«Ծաղիկը» շնորհակալ է դահլիճի համար, իսկ Վիկտոր Դալլաքյանին հուզում է հարուստների հարցը
ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Նրա նախագահության օրոք երկիրը ոչ միայն ունեցավ ԱԺ այս շքեղ ու հարմարավետ դահլիճը, ուր հուսով ենք, որ հաճախ կծնվեն օրենքներ միմիայն ի նպաստ մեր ժողովրդի եւ պետության, այլեւ վերջապես կորցրեցինք 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված զազրելի հանցագործությունն անընդմեջ հիշեցնող եւ իրագործված այդ դավաճանական ակտի հիշողություններն իր մեջ պահող այդ 4 պատերը: Չեմ ցանկանում պատմությունը քրքրել ու շահարկել՝ անկախ այսօրվա որոշ պատմական ժամանակների առերեւույթ նմանությունից, բայց չեմ էլ կարող չասել, որ միշտ էլ մեր ազգի բարձրագույն նվիրյալները զոհ են դարձել մեր ազգի տականքների դավաճանությունից: Վերջապես մենք պետք է կարողանանք պահպանել մեր երկրի նվիրյալներին»:
Իսկ Վիկտոր Դալլաքյանը խոսեց հարստության դերի եւ նշանակության մասին. «Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Կառլոս Սլիմի կարողությունը 53 մլրդ դոլար է, որը 26 անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն։ Չնայած առասպելական հարստությանը՝ նա չափազանց համեստ է եւ իր կենցաղային հարցերը լուծելու համար ամսական ծախսում է ընդամենը 24 հազար դոլար։ 70-ամյա միլիարդատերը կրում է սովորական ժամացույցներ, չունի սեփական ինքնաթիռ եւ ուղղաթիռ, այլ ունի ընդամենը երկու ավտոմեքենա։ Խոսելով հարստության մասին՝ աշխարհի ամենահարուստ մարդն ասում է. «Դու այդ ամենը հետդ այն աշխարհ չես տանելու, քո հիշատակը պետք է մնա Երկրի վրա՝ ուրիշ արժեքների տեսքով»։ Այսօր մեքսիկացի մագնատը կառուցում է թանգարան, որտեղ անվճար հիմունքներով պետք է ցուցադրվեն արվեստի համաշխարհային գլուխգործոցներ։ Այսպիսին է աշխարհի ամենահարուստ մարդու դավանած արժեքային համակարգը։ Աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող Հայաստանի համար կարող է կործանարար լինել «պետությունը պատկանում է հարուստներին, իսկ հայրենիքը՝ աղքատներին» բանաձեւի կիրառումը, երբ պետության բարիքներից օգտվում են հարուստները, իսկ վտանգված հայրենիքը պաշտպանում են աղքատները»: