Լրահոս
Օրվա լրահոսը

Մի նամակի հետքերով

Հոկտեմբեր 27,2010 00:00

\"\"Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի ղեկավարը ավելի շուտ եւ ավելի շատ փորձում է գտնել խնդիրը վերհանողին, քան լուծել առկա խնդիրները:

«Բյուրեղավանը Երեւանից ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա է, բայց այնքան մոռացված: Մեր քաղաքը ինձ համար մեծ է ու զարգացող, ունի 10 հազար բնակիչ: Ամեն տարի դպրոց է հաճախում մոտավորապես 120-150 երեխա, մինչդեռ մեր քաղաքում ոչ մանկապարտեզ կա, ոչ որեւէ նախակրթարան: Արդյունքում պարզ է, որ տարեկան 500-600 երեխա մանկությունը սկսում ու ավարտում է բակում, փողոցում (կյանքի դպրոցում): Մեզ հարեւան քաղաքի ու գյուղի մանկապարտեզներ էլ չեն ընդունում: Ոչինչ չի մնում, քան անհույս հուսալ, որ մի օր էլ մենք մանկապարտեզ կունենանք, բայց խոստումներով ոչինչ չես կառուցի… մենք մեծանում ենք ամեն մանկապարտեզ գնացողի երանի տալով, հեռուստացույցով հրաշք մանկապարտեզներ տեսնելով… Պարոն, հուսով եմ նամակս կարդացիք, հիշեցիք ձեր մանկությունը ու մանկապարտեզը, հասկացաք մեզ համար դրա մեծ կարեւորությունը ու կփորձեք այն իրականություն դարձնել: Ձեր բարեկամ՝ փոքրիկ Համարձակ»:

«Առավոտի» ստացած՝ Բյուրեղավանի քաղաքապետին ուղղված այս նամակում ներկայացված խնդրի հետեւից գնալով՝ պարզեցինք, որ Բյուրեղավանի նախադպրոցական տարիքի երեխաների մանկությունն այնքան էլ գունավոր չէ: Խոսքը, իհարկե, ապահովված ընտանիքների երեխաների մասին չէ, որոնց ծնողների հնարավորությունները թույլ են տալիս բավարարել իրենց փոքրիկների ամենաքմահաճ ցանկություններն անգամ: 10 հազար բնակիչ ունեցող քաղաքում չի գործում գեթ մեկ մանկապարտեզ, որը հնարավորություն կտա երեխաներին մեծանալ մաքուր ու լուսավոր հարկի տակ, իսկ ծնողներին՝ հանգիստ խղճով գնալ իրենց գործին: Տարեկան 120-150 երեխա առաջին դասարանի դուռը թակում է բացարձակ անտեղյակ նախակրթական ու կրթական ուսուցման տարրական կանոններին:

Խորհրդային տարիներին, երբ Բյուրեղավանը արդյունաբերական ավան էր, երեք մանկապարտեզ ուներ: Հայաստանի անկախացման հետ մանկապարտեզներից երկուսը փակվեցին. մանկապարտեզների շենքերը մասնավորեցրին: Փրկված միակ նախակրթարանի շենքն էլ այնքան հին ու մաշված էր, որ մի քանի տարի շահագործելուց հետո դարձավ կյանքի համար վտանգավոր: Երեք տարի առաջ էլ դա փակվեց՝ փոքրիկ բյուրեղավանցիներին թողնելով դրսում: Իսկ ո՞ւր են հաճախելու բյուրեղավանցի երեխաները՝ օդից կախված հարցը անպատասխան է մինչեւ այսօր: Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասանյանը, տեղեկանալով «հանդուգն» փոքրիկների «բաց նամակի» մասին, իր աշխատակցի միջոցով նամակը էլեկտրոնային փոստով իրեն տրամադրելու առաջակ արեց: Չթաքցրեց նաեւ ցանկությունը՝ իմանալու նամակագիրների անունները: Այս ամենը ստանալուց հետո պատրաստ էր բավարարել մեր հետաքրքրությունները, պատասխանել մեր հարցերին: «Ընդամենն ուզում է հասկանալ դժգոհության շարժառիթը»,- քաղաքապետի ցանկությունը մեկնաբանեց լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Սոնա Կնյազյանը: Սակայն, մերժում ստանալով, քաղաքապետ Բալասանյանը նպատակահարմար գտավ թերթին հուզող հարցերին պատասխանել ոչ թե անձամբ, այլ՝ փոխանցել իր խոսնակի միջոցով: Ու այսպես էլ տեղեկացանք, որ մանկապարտեզ չունենալը քաղաքի ամենացավոտ հարցերից է, «բայց քաղաքապետը նոր մանկապարտեզ ունենալու առումով բավականին աշխատանքներ արդեն արել է: Դիմել է մարզպետին, որպեսզի միջնորդի կառավարությանը՝ թույլատրելու վարձակալել օպտիմալացման հետեւանքով ազատ մնացած դպրոցներից մեկի շենքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել