Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԿԵՐՏՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՆ

Հոկտեմբեր 27,2010 00:00

85-ամյա դպրոցում սովորում են ապագա «սալդաթներն» ու գիտնականները

\"\"
Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի 4-րդ դասարանցիներ Աշոտն ու Էրիկը՝ ապագա բժիշկն ու զինվորականը:
Նրանց դասարանում սովորում է 31 երեխա:

\"\"
Իսկ այս տղաները՝ Սասունը, Լեւոնն ու Հարությունը, սովորում են նույն դպրոցի 5-րդ եւ 3-րդ դասարաններում:
Նրանցից երկուսը երազում էր «սալդաթ» դառնալ, իսկ երրորդը՝ «կամ դիվանագետ, կամ գիտնական»:

\"\"
Թիվ 1 դպրոցի հին մասնաշենքում սովորում է դպրոցի 1100 աշակերտներից 700-ը:

\"\"
Դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը նաեւ ԼՂ ԱԺ պատգամավոր է:

Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցն այս տարի տոնեց իր հիմնադրման 85-ամյակը: Հոբելյանական տարելիցի կապակցությամբ դպրոցը ԼՂՀ կառավարությունից եւ «Լինսի» հիմնադրամից հրաշալի նվեր էր ստացել՝ մի նորակառույց մասնաշենք:

Այսօր Արցախի մայրաքաղաքի՝ աշակերտների քանակով ամենամեծ դպրոցում սովորում է 1100 աշակերտ: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց դպրոցի երկարամյա տնօրեն, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Ռոմելա Դադայանը՝ ներկայումս նրանցից 400-ը սովորում է նոր մասնաշենքում, մյուսները՝ հնում. «Աշակերտների քանակը մեծ էր, եւ մենք ստիպված երկու հերթով էինք դասերն անում, երեխաներին էլ էր անհարմար, ուսուցիչներին էլ: Պատկերացրեք, որ «ա»-ից մինչեւ «ե» դասարաններ ունենք բոլոր դասարաններում: Աճը հատկապես զգացվում է 1-4-րդ դասարաններում, որտեղ սովորում է 570 աշակերտ: Բացի այդ, ունենք նաեւ երեք նախապատրաստական դասարան՝ 75 աշակերտով: Այս տարվանից մենք հիմնական դպրոց ենք դարձել, քաղաքում կա երկու ավագ դպրոց՝ մեկը քաղաքի վերեւի հատվածում, մյուսը՝ ներքեւի, որպեսզի աշակերտներին հարմար լինի հաճախելը»:

Տիկին Դադայանը թիվ 1 դպրոցում աշխատում է արդեն 32 տարի, որից 16-ը՝ որպես տնօրեն: «Այս տարի մարտին նշվեց մեր քաղաքի՝ Ստեփանակերտ անունը կրելու 87-ամյակը, որից երկու տարի հետո հիմնադրվել է մեր դպրոցը: Մեր նախկին շենքը հրապարակի վրա էր՝ ներկայիս «Արմենիա» հյուրանոցի եւ Ազգային ժողովի շենքի տեղը: 1988թ. երկրաշարժն այստեղ մի փոքր զգացվեց, եւ դպրոցը ճաք էր տվել, քանի որ հին շենք էր: 1989 թ.-ին, երբ Արցախում Մոսկվայից նշանակված ժամանակավոր ղեկավարությունն էր՝ Արկադի Վոլսկու ղեկավարությամբ, որոշեցին, որ շենքը հին է եւ չարժե այդտեղ ուսումնական պարապմունքներ անցկացնել, ու մեզ տեղափոխեցին այլ շենք: Հին շենքը քանդեցին, եւ խոստացան վեց ամսում մեզ նոր շենք տալ, բայց պատերազմ սկսվեց, իրավիճակը բարդացավ, ու մենք բնավեր հավքի նման այս ու այն կողմ նետվելով՝ հանգրվանեցինք տարբեր տեղերում, մինչեւ վերջապես եկանք այստեղ: Նախկինում այս շենքը ադրբեջանական դպրոց էր, իսկ պատերազմից առաջ էլ՝ 1989-91թթ., ռուսական դպրոց էր, որտեղ սովորում էին Ադրբեջանի տարբեր տեղերից եկած երեխաները: Հետո նրանց տեղափոխեցին այլ տեղեր, այս շենքը վերանորոգեցին եւ 1994թ.-ից մեզ տվեցին, եւ արդեն 16 տարի է՝ այստեղ ենք»,- դպրոցի պատմությունը ներկայացրեց տնօրենը:

Ընդհանուր առմամբ Ստեփանակերտում գործում է 12 դպրոց՝ գումարած Երեւանի Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցի մասնաճյուղը: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտները կամ գնում են ավագ դպրոց, կամ բժշկական ուսումնարան, երաժշտական քոլեջ, գյուղատնտեսական քոլեջ, ատաղձագործական քոլեջ: Ըստ տիկին Դադայանի՝ երեխաների թվի աճը կապված է նրա հետ, որ արցախցիները սկսել են ավելի շատ երեխաներ ունենալ, չէ՞ որ 6-րդ երեխայի ծնվելուց հետո ընտանիքը երեքսենյականոց բնակարան է նվեր ստանում կառավարությունից: Բացի այդ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր Ստեփանակերտից արտագաղթն ավելի փոքր է, քան նախկինում. «Քիչ են արտագաղթում, մնում են, բացի այդ՝ ներքին միգրացիա կա, գյուղերից անընդհատ հոսք կա դեպի քաղաք, բայց ամենակարեւորը՝ ծնունդներն են շատացել»:

Տիկին Դադայանն ասում է, որ կադրային խնդիր չունեն, դեռ ավելին՝ աշխատուժի ավելցուկ է նկատվում. «Նույնիսկ գյուղերում գրեթե ուսուցչի կարիք չկա: Իհարկե, երբեմն լինում է որոշ մասնագետների կարիք: Դա էլ նրանից է, որ ուսանողները գալիս են, սովորում, բայց ոչ բոլորն են վերադառնում գյուղ, նույնիսկ կան պետպատվերով, հատուկ ուղեգրով սովորած ուսանողներ, որ էլի չեն վերադառնում գյուղ: Մենք մոտ ժամանակներս Ազգային ժողովում պետք է այս հարցը լսենք, որեւէ կարգ մշակենք, որ պետպատվերով սովորողը պարտադիր վերադառնա գյուղ, թե չէ՝ քաղաքով գայթակղվում են եւ մնում: Ինչ խոսք, այստեղ ժամանցն ավելի հետաքրքիր է, մշակութային միջոցառումների առումով աշխուժություն վաղուց նկատվում է: Գիտեք, ղարաբաղցին արվեստասեր ժողովուրդ է, մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի, եւ հյուրախաղերով եկածները մեր հանդիսատեսից գոհ են մնում. ոչ միայն գնահատող, բարեհամբույր հանդիսատես է արցախցին, այլեւ՝ մշակույթը հասկացող է: Հայաստանից շատ ենք ունենում հյուրեր, մենք էլ ունենք շատ լավ կամերային նվագախումբ, որն արդեն 6-7 տարեկան է, մենք շատ սիրում ենք մեր նվագախումբը, քանի որ մե՛ր, տեղական ծնունդն է»:

Այս դպրոցը նաեւ սպորտային լավ ավանդույթներ ունի՝ պատերին մի քանի պատվոգրեր կային տարբեր մարզական միջոցառումների մասնակցության եւ հաղթելու առթիվ: Բացի այդ, Ղարաբաղում լինելուս 5 օրերի ընթացքում այս դպրոցի կողքով պարբերաբար անցնելիս (հյուրանոցը, որտեղ մնում էի, անմիջապես դպրոցի հարեւանությամբ էր) տեսնում էի, որ 9-14-ն ընկած ժամերին անընդհատ դրսի մարզահրապարակում ֆիզկուլտուրա անող երեխաներ կան՝ վազում էին, բասկետբոլ խաղում, վարժություններ անում… Իսկ ամեն առավոտ դպրոցական օրը սկսում էին դպրոցի դիմաց պարելով՝ Սիլվա Հակոբյանի «Սիլոյի պարը»: Երկուշաբթի օրերն էլ ուսումնական շաբաթը սկսում էին Արցախի պետական օրհներգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել