Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՈՒՐԱՆԻՍՏՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Սյունեցիների 99%-ը դեմ է ուրանի հանքերի շահագործմանը, բայց իշխանությունները չեն հրաժարվում այդ հանքերը շահագործելու մտադրությունից:

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը եւ դրա դեմ սյունեցիների բուռն ընդվզմանը: Տեղեկացրել ենք, որ ուրանի հանքերի շահագործման դեմ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամն ու «Ազատամարտ» կոմիտեն ստորագրահավաք են նախաձեռնել: Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Կապանի տարածաշրջանում անցկացվող ստորագրահավաքին մասնակցած բնակիչների 99%-ից ավելին՝ 11 հազարից ավելի մարդ, դեմ է արտահայտվել ուրանի ծրագրին: Սա հիմք ընդունելով՝ ստորագրահավաքի նախաձեռնողները պատրաստվում են նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մասին նախաձեռնողները հայտարարեցին երեկ Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված ուրանի ծրագրին վերաբերող քննարկման ժամանակ: Նամակում մասնավորապես նշվելու է. «Հիմք ընդունելով մարդու կյանքի եւ առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները, հանրության մեջ տիրող լարված մթնոլորտը՝ մենք պահանջում ենք չեղյալ համարել վերոնշյալ խնդրին առնչվող բոլոր իրավական ակտերը եւ կասեցնել գործընթացը»: Մարզի բնապահպանական եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին միանալ ձեռնարկին:

Եկող շաբաթ նախատեսվում է ստորագրահավաք սկսել նաեւ Մեղրու տարածաշրջանում: Հիշեցնենք, որ այսպիսի նամակներ արդեն գրել են Կապան քաղաքի եւ Լեռնաձոր գյուղի ավագանիները: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը բանավոր խոստացել էր հետեւել Կապանի օրինակին՝ ավագանու արտահերթ նիստ կայացնել եւ հստակ դիրքորոշում ընդունել, սակայն մինչեւ օրս ոչ մի հստակ քայլ չի ձեռնարկվել:

Իսկ հակաուրանիստները երեկ որոշեցին շարունակել հստակ քայլերը: Այն է՝ իրազեկման միջոցառումներ, բողոքի ակցիաներ, պիկետներ, հանրահավաքներ, ՏԻՄ-երի հետ համագործակցություն: Նրանք վստահ են, որ այս ամենի հիմքում ազգային անվտանգության խնդիրն է, քանզի ուրանի հանքերի շահագործումը կբերի բնակավայրի դատարկմանը, ինչպես նաեւ անդառնալի հետեւանքներ կթողնի հետագա սերնդի վերարտադրության վրա:

«Կապանի տարածաշրջանի փոքր ֆերմերների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմինե Հակոբյանը, ով մասնագիտությամբ բժշկուհի է, նշում է, որ տարածաշրջանում գործող արդյունաբերական ձեռնարկությունների բացասական ազդեցությունն առանց այն էլ մեծ է: «Կապանի՝ Ողջի գետին (որը պղինձ արտադրող կոմբինատի ազդեցությունից ծանր մետաղական նյութեր էր պարունակում) հարակից՝ Հունան Ավետիսյան թաղամասի երեխաների արյան անալիզները ցույց էին տալիս, որ նրանք անեմնիկ երեխաներ էին, իսկ ի՞նչ կլինի հիմա, երբ ուրանի հանք սկսեն շահագործել»,- ասում է տիկին Հակոբյանը: «Կլոր սեղանին» մի քիչ ուշացումով միացավ հանդիպմանը մասնակցելու համար Երեւանից Կապան ժամանած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով մեկ անգամ եւս նշեց, որ ուրանի ծրագրին վերաբերող կառավարության կայացրած որոշումը անօրինական է, խախտվել է թե ազգային, թե միջազգային օրենսդրությունը:

Չնայած սյունեցիների խիստ բացասական կարծիքին, Հայաստանի կառավարիչները չեն հրաժարվում ուրանի հանքերը շահագործելու մտադրությունից: Լեռնաձոր համայնքում վերջին օրերին մոտ 400 մ ճանապարհ է գցվել՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով, այժմ էլ արդեն հորատող սարք է բերվել:

«Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը ասաց, որ դիմել է ԱԺ բոլոր խմբակցություններին՝ ներկայացնելով ուրանի շուրջ զարգացումներով պայմանավորված տարածաշրջանի բնակչության լարված մթնոլորտը եւ խնդրել է աջակցել: Կոալիցիայից պատասխան չի ստացել, արձագանքել են միայն «Ժառանգության» եւ ՀՅԴ ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել