Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակիցը համոզված է, որ իրեն աշխատանքից անօրինական են ազատել

Այսօր որեւէ պետական գերատեսչության հետ, այսպես ասած՝ դատվելը, շարքային քաղաքացու համար իսկական գլխացավանք է: Գլխացավանքը դեռ ոչինչ, բայց որ դատարանները «հատուկ» վերաբերմունք ունեն պետական կառույցների նկատմամբ, դրանում համոզվել է Արմեն Մուխսիկարոյանը, ով հայց է ներկայացրել Պետեկամուտների կոմիտեի դեմ: Նա, մոտ 14 տարի աշխատել է հարկայինում՝ որպես իրավաբան, մեկ էլ նրան աշխատանքից ազատում են՝ պատճառաբանելով, իբր հերթական ատեստավորման քննությունը չի անցել: ՊԵԿ-ի նախկին աշխատակցի պատմելով՝ այդ ատեստացիան ի սկզբանե անօրինականություններով է ընթացել. «Ատեստացիայի գործընթացը, ըստ օրենքի, պետք է արձանագրվի, հետո եզրակացություն կազմվի: Իսկ իմ դեպքում նման բան չի եղել: Հանձնաժողովն այն բանավոր է անցկացրել, եզրակացությունն էլ բանավոր է կայացրել: Այսինքն՝ ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթում գրավոր ոչինչ արձանագրված չէ: Հետեւաբար, ապացուցել՝ ատեստացիան անցել եմ, թե՝ ոչ, անհնար է»: Պարոն Մուխսիկարոյանն էլ դիմել է դատարան, պահանջով՝ անվավեր ճանաչել ատեստավորումը, անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու հրամանը, վճարել մի քանի տարվա չօգտագործված արձակուրդների հատուցման գումարը: Հիմնարկության հաշվապահի հաշվարկներով՝ այն կազմում է մոտ 1 մլն 200 հազար դրամ: Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանը նրա հայցը բավարարել է մասնակի՝ վճարել արձակուրդայինը, բայց 761 հազար 185 դրամ: Դատարանը նաեւ անվավեր է ճանաչել ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը եւ ՊԵԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Արմեն Մուխսիկարոյանին աշխատանքից ազատելու հրամանը: Դատարանի այդ վճռի հետ չի համաձայնվել ոչ Մուխսիկարոյանը, ոչ էլ ՊԵԿ-ը, եւ երկուսն էլ արձակուրդայինի վճարների մասով դիմել են վերաքննիչ:

Վերաքննիչում Մուխսիկարոյանից խնդրել էին պահանջի հստակեցում: Ըստ ՊԵԿ-ի նախկին աշխատակցի, դրանով շանս են տվել բողոքն այնպես ձեւակերպել, որպեսզի դատարանը կարողանա, այսպես ասած, ՊԵԿ-ի կողմից լինել. «Դատարանն ու կոմիտեն նախնական համաձայնության էին եկել, քանի որ դատարանը մինչեւ նիստն էր պահանջի հստակեցում ուզել, իսկ նիստին կոմիտեն արդեն պատրաստված եկել էր: Այնինչ, հենց նիստի ժամանակ դատարանը պետք է կոմիտեից պահանջի հստակեցում ուզեր»:

Բացի այս, վերաքննիչը մեկ այլ խախ տում էլ է կատարել. նա անվավեր է ճանաչել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով առաջին ատյանն անվավեր էր ճանաչել Մուխսիկարոյանին աշխատանքից ազատելու հրամանն ու ատեստավորման եզրակացությունը: Այնինչ, վերաքննիչն ընդամենը պետք է պարզեր՝ առաջին ատյանի վճիռն օրենքին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Վերաքննիչ դատարանը Մուխսիկարոյանից պահանջել է ապացույցներ ներկայացնել, թե ինչո՞ւ ատեստավորումը չի անցել. մի բան, որն անհնար է ներկայացնել. «Ոչ մի փաստաթուղթ այդ մասին չկա, ամեն ինչ բանավոր է եղել, ձայնագրություն էլ չի եղել, ես ինչպե՞ս պետք է ապացույցներ ներկայացնեմ»: Ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219 հոդվածի 2 կետի՝ «Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու եւ բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին»: Նույն հոդվածով նաեւ նշվում է, որ «եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը եւ այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար»: Այսինքն՝ փոխանակ գործն ուղարկի առաջին ատյան, վերաքննիչը ինքը կատարում է առաջին ատյանի գործառույթները՝ Արմեն Մուխսիկարոյանին մերժել աշխատանքի վերականգնման հարցում, ինչի իրավունքը չուներ. «Թող ընդամենը նշեր, որ առաջին ատյանը այսինչ հոդվածի հիման վրա սխալ վճիռ է կայացրել, այլ ոչ թե նման կոպիտ խախտում աներ: Այսպիսով, վերաքննիչն ինձ զրկեց որեւէ տեղ բողոքարկելու իրավունքից»:

Ինչ վերաբերում է Մուխսիկարոյանի մի քանի տարի չօգտագործված արձակուրդների վճարներին, ապա վերաքննիչն այս մասով է միայն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ գործը վերաքննելու: Այն, որ առաջին ատյանը վճռել էր ՊԵԿ-ից գանձել մոտ 761 հազար դրամ, կոմիտեն սրա հետ էլ համաձայն չէր, պնդելով, որ պետք է վճարի ընդամենը 227 հազար 466 դրամ: Թե ինչպես են կողմերը հաշվարկներ կատարել, յուրաքանչյուրն իր մեկնաբանություններն է անում՝ տարբեր հոդվածների հղում անելով: Նոյեմբերի 2-ին առաջին ատյանը կրկին քննելու է գործը: Արմեն Մուխսիկարոյանը պահանջում է, որ դատարանն անկախ փորձագետ հրավիրի, որպեսզի նա անշահախնդիր հաշվարկի այդ տարիների արձակուրդայինների գումարը. «Կոմիտեն ընդամենը 3 տարվա գումար է հաշվում: Իսկ ես պետք է ստանամ 13 տարիների գումար: Կոմիտեից պահանջեցի բոլոր այդ տարիների փաստաթղթերը, որ աշխատել եմ եւ արձակուրդային չեմ ստացել, ինձ պատասխանում են, որ այդ տարիների փաստաթղթերն ուղարկել են խոտանի: Իսկ երբ ես գնամ թոշակի, ինչպե՞ս եմ ապացուցելու, թե քանի տարվա ստաժ ունեմ: Դա հանցագործություն է՝ առանց արխիվացնելու փաստաթղթերը խոտանի ուղարկել, կարծում եմ, նրանք դիտավորյալ չեն տալիս, որպեսզի դատարանում իրենց սեւ գործերը չբացահայտվեն ու ես ապացույցներ չունենամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել