Խոսուն փաստեր՝ մի հետազոտությունից
«Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը կատարել է մի հետազոտություն՝ «ՀՀ կառավարության գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները եւ զարգացման ռազմավարական առաջարկները», որը տեղադրված է գործադիր մարմնի gov.am կայքում: Ըստ այդ փաստաթղթի, ՀՀ առաջնային հիմնախնդիրներն են գործազրկությունը, աղքատությունը, ցածր կենսամակարդակը, բարձր հարկերը, կոռուպցիան եւ այլն:
Որքա՞ն հաճախ են խախտվում օրենքները պետական հաստատություններում: 1-10 միավորանոց սանդղակով գնահատվելու դեպքում պատկերը հետեւյալն է՝ բուհեր՝ 6%, հարկային մարմիններ՝ 5,9%, դատաիրավապահ համակարգ՝ 5,9%, բուժհաստատություններ՝ 5,7%, ճանապարհային՝ 5,4%, կադաստր՝ 5,3%, դպրոցներ՝ 5,2%, զինկոմիսարիատներ՝ 4,9% եւ ՏԻՄ՝ 3,9%: Ըստ հարցման արդյունքների, 35,8%-ի կարծիքով՝ դպրոցներում, 48,4%-ի կարծիքով բուհերում են օրենքները հաճախակի խախտվում, բուժհաստատությունների մասին այդպես է մտածում 45,1%-ը, հարկային մարմիններում 47,8%-ը, դատաիրավականում՝ 48,5-ը եւ այլն:
Պետական մարմիններում վերջին մեկ տարվա ընթացքում կաշառակերության մակարդակը նվազե՞լ է, աճե՞լ, թե՞ մնացել նույնը: 30,1%-ը գտնում է, որ դպրոցներում մնացել է նույնը, բուհերի մասին այդ կարծիքն ունի 36,9%-ը, մոտավորապես նույնն է վիճակը հարկային մարմիններում եւ բուժհաստատություններում: 44,9%-ը կադաստրի մասին մտածում է, թե ոչինչ չի փոխվել կաշառակերության առումով: 17,9%-ը վերջին անգամ շփվելով դպրոցի հետ, եկել է այն համոզման, որ դպրոցներում ոչ մի կոռուպցիա էլ չկա, բուհերի մասին դրական է տրամադրված 6,9%-ը: 23,2%-ի կարծիքով կոռուպցիան աճել է դպրոցներում, բուհերի հետ վերջին անգամ շփված 37,1%-ի կարծիքով՝ բուհերում: 32,7%-ը վստահ, է որ կոռուպցիան աճել է ճանապարհային ոստիկանության համակարգում, 6,6%-ն էլ, ընդհակառակը, գտնում է, որ այս համակարգում կոռուպցիա չկա: Հարկային մարմինների հետ վերջերս շփվածների 39,6 %-ը կոռուպցիայի աճ է տեսնում: 41,1%-ը նույն կարծիքին է դատաիրավական համակարգի, 35,1%-ը զինկոմիսարիատների մասին:
Անարդարությունները՝ ըստ ոլորտների: Այս վերնագրի տակ «լավագույն» վեցյակում են առողջապահությունը՝ 25%, դատաիրավական համակարգը՝ 19,7%, կրթությունն ու գիտությունը՝ 14,7%, հարկային եւ մաքսային մարմինները՝ 10,5%, ոստիկանությունը՝ 9,4%, բուհերը՝ 8,1%: Կոնկրետ կրթության ոլորտում անարդարության դրսեւորումները, ըստ ոլորտների՝ հետեւյալ տեսքն ունեն. կաշառակերություն, դրամահավաք, ստիպողաբար գրքերի գնում, որոնք հետո չեն օգտագործվում, հարկադիր արտաժամյա պարապմունքներ, օրենքների բացակայություն, չկիրառություն եւ անհիմն աշխատանքից ազատում: Բուհերի մասով անարդարությունների ցանկը այսպես է դասավորված՝ կաշառակերություն, ընդունելության քննությունների համար գումարի պահանջ, անհավասար վերաբերմունք եւ դարձյալ աշխատանքից ազատում՝ անհիմն պատճառներով:
Հետաքրքիր տվյալներ կան օտարալեզու կրթության վերաբերյալ: Ըստ հետազոտության, Երեւանում օտարալեզու դպրոցների բացման հանդեպ դրական է տրամադրված 66,8%-ը, մարզերում՝ 77,6%-ը: Բացասական տրամադրվածների 70,5%-ը համարում է, որ օտարալեզու դպրոցների բացումը հայրենասիրական քայլ չէ, վնասում է ազգապահպանությանը, ըստ դրական տրամադրվածների 62,1%-ի՝ օտար լեզու իմանալը կարեւոր է, 10,4%-ի կարծիքով՝ այդպես ավելի հեշտ կլինի արտասահմանում հաստատվելը: