Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ԶԻՆԱԿԻՑԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՄԱՀԱՊԱՏԺԻ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Իրաքի Գերագույն դատարանը երեքշաբթի մահապատժի է դատապարտել այդ երկրի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզին՝ 1999թ.-ին շիա-մահմեդականների նկատմամբ իրականացված հաշվեհարդարին՝ սպանություններին մասնակից լինելու համար: Այդ մասին, Trend-ի մատուցմամբ, հայտարարել է Իրաքի պետական հեռուստաընկերությունը:

Թարիք Ազիզը երկար տարիներ եղել է իրաքյան ղեկավարության առանցքային դեմքերից մեկը եւ համակարգել է արտաքին քաղաքական խնդիրները: 2003թ.-ին, իրաքյան պատերազմի ավարտից հետո նա կամավոր հանձնվել էր ամերիկյան հրամանատարությանը, քանի որ համարել էր, թե որեւէ առնչություն չունի Սադամ Հուսեյնի ռեժիմի իրականացրած հանցագործություններին: 2009-ին իրաքյան դատարանն արդեն Ազիզին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման՝ 1980-ականներին երկրի հյուսիսից քրդերի բռնի տեղահանմանը առնչություն ունենալու համար: Բացի այդ, նախկին փոխվարչապետին մեղադրանք էր առաջադրվել 42 առեւտրականի սպանության համար:

Վերջիններս մահապատժի էին ենթարկվել 1990-ականներին՝ տնտեսական շրջափակման պայմաններում մթերքի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձի համար:

Նախկին փոխվարչապետի հարազատներն ու փաստաբանը բազմիցս են խնդրել նրան բանտարկությունից ազատել՝ վկայակոչելով Ազիզի առողջական վատ վիճակը. հիվանդ թոքեր, շաքարախտ, հիպերտոնիա, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ: Սակայն դատարանը համարել էր, որ վատառողջ լինելը մարդուն պատասխանատվությունից չի ազատում: 2010թ. հունվարին Ազիզը կաթված էր ստացել, որի արդյունքում կորցրել էր խոսելու ունակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել