Այս թեմային է նվիրված գիտաժողովը, որը կազմակերպել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայ գրականության ուսումնասիրության կենտրոնը: «Առավոտը» խնդրեց կենտրոնի ղեկավար Ազատ Եղիազարյանին՝ պատասխանել գիտաժողովի հետ կապված մի քանի հարցի:
– Պարոն Եղիազարյան, մեր գրողներին նվիրված գիտաժողովները սովորաբար կազմակերպվում են նրանց այս կամ այն հոբելյանի առթիվ: Մենք այժմ Չարենցի որեւէ հոբելյան չենք նշում: Ինչո՞ւ եք որոշել հենց Չարենցին նվիրված գիտաժողով կազմակերպել:
– Միանգամայն ճիշտ է, մեր այս գիտաժողովը հոբելյանական չէ: Չարենցին նվիրված գիտաժողովը հենց սկզբից եղել է մեր կենտրոնի պլաններում: Իմիջիայլոց, ասեմ, որ սա մեր առաջին միջազգային գիտաժողովը չէ: Մեկ տարի առաջ մենք Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ մեկտեղ կազմակերպեցինք հայկական էպոսին նվիրված գիտաժողով, որին, բացի հայաստանյան մասնագետներից, մասնակցում էին նաեւ մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Աբխազիայից: Դա էլ որեւէ հոբելյանի հետ կապված չէր: Կան գիտական խնդիրներ, որոնք լուրջ քննարկումներ են պահանջում՝ անկախ հոբելյաններից:
Չարենցի ստեղծագործությունը մնում է հայ մշակույթի եւ գրականության այն հատվածներից մեկը, որը ոչ միայն խորությամբ հասկացված չէ, այլեւ համակողմանիորեն ուսումնասիրված չէ: Իհարկե, Չարենցին նվիրված շատ լավ գրքեր են գրվել, Երեւանի համալսարանը ստեղծեց չարենցյան ընթերցումների ավանդույթը, եւ այս բոլորը մենք չենք կարող շրջանցել: Բայց Չարենցի ժառանգությունը այնքան հարուստ է եւ բարդ, որ այն ամենը, ինչ արվել է, բավարար չի կարող լինել: Մեր գիտաժողովն էլ չի հավակնում բոլոր բացերը լրացնել, եւ առհասարակ այնպիսի գրողների ստեղծագործությունը, ինչպիսին Չարենցն է, միշտ էլ հարցեր առաջադրելու է: Մանավանդ Չարենցի դեպքում այնքան կրքեր են բորբոքվում, այնքան շատ են ուզում նրան հարմարեցնել այս կամ այն քաղաքական ուժին, հոսանքին, որ իսկապես սթափ գիտական հայացքի անհրաժեշտությունը միշտ մնում է:
Խորհրդային տարիներին առաջին պլան էր մղվում Չարենցի հեղափոխական պոեզիան, եւ նրա ստեղծագործության ներքին հարստությունը ստվերի տակ էր մնում: Այնպես էլ խորությամբ չուսումնասիրվեցին Չարենցի այնքան բարդ ու հակասական հայացքը հայոց պատմությանը, նրա գնահատականները հայկական ազգային ուժերին, նրա նախահեղափոխական քնարերգությունը: Ետխորհրդային շրջանում մոտեցումները տրամագծորեն փոխվեցին: Հիմա շեշտը դրվեց այն բանի վրա, որ Չարենցը ձերբակալվել է եւ մահացել է բանտում: Սա մի իրողություն է, որ չի կարող մոռացվել: Բայց երբ դուք Չարենցի մեջ տեսնում եք միայն նահատակի, մոռանալով, որ նա նախ եւ առաջ մեծ բանաստեղծ էր, սրանով դուք խիստ աղքատացնում եք Չարենցի կերպարը եւ մեր գրականությունը: Ի վերջո, մեր խնդիրն է նախ եւ առաջ հասկանալ նրա ստեղծագործությունը, այն, թե, ժամանակակից բառով ասենք, ինչ ուղերձ է հղել նա մեր ժողովրդին:
Բայց տիրող գաղափարախոսությանը հարմարվելու կիրքը երբեմն այնքան ուժեղ է, որ կարող է ծնունդ տալ ամենազարմանալի հայտարարությունների: Ահա, օրինակ, այսօր արդեն լույս չտեսնղ թերթերից մեկում կարդում ենք. «Սովետահայ պրոպագանդան տասնամյակներ շարունակ ջանքեր է թափել, որ իր վարչակարգի գետերով թափված արյան գույնը հարմարեցնի իր իսկ կարգերին զոհ գնացած նահատակին, բայց՝ ապարդյուն: Եթե մի գույն իր եղերական մահից առաջ երկրպագել է Չարենցը, դա եղել է հայոց Եռագույնը»: Մտածում ես, այս հոդվածի հեղինակը, որը բանասիրության դոկտոր է, առհասարակ Չարենց կարդացե՞լ է: Եթե կարդացել է, որտե՞ղ է գտել նրա երկրպագումը հայոց Եռագույնին: Այնինչ՝ հայտնի է Չարենցի խիստ բացասական վերաբերմունքը այն կուսակցության հանդեպ, որը Եռագույնը դարձրեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Կամ վարչակարգը իսկապես գետերով արյուն է թափել: Բայց մի՞թե Չարենցը կարիք ուներ, որ նրան ներկեին «արյան գույնով»: Եթե մարդ ուզում է աշխարհով մեկ անել իր հավատարմությունը հայոց Եռագույնին կամ իր բացասական վերաբերմունքը նախորդ հասարակարգի հանդեպ, դա իր քաղաքական հայացքների խնդիրն է: Բայց ի՞նչ գործ ունի այստեղ Չարենցը…
– Իսկ ինչո՞ւ է գիտաժողովը միջազգային: Դրսում առհասարակ Չարենցին գիտե՞ն:
– Դժբախտաբար դրսում Չարենցին գրեթե չգիտեն, եւ սա կրկնակի ցավալի է, որովհետեւ Չարենցը ոչ միայն հայ մեծ բանաստեղծ էր, այլեւ XX դարի եվրոպական պոեզիայի մեծերից մեկը: Նրա տեղը Վերհարնի, Ապոլիների, Բրեխտի, Բլոկի, Մայակովսկու եւ մյուսների շարքում է: Բայց ահա նա շատ քիչ է հայտնի արտասահմանում: Ինչո՞ւ: Պատճառները շատ են: Նախ, փոքր ժողովուրդների մշակույթի ճակատագիրն է սա: Չարենց քիչ են թարգմանել, հազվադեպ լավ են թարգմանել: Բայց կա նաեւ մեր մեղքը: Մենք շատ ենք սիրում նստել մեր տանը եւ մտածել, որ մեզ, մեր մշակույթը ճանաչում եւ սիրում են: Հաճախ, հիշենք Չարենցին, մտածում ենք, որ «առանց մեզ աշխարքը կլիներ պարտեզ մի ամայի»: Բայց չեն ճանաչում եւ շատ դեպքերում չեն էլ ուզում ճանաչել: Մենք չենք կարողանում մեր մշակույթով մտնել եվրոպական մշակութային կյանքի մեջ: Հիմա արդեն այդպես չենք կարող ապրել: Պետք է պայքարել ճանաչվելու, մեր գրականությանը արժանի տեղը գրավելու համար: Գլոբալացումը մեզ ստիպում է մտածել մեր ինքնության պահպանման մասին, Եվրոպային եւ աշխարհին մեր սեփական անկրկնելի դեմքով միանալու մասին: Չարենցը այս գործընթացի մեջ կարեւորագույն դեր պիտի խաղա իբրեւ բանաստեղծ, որն ամենից մոտ է Եվրոպային: Ահա թե ինչու մենք գիտաժողովին մասնակցելու ենք հրավիրել գրականագետների ԱՄՆ-ից, Անգլիայից, Լեհաստանից, Մոսկվայից, այլ երկրներից: Սա անվերջ գործընթաց է, մշակույթի կենդանի լինելու ապացույց:
Մենք մտածում ենք, որ այս գիտաժողովը պետք է դառնա ավանդական: Երկու- երեք տարին մեկ անգամ պետք է հավաքվեն գրականագետները եւ քննարկեն Չարենցի ստեղծագործությունը՝ հայկական եւ եվրոպական համատեքստում: Միայն այսպես կարելի է հասկանալ մեր գրականության եւ, մասնավորապես, Չարենցի ստեղծագործության իսկական արժեքը: