Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի նոր իշխանությունները ընդդիմության հանդեպ բարեհաճ են եղել

Հոկտեմբեր 27,2010 00:00

Մոսկվայի նոր իշխանությունները համաձայնել են հոկտեմբերի 31-ին թույլատրել Տրիումֆալնի հրապարակում ժողովների պաշտպանությանը նվիրված ակցիայի անցկացումը՝ պայմանով, որ դրան մասնակցի ոչ ավելի, քան՝ 1000 մարդ: Մայրաքաղաքային իշխանությունների այդ որոշման մասին Մոսկվայի կառավարության ներկայացուցիչները փոխանցել են «Ռազմավարություն 31» ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւային:

Իրավապաշտպանին ոգեւորել է Մոսկվայի քաղաքապետարանի այդ նախաձեռնությունը, բայց նա շեշտել է, թե դրան պետք է հավանություն տան նաեւ մյուս կազմակերպիչները՝ ընդդիմադիր «Ուրիշ Ռուսաստան» դաշինքի առաջնորդ Էդուարդ Լիմոնովն ու «Ձախ ճակատ» շարժման ներկայացուցիչ Կոնստանտին Կոսյակինը:

Ալեքսեեւան ասել է, թե հոկտեմբերի 31-ի արդեն արտոնված հանրահավաքը կլինի հանրահավաքի ձեւաչափով, որտեղ կլինեն ելույթներ, պաստառներ, բարձրախոսներ: «Ինձ խոստացել են, որ ոստիկանությունը չի խոչընդոտի հանրահավաքի անցկացմանը»,- BBC-ին ասել է Ալեքսեեւան:

Ակցիայի մասնակիցների թվի շուրջ դրա նախաձեռնողների միջեւ որոշակի տարակարծություններ են առաջացել: Ի տարբերություն Ալեքսեեւայի, որը համաձայն է, որպես առաջին քայլ, ընդունել Մոսկվայի քաղաքապետարանի առաջարկությունը, ակցիայի մյուս կազմակերպիչները՝ Լիմոնովն ու Կոսյակինը, գտնում են, որ հանրահավաքին պետք է մասնակցի 1,5 հազար մարդ, որովհետեւ, նրանց կարծիքով, հենց այդքան մարդ է, որ ավանդույթի համաձայն մասնակցում է ամեն ամսվա 31-ին անցկացվող ակցիաներին:

Ակցիայի կազմակերպիչները որոշել են քաղաքապետարանին մի փաստաթուղթ ներկայացնել, որում կառաջարկվի համաձայնության գալ ակցիան արտոնել 1,5 հազար մարդու մասնակցության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել