Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՎ Է ԳՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Մեղադրվում են կազմակերպված ավազակային հարձակում կատարելու մեջ

\"\"Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն քննել է գործով առկա բոլոր ապացույցները, լսել բոլոր վկաներին: Ըստ մեղադրականի՝ Հ. Մալխասյանի եւ Հ. Սարգսյանի ստեղծած 6 հոգուց բաղկացած կազմակերպված խումբը Վանաձորի բնակիչ Ա. Աղայանի նկատմամբ կատարել է ավազակային հարձակում: Առաջին անհաջող փորձից հետո երկրորդ անգամ խմբի անդամները Ա. Աղայանին կողոպտելու նպատակով հարձակվել են նրա վրա, ոտքերով ու ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնին, պատճառել թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, ինչից հետո հափշտակել վերջինիս 5000 դրամ արժողության ձեռքի պայուսակը: Պայուսակում, սակայն, գումար չհայտնաբերելով, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով այրել են Աղայանի՝ պայուսակում գտնվող իրերը, այդ թվում՝ անձնագիրը: Նախաքննության ընթացքում կասկածյալներն ինքնախոստովանական ցուցմունքեր են տվել, այժմ, սակայն, հրաժարվում են իրենց տված ցուցմունքներից, բացի մեկից, ում ցուցմունքի հիման վրա էլ խմբի անդամներին սպառնում է 9-10 տարվա ազատազրկում:

Ամբաստանյալ Դ. Պողոսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասում է, որ իր պաշտպանյալը հանցանք չի կատարել, իսկ եթե պայմանականորեն ընդունվի, որ մասնակից է եղել այդ արարքին, ապա դրան տրվել է ակնհայտ սխալ իրավական որակում:

«Կողոպուտի փոխարեն որակել են ավազակային հարձակում՝ կազմակերպված խմբի կողմից, ինչի հետ ես համաձայն չեմ,- ասում է պաշտպանը,- որեւէ տրամաբանություն ես այդ որակման մեջ չեմ տեսնում, քանի որ նույն դատարանում այսօր քննվում է ավազակային հարձակում 11 ամբաստանյալներով, ընդ որում՝ զենքի գործադրմամբ եւ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակմամբ, բայց դա կազմակերպված խումբ չեն համարում»,- ասում է նա:

Բացի այդ՝ պաշտպան Հակոբյանն ավելացնում է, որ իր պաշտպանյալին 1 օր ավելի են պահել ոստիկանությունում. «Ձերբակալման ժամը ճիշտ չեն հաշվել, 1 օր ավելի է գտնվելու անազատության մեջ»:

«Ձերբակալության օրը բաժանմունք տանելիս ինձ խփել են, վախեցրել, հոգեբանական ճնշումների ենթարկել, ոչ ոք չի բացատրել՝ ինչու են ինձ ձերբակալում, իրավունքներս սկզբից չեն բացատրել»,- դատարանում հայտնեց ամբաստանյալ Դ. Պողոսյանը:

Հակառակ այս ամենին՝ որպես վկա հրավիրված քննիչը համաձայն չէր ամբաստանյալների հայտարարությունների հետ:

Պաշտպան Հակոբյանը նաեւ հավելեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է իր տված առաջին ցուցմունքից. «Երբ ակնադիտական եղանակով հետազոտում ենք կասկածյալի եւ ամբաստանյալի ցուցմունքները, պարզ երեւում է, որ դրանք տարբեր ձեռագրերով են գրված»: Դատարանը մերժեց պաշտպան Հակոբյանի՝ իր պաշտպանյալի ձեռագրերը դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությունը, գտնելով, որ հիմքեր չկան կասկածելու, որ Դ. Պողոսյանի գրած առաջին ցուցմունքը նրա ձեռագրով չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել