Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը պատրաստ է օժանդակել

Հոկտեմբեր 27,2010 00:00

Ազգային ժողովի հերթական քառօրյան սկսվեց լրագրողներ-չինովնիկներ հակասությամբ: Հայտնի է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հիացած չեն խորհրդարանում իրենց հատկացված աշխատանքային որոշ պայմաններից եւ երեկ արդեն իրենց դժգոհությունն էին հայտնել այդ կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ անձամբ բարձրացավ լրագրողների համար հատկացված օթյակ՝ տեղում տեսնելու, թե կոնկրետ ինչից են դժգոհ լրագրողները: Ի տարբերություն իր ամենամերձավոր որոշ չինովնիկների, որոնք նախորդ օրն իրենց, մեղմ ասած, վատ պահեցին, պարոն Աբրահամյանը երեկ շատ ավելի հարգալից էր լրագրողների հանդեպ:

Ինչպես եւ գրել էինք, Ազգային ժողովի նախագահը երեկ եւս խոստացավ, որ բոլոր այն առաջարկները, որոնք հնարավոր կլինի իրականացնել, խորհրդարանը կիրականացնի, եւ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն լրագրողների համար: ԱԺ նախագահը նաեւ ասաց. «Ինչո՞ւ եք մտածում, որ մենք խոչընդոտներ ենք փնտրում, որ ձեզ խանգարենք: Ոչ: Մեր խնդիրն է նպաստել ձեր աշխատանքին: Ես շնորհակալ եմ այս հանդիպման համար, պատրաստ եմ պարբերաբար հանդիպելու, յուրաքանչյուր խնդիր պատրաստ եմ քննարկելու: Նորից եմ ասում՝ որեւէ մտադրություն, ցանկություն չունեմ ձեր աշխատանքը խոչընդոտելու: Հակառակը՝ պատրաստ եմ ամեն ինչ անել, օժանդակել, որպեսզի դուք ունենաք արդյունավետ աշխատանք»:

Բացի տեխնիկական հարցերից, Հովիկ Աբրահամյանին տրվեցին նաեւ այլ հարցեր: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո ե՞րբ քվեարկության կդրվի «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած եւ խորհրդարանի կողմից քննարկված առաջարկ-նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ուղղակի մենք փորձում ենք չխաթարել այն բանակցությունները, որոնք այսօր ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով: Մենք ուզում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում, եւ չենք ուզում կատարել որեւէ քայլ, որը կխանգարի բանակցային ընթացքին: Սա է մեր մոտեցումը: Եվ որ պահին երկրի նախագահի գլխավորությամբ կքննարկենք եւ կորոշենք, որ ժամանակն է ճանաչել Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դե-յուրե, անպայման մենք դա կանենք, նույնիսկ արտահերթ նիստով դա կանենք»:

ԱԺ նախագահն ասաց, որ ԱԺ-Կանոնակարգ օրենքը պարտադրում է քննարկված այդ հարցը ընթացիկ քառօրյայի ընթացքում դնել քվեարկության, եւ ինքը, որպես Ազգային ժողովի նախագահ, պարտավոր է այդ հարցը այսօր կամ վաղը դնել քվեարկության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել