Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՅՈՒՐՈԿՐԱՏ», ԲԱՅՑ ԳՐԱԿԱՆ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Նոր գրախանութ, որտեղ ավանդույթ է դառնալու մշակութային միջոցառումների անցկացումը

\"\"
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը համոզված է, որ ինտերնետն էլ ընդգծում է գրքի հետ շփվելու հմայքը:

Սրճարանների, ռեստորանների, խանութների եւ նման այլ հաստատությունների բացման այսօր հաճախ կարելի է ականատես լինել, գրախանութի բացման՝ լավագույն դեպքում՝ տասնամյակը մեկ: Օրերս Պուշկին-Սարյան խաչմերուկում բացված «Բյուրոկրատ» գրախանութը գրքասեր մտավորականների համար իսկական տոն էր: Բացումն ազդարարվեց Կոստան Զարյանի «Անցորդը եւ իր ճամփան» համայնավեպի շնորհանդեսով: Նորաբաց գրախանութում մեծ տեղ է տրված արվեստին, ճարտարապետությանը, գիտական, փիլիսոփայական եւ մանկական գրականությանը, վաճառվում են նաեւ ռուսերեն եւ անգլերեն աուդիոգրքեր, մի քանի հայկական աուդիոգրքեր էլ գրախանութի հիմնադիրն ինքն է պատրաստվում թողարկել: Բացի այլալեզու գրքերից, «Բյուրոկրատում» լինելու է նաեւ հայերեն գրականություն, բացառությամբ գեղարվեստականի, որը կլինի հիմնականում ռուսերեն:

«Առավոտի» հետ զրույցում «Բյուրոկրատի» հիմնադիր Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ հաճախակի տեղի են ունենալու շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ: Նրան ամենից հաճախակի տրվող հարցն է՝ ինչո՞ւ է որոշել հագուստի խանութը գրախանութ դարձնել: «Ասացի՝ եկեք մի անտրամաբանական բան անենք եւ լավ ավանդույթի սկիզբ դնենք: Նպատակս շահույթը չէ, այլ օգտակար որեւէ բան անելը, հնարավոր է, որ մեկ տարի անց նաեւ շահույթ լինի»,- ասում է երիտասարդ հիմնադիրը: «Բյուրոկրատի» պատին ամեն ոք կարող է գրել, թե ինչ գիրք է ցանկանում տեսնել գրախանութում: Ի դեպ, մի քանիսն արդեն գրել էին՝ «Վանո Սիրադեղյանի «Երկիր ց՛պահանջը»:

«Պրինտ Ինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանի խոսքով՝ «Վերջին տասնամյակների ընթացքում մեր ջրաղացի քարը հակառակ ուղղությամբ է պտտվում: Նման գրախանութը սեպ է ջրաղացի քարի արանքում, որ անկումը գոնե մի պահ կանգ առնի»: «Առավոտի» հետ զրույցում «Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանը, խոսելով ընթերցանության պակասի մասին, նշեց. «Մեզանում ընթերցողների թվի նվազումը նաեւ արհեստական բնույթ է կրում, որովհետեւ արհեստականորեն փակվեցին գրախանութները, դժվարեցվեց գրահրատարակչությունը, տպագրությունը, չկա հարկային համապատասխան քաղաքականություն, մինչդեռ հարկային արտոնություններ, հատկապես փոքր երկրներին, անհրաժեշտ են»: Մեր զրուցակիցն աղետ է համարում Հայաստանում վերջին 20 տարում գրախանութների փակումը. «Այսպիսի անբարենպաստ պայմանները եւ մեր իշխանությունների անհեռատես հակամտավորական, հակաինտելեկտուալ, հակամշակութային պահվածքը հանգեցնում է նրան, որ մեր երկրում ընթերցողների օբյեկտիվ թիվը տասնապատիկ պակաս լինի, քան կարող էր լինել… Ցավոք, տպագրված գրքերը չեն հասնում ընթերցողին, գրադարանները չեն համալրվում, եղած գրքերը փչանում են, հակասանիտարական վիճակ է: Մարզերում գրախանութ չկա, ոչ թե անհատը, այլ պետությունը նման հարցերը պետք է կարգավորի: Իշխանությունները, այդ ոչ բարի պտուղները՝ լինի X –ը, թե Y-ը, պիտի հասկանան, որ այսպես շարունակվելու դեպքում կիրթ սերունդ աճեցնելու շանս չենք ունենա: Դա կլինի Հայաստանի աղետը…»:

«Առավոտը» զրուցեց նաեւ գրախանութի բացմանը ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Նա կարծում է, որ գրքի եւ ինտերնետի միջեւ մրցակցությունն անվերջ է, բայց վստահ է՝ ինքն ու իր սերնդակիցները նախընտրելու են գիրքը. «Ինտերնետն ամեն ինչ անում է, որ նույնիսկ զգաս գրքի հետ շփվելու հմայքը, այն բոլոր առավելություննները, որ կապված է գրքի հետ, էջ թերթելը, էջառէջ շոշափելը»: Ինչ վերաբերում է ընթերցողների պակասին, մաեստրոն կարծում է. «Ինչպես գրքի կամ երաժշտության, այնպես էլ ամեն հոգեւոր արժեքի հետ կապված կասկած չունեմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, ուղղակի մենք այժմ փոթորիկի, անցումային շրջանի մեջ ենք: Այդ փոթորիկն իր հետ ինչ-որ բաներ տանում ու բերում է»: Տ. Մանսուրյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է կարծում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման մասին: Նա կտրականապես դեմ է քննարկվող օրինագծին, գտնում է, որ վտանգվում է հայերենը. «Կողմ եմ, որ հայեցի կրթություն լինի եւ ուշադրություն դարձվի բոլոր այն լեզուներին, որոնց պահանջը մեր իրականությունն իր առջեւ դնում է: Ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը կամ չինարենը, այսպես թե այնպես, պիտի մտնեն մեր դաշտ, եւ մենք պետք է պահանջ ունենանք, օրինակ, չինարեն, ճապոներեն իմացողների, դրանք հսկայական մշակույթի լեզուներ են, բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետք է մասնատվենք մեր մեջ եւ բաժանվենք լեզուների պատկան մի ժողովրդի: Կոմունիստները կործանեցին հրաշալի ճարտարապետական կոթողներ, եկեղեցիներ եւ այլն, Սեւանի հերն անիծեցին եւ սրանց շարքին 3-րդ ամենամեծ ավերը, որ կարող է լինել՝ կրթության համակարգը վերանայելն է»: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի ուժին նա հավատում է, կարծում է, որ օրինագիծը չի ընդունվելու, պատմությունը ստիպելու է այն խմբագրել. «Ախր սա այնքան անհեթեթ, անհասկանալի տրամաբանության վրա գոյացած միտք է, որ չես հասկանում՝ ծիծաղե՞ս, լացե՞ս, զարմանա՞ս, ինչպես կարող է խելոք մարդը, որ հասնում է մինչեւ նախարար կամ պետական մարմին, այս տեսակ բան մտածի, այն էլ՝ անկախության օրերին: Ո՞վ է ստիպում, եղբայր, որ հրաժարվես քո լեզվից: Դա դիվային խաղ է, ստրկացում, ուրիշ ոչինչ, պետք է դիմադրե՛լ ստրկանալուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել