Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ

Հոկտեմբեր 27,2010 00:00

\"\"Նախորդ շաբաթ Երեւանում տեղի ունեցավ միջազգային նշանակության միանգամից երեք միջոցառում: Եվրոպայի խորհուրդը քննարկեց ժողովրդավարությանը, Սահմանադրական դատարանը՝ սահմանադրական արդարադատությանը, իսկ Եվրոպայի դատախազները՝ անչափահասների գործերով արդարադատության իրականացման գործում դատախազության դերին վերաբերող հարցեր:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող դատախազական այս միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 30 երկրի պատվիրակություն, ովքեր միաձայն ընդունեցին «Երեւանյան հռչակագիր» անվանումը ստացած փաստաթուղթը՝ կոչված ապահովելու անչափահասների իրավունքների պաշտպանության սկզբունքների միասնականությունը:

Սակայն դատախազական միջոցառումն իրենից անկախ ունեցավ նաեւ քաղաքական հնչերանգ: Ադրբեջանը, որը հանդիսանում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի անդամ, ձեռնպահ մնաց եւ այդպես էլ չմասնակցեց խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Սակայն դա չխանգարեց, որպեսզի հյուրերը ծավալեն շահագրգիռ քննարկում եւ ընդունեն այդ թվում Ադրբեջանի համար պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթ, որպիսիք է վերը նշված «Երեւանյան հռչակագիրը», քանզի այն նախատեսված է խորհրդի անդամ բոլոր պետությունների համար: Հետաքրքիր է՝ Ադրբեջանը ի՞նչ քաղաքականություն կորդեգրի իր երկրում անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում, որի հիմնական սկզբունքները մշակվել են Երեւանում:

Քաղաքական այլ վարքագիծ էր որդեգրել Թուրքիան, որը ոչ միայն ընդունել էր հրավերը, այլեւ անգամ երկու պատվիրակ ուղարկել Հայաստան եւ նրանք ոչ միայն մասնակցեցին նիստի աշխատանքներին, այլեւ արժանացան ՀՀ գլխավորի դատախազի ընդունելությանը: «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր առանձնազրույց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրտիի եւ Օմար Յանարիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը, երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- ասվում է հոկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Թուրքիայի պատվիրակները մասնակցել են նաեւ գլխավոր դատախազի կազմակերպած պաշտոնական ընթրիքին, որտեղ տեղի է ունեցել ոչ պակաս հետաքրքիր ոչ պաշտոնական խոսակցություն՝ գրավելով շատ եւ շատ այլ պատվիրակների ուշադրությունը: Մասնավորապես՝ թուրք պատվիրակը ՀՀ գլխավոր դատախազի հետ զրույցի ընթացքում կարեւորել է ժողովուրդների բարեկամությունը եւ առաջարկել համատեղ քայլել առաջ եւ նայել դեպի ապագան՝ անցյալով ապրելու փոխարեն: Գլխավոր դատախազը համաձայնել է նայել ապագային՝ արձանագրելով, որ դրա համար նախ պետք է ձեռք մեկնել, իսկ երբ թուրք պատվիրակն ուրախությամբ ձեռքը մեկնել է, Ա.Հովսեփյանը հավելել է, որ ձեռք մեկնելուն զուգահեռ՝ պետք է նաեւ ներողություն խնդրել անցյալի համար: Պատասխանից ցնցված թուրք պատվիրակին օգնության հասան իր գործընկերները՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:

ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ գլխավոր դատախազը լիագումար նիստի օրերին առանձնազրույց է ունեցել նաեւ մի շարք այլ երկրների պատվիրակների հետ՝ զարգացնելու երկկողմանի համագործակցությունը: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ հանդիպումները եղել են արդյունավետ եւ մի շարք երկրների, այդ թվում Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ ձեռք են բերվել հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր ստորագրելու պայմանավորվածություններ: «Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է հանցավորության դեմ արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում է մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին: Այդ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես դատախազության մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման՝ մեր քաղաքացիների անվտանգության եւ իրավական պաշտպանվածության ապահովման համար»,- ասել է գլխավոր դատախազը եւ հույս հայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն նաեւ իրավապահ մարմինների միջեւ երկկողմանի համագործակցության ձեւավորմանը եւ փորձի փոխանակմանը: Ի դեպ, ԵԴԽԽ լիագումար նիստի օրերին տեղի է ունեցել քրեական գործերով անչափահասների իրավունքների վերաբերյալ տեսահոլովակի շնորհանդեսը՝ պատրաստված ՀՀ գլխավոր դատախազության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից, որտեղ դատախազը հանրամատչելի ներկայացնում է անչափահասների իրավունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել