Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխությունները նպաստում են հումանիզացմանը

Հոկտեմբեր 27,2010 00:00

«Հանրային ցանցն» իրականացրել է ՀՀ գլխավոր դատախազության մշակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային փորձաքննությունը: Օրինագիծը պարունակում է մի շարք առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ պատժի առավելագույն շեմի բարձրացում՝ 20 տարի, 15 տարվա փոխարեն: Դատախազությունն իր այս առաջարկությունը հիմնավորում է 15 տարվա եւ ցմահ ազատազրկման միջեւ առկա մեծ տարածությամբ՝ գտնելով, որ կամ 15 տարի, կամ ցմահ ազատազրկումը չի բխում մեղադրյալների շահերից եւ թույլ չի տալիս պատժի անհատականացմանը, պատժողական արդյունավետ քաղաքականություն իրականացնելուն:

«Հանրային ցանցը» դրական է համարել առաջարկվող փոփոխությունները՝ կարծիք հայտնելով, որ այն նպաստում է ՀՀ քրեական օրենսգրքի լիբերալիզացմանը եւ հումանիզացմանը: Եվ առաջարկել փոփոխությունները լիարժեք դարձնելու եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցնելու համար Քրդատօրում նախատեսել նաեւ սուբյեկտիվիզմը սահմանափակող դրույթներ:

Հանրային ցանցի եզրակացությունը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ»

Դրական ենք համարում այն, որ նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, եւ համապատասխանաբար 66-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 67-րդ հոդվածի 3-րդ մասում. այն է՝ ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 22 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում՝ 25 տարին, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածում, այն է՝ 104 հոդվածի 1-ին մասով որպես պատիժ սահմանել ազատազրկում ութից տասնհինգ տարի ժամկետով, իսկ 2-րդ մասով ազատազրկում՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Այս փոփոխությունների, ինչպես նաեւ դրանց հետ փոխկապակցված խստացվող ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի, 388-րդ հոդվածի 2-րդ մասի, 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի եւ 393-րդ հոդվածի սանկցիաները, որոնք նույնպես պարունակում են սպանության հատկանիշներ, հնարավորություն են տալիս կատարված հանցանքների համար կիրառել ոչ թե ցմահ ազատազրկումը (որը հանդիսանում է առավելագույն պատժաչափ), այլ 20 տարի, որով նախ կկրճատվի ցմահ ազատազրկվածների թիվը, եւ երկրորդ՝ հնարավորություն կտա հանցագործին ուղղվել եւ վերադառնալ հասարակություն: Շատ կարեւոր նախաձեռնություն ենք համարում նախագծով առաջարկվող այս փոփոխությունները, ըստ որի՝ նախ Քրեական օրենսգրքից հանվում է կրկնակիության ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա լիովին իրականացնել պատասխանատվության անհատականացման սկզբունքը եւ հաշվի առնել կատարված հանցանքներից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, եւ երկրորդ՝ հանցագործությունների համակցության ինստիտուտի ներդրումը ՀՀ քրեական օրենսգրքում, որը հնարավորություն կտա հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելու այնպիսի կանոններ նախատեսել, որոնք թույլ են տալիս ավելի խիստ պատիժ նշանակել նշված դեպքում, քան թույլ է տալիս կրկնակիության ինստիտուտը: ՀՀ քրեական օրենսգրքի լիբերալիզացմանը եւ հումանիզացմանն է ուղղված նաեւ նախագծում ՀՀ քրօրի 177 հոդվածի 2-րդ մասի սանկցիայում առաջարկվող փոփոխությունը, որը հիմնական պատժի տեսակ է նախատեսում նաեւ տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, իսկ ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն չափ սահմանում է 5 տարին: Չափազանց կարեւոր քայլ ենք համարում այն, որ նախագծում հստակ սահմանում է տրվում հափշտակություն եզրույթին, որը հնարավորություն է տալիս առավել հստակ բնորոշել այդ հասկացության տակ ընկնող հանցանքները եւ սահմանել կոնկրետ պատիժ նման արարքների համար: Կարեւոր ենք համարում նաեւ Օրենսգրքի 21-րդ գլխի նոր՝ 186.1 հոդվածով, նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի «Իր պարտականություններին հանցավոր-անփույթ վերաբերվելու համար այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող գույքի հափշտակում, վնասում, փչացում կամ կորուստ, եթե չկան պաշտոնեական հանցագործության հատկանիշներ» վերականգնումը, որը կնպաստի գույքի պահպանությամբ զբաղվող ծառայողների կողմից իրենց պարտականությունների նկատմամբ առավել պարտաճանաչ լինելուն եւ կմեծացնի իրենց պատասխանատվության աստիճանը: Միանգամայն տեղին ենք համարում նաեւ օրենքի 215-րդ հոդվածի 1.1-ի մասի խմբագրական փոփոխությունը եւ նույն հոդվածի 2.5-րդ մասում կատարված լրացումը, քանի որ բովանդակային առումով ավելի հստակություն է մտցնում: Դրական ենք համարում նաեւ նախագծում առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում «պետական» բառից հետո «եւ տեղական ինքնակառավարման մարմիններում» բառեր ավելացնելը: Սույն փոփոխությունը հնարավորություն է տալիս լայնացնել «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակը, քանզի ներկա գործող քրեական օրենսդրությամբ այդ շրջանակից դուրս են մնացել տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց կազմակերպություններում մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձինք: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը զգալի առումով հստակություն է մտցնում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում, հստակ սահմանում է առանձին հանցատեսակների հասկացություններ, վերացնում է ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեջ եղած հակասությունները: Այն նաեւ նպաստում է ՀՀ քրեական օրենսգրքի լիբերալիզացմանը եւ հումանիզացմանը, ինչպես նաեւ եւս մեկ քայլով համապատասխանեցնում է ՀՀ քրեական օրենսգիրքը եվրոպական քրեական իրավունքի չափանիշներին եւ սկզբունքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել