Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզադաշտը՝ կռվախնձո՞ր

Հոկտեմբեր 27,2010 00:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Վանաձորում մեկ մարզադաշտ եւ մեկ հողակտոր ձեռք բերեց

2008-ից այսկողմ վանաձորցիները անընդմ եջ լսում են, որ մարզադաշտը պետք է վերակառուցվի, որի համար անհրաժեշտ է 800 միլիոն դրամ: Երեք տարվա ընթացքում մարզադաշտը ոչ միայն չի կառուցվել, այլեւ թալանվել է՝ նստարաններն ու տրիբունաները վառելափայտ են դարձել մոտակա թաղամասերի բնակիչների համար: 1989 թ.-ին մարզադաշտը հանձնվել էր Վանաձորի ֆուտբոլի ֆեդերացիային, որն էլ իր հերթին խողովակաշարերը կտրեց ու թալանեց: Ստանձնած պարտավորությունները չկատարելու եւ մարզադաշտը չվերանորոգելու համար 1997թ.-ին կառույցը կրկին համայնքային ենթակայության անցավ: Այս տարի ամռանը մարզադաշտը վերանորոգելու առաջարկությամբ է հանդես եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ ֆեդերացիայի ներքին կանոնակարգի համաձայն՝ գումարներ կարելի է ծախսել միայն իր սեփականության համար: Ստացվում է, որ նորոգ մարզադաշտ ունենալու համար այն պետք է նվիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Վանաձորի Ֆուտբոլի մարզադաշտը սեփականության իրավունքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նվիրաբերելու, վերջինիս կողմից վերակառուցելու եւ օգտագործելու հարցը երեկ արդեն երկրորդ անգամ էր քննարկվում Վանաձոր համայնքի ավագանու նիստում: Օգոստոսի 12-ին կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետը դեմ էր մարզադաշտը ֆեդերացիային հանձնելուն: «Սեփականության իրավունքով կտանք, երբ վերանորոգման աշխատանքները կատարելուց հետո ետ տան համայնքին, բայց կարեւորն այն չէ, թե ում սեփականությունը կլինի, այլ՝ ով ճիշտ կաշխատեցնի»,- ասել էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ի տարբերություն օգոստոսի 12-ի նիստի, երեկ քաղաքապետը համոզված ասաց, որ վերանորոգումից հետո մարզադաշտը անպայման համայնքին է վերադարձվելու, եւ ավագանու անդամներին համոզելու համար սկսեց երկար բացատրել, որ դա ամեն դեպքում ի շահ համայնքի է եւ վանաձորցիների համար է կառուցվում: Ավելին, ըստ քաղաքապետի՝ դա շատ ձեռնտու տարբերակ է նաեւ համայնքային բյուջեից ավելի գումարներ չծախսելու համար, քանի որ տարեկան 80 միլիոն դրամ է անհրաժեշտ մարզադաշտի պահպանման համար: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա վերադարձվելու է համայնքին կամ համայնքի կողմից ստեղծված ֆեդերացիային, օգտագործվելու է ֆուտբոլի զարգացման եւ համայնքային մեծ միջոցառումների անցկացման համար: Սա անձի խնդիր չէ: Հնարավոր է՝ 3 տարի հետո, երբ շինարարությունն ավարտվի՝ ես քաղաքապետ չլինեմ»:

Ավագանու նիստին ներկա էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը եւ ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսավորվում է ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (UEFA) կողմից, իսկ վերջինս խթանում է նույնիսկ բակային ֆուտբոլի զարգացմանը: Ըստ Սաքունցի, UEFA-ի կանոնադրությամբ էլ մարզադաշտը պետք է մնա համայնքային սեփականություն, եւ պայմանագիրը հենց այդպես էլ պետք է կնքվի:

Ֆուտբոլային քննարկումը մերթընդմերթ այնքան էր թեժանում, որ ավագանու անդամներն արդեն իրար չէին լսում: Ու թեեւ մինչեւ վերջ այդպես էլ պարզ չդարձավ, թե Վանաձորի մարզադաշտը ինչ պայմաններով եւ ժամկետներով է տրվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, այնուհանդերձ՝ 10 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշվեց մարզադաշտը տալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Ու էլի, ի տարբերություն օգոստոսի 12-ի նիստի մերժման, այս նիստում դրական վերաբերմունք կար, եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային բաժին հասավ նաեւ Վանաձորի Տարոն 4 թաղամասի Սեբաստիայի 2/4 հասցեի 4,3 հեկտար մակերեսով հողամասը՝ մարզական համալիր կառուցելու եւ անվարձահատույց օգտագործման համար: «Փուշ ու տատասկ է աճում այդ հողերում, քանի անգամ աճուրդի ենք դրել՝ չի վաճառվել: Տանք՝ Տարոնի 15 հազար բնակչությունն ու էդ էրեխեքը օգտվեն»,- ասաց քաղաքապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել