Հատուկ տրիբունալի կողմից Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով հրապարակվելիք մեղադրականը կարող է այդ երկրի համար աղետալի հետեւանքներ ունենալ: Trend-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը «Ալ-Հայաթ» սաուդյան թերթին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Տեղեկությունները, թե 2005թ. փետրվարին Բեյրութում սպանված լիբանանցի հայտնի քաղաքական գործչի սպանության գործի բացահայտման համար հատուկ ստեղծված տրիբունալը կարող է մոտ ապագայում հրապարակել իր մեղադրականը՝ Լիբանանում արդեն իսկ քաղաքական լարվածություն են առաջացրել: Այդ երկրում մտավախություն կա, որ եթե մեղադրանք առաջադրվի շիաների «Հըզբոլլահ» շարժման անդամներին, ապա դա կարող է հանգեցնել շիաների եւ սունիների միջեւ բախման: Հիշեցնենք, որ սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրին սունիների առաջնորդն էր:
Բաշար Ասադի ասելով, խոսքը գնում է «կոնֆեսիոնալ սկզբունքով տարանջատված երկրում իրականացված «ազգային մասշտաբի հանցագործության մասին», եւ այդ պարագայում տրիբունալի կողմից առաջադրված մեղադրականը, Սիրիայի առաջնորդի մատուցմամբ, «Լիբանանին կարող է ընկղմել քաոսի մեջ եւ աղետալի լինել բոլորի համար: Դա կարող է քանդել երկիրը»:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա, Բաշար Ասադի ասելով, երկիրը չի տիրապետում Հատուկ տրիբունալի կողմից հրապարակվելիք մեղադրանքին վերաբերող որեւէ տեղեկատվության՝ համարելով, որ դա «բացառապես լիբանանյան գործ է»: Նա նաեւ հերքել է իր եւ Լիբանանի ներկայիս վարչապետ, Ռաֆիկ Հարիրիի որդու՝ Սաադ Հարիրիի միջեւ որեւէ խնդիր լինելու հանգամանքը: «Սիրիայի դռները Լիբանանի վարչապետի առաջ բաց են»,- ասել է Սիրիայի առաջնորդը՝ հավելելով, թե «Սաադ Հարիրին այսօր միակ մարդն է, որ կարող է գլուխ հանել Լիբանանում առկա իրավիճակից»: