Իրանը սկսել է միջուկային վառելիքով Բուշերի առաջին ԱԷԿ-ի լիցքավորումը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է այդ երկրի պետական անգլալեզու հեռուստաընկերությունը: Իրանը հաստատում է, որ Ռուսաստանի աջակցությամբ ավարտին հասցված եւ 1000 մեգավատ հզորությամբ ԱԷԿ-ը էլեկտրաէներգիա կարտադրի արդեն 2011թ. սկզբին:
Իրանի իշխանությունները Բուշերի կայանի շահագործումը համարում են ցուցադրությունն այն բանի, որ երկրի միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների իրագործմանը, թեեւ Արեւմուտքը Թեհրանին մեղադրում է ատոմային ռումբ ստեղծելու ցանկության մեջ: Բուշերի ԱԷԿ-ի վառելիքով լիցքավորելու աշխատանքները սկսվել էին դեռ օգոստոսի 21-ին, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը հետաձգվել էր ԱԷԿ-ի համակարգիչներում վիրուսի հայտնաբերման պատճառով: Էներգաբլոկն առայժմ կշահագործվի նվազագույն հսկողության մակարդակով: Ռեակտորը 100 տոկոսով կշահագործվի արդեն 2011թ. գարնանը: