Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ գործակալներ Հայաստան չեն ժամանել

Հոկտեմբեր 27,2010 00:00

«ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային եւ բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործով՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի որեւէ գործակալ Հայաստան չի ժամանել»,- «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հայկական մամուլում տպագրված այդ լուրերը հերքել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերը եւ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանին՝ ՀՀ գլխավոր դատախազի հետ դեռեւս հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ս. Տռուզյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից Հետաքննությունների դաշնային բյուրոյի 15 գործակալների Հայաստան ժամանելու մասին լուրերը հորինվածք են. «Ցավոք, տպագիր մամուլի որոշ միջոցներ զբաղված են ստեր հորինելով»:

Նա պարզաբանել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հետ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակից Քեվին Դոնովանը տարածաշրջանում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչն է եւ նրա հիմնական նստավայրը Թբիլիսին է: Հանդիպման ընթացքում Ք. Դոնովանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված համագործակցության պատրաստակամության համար եւ նշել է, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ-ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով:

«Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահները նախկինում եւս համագործակցել են կոնկրետ քրեական գործերով՝ միմյանց ցուցաբերելով իրավական օգնություն: Եվ դիտարկվող քրեական գործը բացառություն չէ: Կլինի իրավական փոխօգնության հարցում՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում կաջակցի: Առ այս պահը նման խնդրանք չի ստացվել»,- նշել է մամուլի քարտուղարը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի. «Միանշանակ հայտնվում է, որ որեւէ իրավապահ մարմնից, այդ թվում՝ օտարերկրյա իրավապահ կառույցից, վերը նշված հարցադրման առնչությամբ նմանաբնույթ պահանջ չի ստացվել։ Իսկ այլ կերպ, նոտարական գործողությունների գաղտնիության սկզբունքը հիմք ընդունելով, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը (5-րդ հոդված)՝ դատախազին, դատարանին, քննիչին կամ հետաքննության մարմնին նոտարական գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ տալն արգելում է։ Ընդ որում, պահանջը բավարարվում է, եթե այդ իրավասու պաշտոնատար անձանց վարույթում է գտնվում հիշյալ տեղեկատվությանն առնչվող կոնկրետ քաղաքացիական եւ քրեական գործ, կամ, եթե վերջիններս՝ միջազգային համաձայնագրերին համապատասխան, կատարում են քննչական կամ դատական հանձնարարություններ։ Տվյալ դեպքում դրանցից որեւէ մեկն առկա չէ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել