«Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 19-ի համարում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, պատասխանելով մեկ մրցույթ պակաս հայտարարելու մասին իմ հրապարակմանը, ասել է. «Նա չի նկատել օրենքի այն դրույթը, ըստ որի՝ միջպետական պայմանագրերի հիման վրա հեռարձակումն իրականացվում է առանց արտոնագրի: Այդ մի վերահեռարձակումն իրականացվելու է Հայաստանի ստորագրած միջպետական պայմանագրով, որի հիմնադիրներից մեկը ԱՊՀ շրջանակներում մեր երկիրն է: Եվ այդ արտոնագիրը չի հատկացվելու մրցույթով, ճիշտ այնպես՝ ինչպես օրենքում մեխանիզմ կա նախատեսված, որ Հանրային հեռուստառադիոընկերությանն էլ մրցույթով չէ, որ տրամադրվում է արտոնագիր»:
Այն, որ իմ պնդումը ճիշտ է, կապացուցեմ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքից (այսուհետ՝ օրենք) մեջբերումներով: Այո, ըստ օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ «Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռուստառադիոընկերությունը եւ միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները»: Թվում է, թե սրանով արդարացվում է Գ. Ամալյանի պնդումը: Մինչդեռ, Օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ «5. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու հեռուստածրագրեր (հեռուստաալիքներ), որոնցից մեկը՝ ընդհանուր ուղղվածության, մյուսը՝ հոգեւոր-մշակութային.
2) հինգ մասնավոր հեռուստաընկերություններ՝ ընդհանուր ուղղվածության.
3) մեկ վերահեռարձակող հեռուստաընկերություն:
6. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) մեկ մասնավոր հեռուստաընկերություն՝ ժամանցային ուղղվածության.
2) մեկ մասնավոր հեռուստաընկերություն՝ երիտասարդական ուղղվածության.
3) մեկ մասնավոր հեռուստաընկերություն՝ երաժշտական ուղղվածության.
4) մեկ մասնավոր հեռուստաընկերություն՝ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության.
5) մեկ մասնավոր հեռուստաընկերություն՝ միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության.
6) չորս վերահեռարձակող հեռուստաընկերություններ»:
Ինչպես տեսնում ենք, թվային ցանցի միջոցով առանց լիցենզիայի հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության իրավունքը, բացի 7-րդ հոդվածից, հատուկ նշված է նաեւ 47-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում: Նույն տրամաբանությամբ, եթե նախատեսվում էր, որ մայրաքաղաքային սփռման 4 վերահեռարձակող հեռուստաընկերություններից մեկը լինելու է միջպետական պայմանագրով գործողը, ապա օրենքի 47-րդ հոդվածում այդ մասին պիտի նշում լիներ կամ որպես առանձին կետ, ինչպես Հանրայինի դեպքում, կամ էլ 6-րդ մասի 6-րդ կետը պիտի սահմանվեր այսպես. 6) չորս վերահեռարձակող հեռուստաընկերություններ, որոնցից մեկը՝ միջպետական պայմանագրի հիման վրա: Եթե նման վերապահում չկա, ապա պարոն Ամալյանի պնդումները համոզիչ չեն: Ավելին, հասարակ մահկանացուն որտեղի՞ց պիտի իմանար, որ մեկ վերահեռարձակողը հենց առանց լիցենզիայի միջպետական պայմանագրով գործողն է լինելու, կամ որտեղի՞ց իմանա, որ նա հենց մայրաքաղաքային եւ ոչ թե հանրապետական (47-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանվածը) սփռման է լինելու:
Այսպիսով, օրենքի 47-րդ հոդվածը միջպետական պայմանագրով հեռարձակվող հեռուստաընկերության համար, ի տարբերություն Հանրային հեռարձակողի, հատուկ հղում չունի: Դա մեզ իրավունք է տալիս պնդելու, որ օրենքն այն տեսքով, ինչպես ընդունվել է, խախտվել է, եւ մեկ մրցույթ պակաս է հայտարարվել: Իսկ ՀՌԱՀ-ն էլ մրցույթները կազմակերպելիս որեւէ մեկնաբանություն չի կատարել այդ մասին: