Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԴԱՍ Է ՏՎԵԼ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենան, եթե իր մարզում կարմիր լույսի տակով անցնի, միակողմանի փողոց հակառակ կողմից մտնի, հետիոտնի վրայով անցնի՝ ճանապարհային ոստիկաններն իրավունք չունեն այդ մեքենան կանգնեցնել ու, ասենք, փաստաթղթեր պահանջել: Տուգանելու մասին խոսք լինել չի կարող: Բանն այն է, որ Ս. Խաչատրյանը մի անգամ այնպիսի դաս է տվել ճանապարհային ոստիկաններին, որ հիմա նրա մեքենան ոչ մեկը չի համարձակվում կանգնեցնել: Գորիսեցիների պատմելով՝ եթե, այնուամենայնիվ, մի «խամ» ոստիկան, բանից անտեղյակ, խախտում նկատելու դեպքում իր պարտականությունները կատարի՝ նշանակում է նա նոր է նշանակվել մարզում աշխատանքի ու դեռ չի գիտակցում իր արածի ողջ հետեւանքները:

Գորիսեցիները պատմում են, որ մի օր, երբ ճանապարհային ոստիկանները համարձակվել են կանգնեցնել պարոն Խաչատրյանի ծառայողական մեքենան, մարզպետը շատ է բարկացել հենց միայն այն հանգամանքից, որ ոստիկանները իրեն՝ մարզպետին, տեղը չեն բերել ու չեն ճանաչել: Հաշվի առնելով, որ այդ ոստիկանները համարձակվել են կտրել իր ճամփան, նա, ականատեսների հավաստմամբ, ոստիկանների գլխին «շան լափ» թափելուց հետո մեքենայի շարժիչն անջատել է ու ստիպել ոստիկաններին, որպես պատիժ, մեքենան հետեւից հրելով հասցնել այնտեղ, որտեղ ինքն է ուզում: Ոստիկաններն էլ, ըստ բնակիչների, Գորիսի հայտնի Զանգերի մոտից մարզպետին իր մեքենայով հրելով հասցրել են մինչեւ մարզպետարան:

Ընդհանրապես, Սուրեն Խաչատրյանի հետ կապված՝ մարզում ցանկացած բնակիչ մի հետաքրքիր ու անհավանական պատմություն կպատմի, չնայած բոլորը մի տեսակ ահ ու դողով են խոսում նրա մասին, որ հանկարծ տեղ չհասնի: Օրինակ, Սյունիքի մարզի վարորդները քաջ գիտեն, որ պատահաբար նույն փողոցում եթե նկատեն իրենց մարզպետի մեքենան, պետք է ընթացքը դանդաղեցնեն, որ հանկարծ անզգուշորեն նրանից առաջ չանցնեն, հակառակ դեպքում, ինչպես գորիսեցիներն են վստահեցնում, այդ ադրենալինը նրանց համար շատ թանկ կարող է արժենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել