժամանակավորապես արգելել են այցելուների մուտքը. «Երբ պեղումներն ավարտենք, այն կգործի որպես թանգարան ու ազատ կլինի զբոսաշրջիկների այցելության համար»: