Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԹՈՂ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐ ՉՓՆՏՐԵՆ»

Հոկտեմբեր 27,2010 00:00

\"\"Արտերկրյա դեսպանատան աշխատակիցներին խորհուրդ է տալիս Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդը

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը առիթ է ունեցել համոզվելու, թե ինչպես են մեր սեփական երկրում «քառակուսի մտածելակերպ ունեցող» արտերկրյա դիվանագետները նվաստացնում մեր ժողովրդին՝ ցույց տալով, որ իրենք վերեւում են, մենք՝ ներքեւում՝ խնդրողի կարգավիճակում: Օրերս ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայ աշխատակիցներից մեկը բավականին «անտակտ» ձեւով հրաժարվել էր ելքի վիզա տրամադրել Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդին, ով Մայր Աթոռի կողմից երկշաբաթյա գործուղման մեջ էր, պատրաստվում էր մասնակցել բանտային հոգեւորականության ծառայությանը վերաբերող համաժողովին ու այցելել Մեծ Բրիտանիայի քրեակատարողական հիմնարկներ: «Վեհափառը, թերեւս, հաշվի առնելով, որ ես հաճախ եմ բանտ այցելում, նպատակահարմար էր գտել Հայաստանից ինձ ուղարկելու»,- ասում է սրբազանը: Սակայն դեսպանատուն մտնելուն պես՝ արժանացել էր չտեսնված վերաբերմունքի: «Առավոտի» հետ զրույցում Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդը տեղեկացրեց, որ սա իր կյանքում առաջին դեպքն է, երբ այդպես կտրուկ ու դատարկ պատճառաբանությամբ մերժում են իրեն: «Ես բազմաթիվ անգամներ ճանապարհորդել եմ արտասահման, 48 երկրում եմ եղել, ընդ որում՝ որոշ տեղերում՝ մի քանի անգամ: Բրիտանական դեսպանատունը պարտավոր էր ինձ ճանաչել այն դեպքում, երբ Մայր Աթոռի նամակը կար, ես դիվանագիտական անձնագիր էի ներկայացնում: Նման անպարկեշտ կերպով, դատարկ պատճառաբանությամբ մերժել եւ հետո էլ «իրավունք» ճոճել, համարում եմ անթույլատրելի»,- նեղվում է սրբազանը: Ըստ նրա, ՀՀ ԱԳՆ-ն պետք է միջոցներ ձեռնարկի ու վերջ դնի այս երեւույթին, չթույլատրի, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ այդքան անպարկեշտ ու քմահաճորեն վերաբերվեն: «Եթե դիվանագիտական անձնագիր ունեցողների նկատմամբ են այդպես վարվում, կարելի է պատկերացնել, թե սովորական քաղաքացու հետ ինչպես են վարվում»,- ասում է նա:

Իսկ ի՞նչը կարող էր մերժման պատճառ հանդիսանալ՝ դեսպանատան աշխատակցի վատ տրամադրությո՞ւնը, վերջերս ԱՄՆ-ում հայերի անունը հանած հանցախմբի արարքնե՞րը, որոնց հետեւանքով զգուշանում են մեզանից, թե՞ պարզապես սրբազանի «սիմպատիան» չէր բռնել դեսպանատան աշխատակցի մոտ: Սրբազանի կարծիքով՝ դեսպանատան հայ աշխատակցի հակակրանքը ոչ թե իր անձի նկատմամբ էր, այլ եկեղեցու ու եկեղեցականության: «Բայց նման սուբյեկտիվ տրամադրություն ունեցող մարդիկ իրավունք չունեն նման տեղերում աշխատելու»,- նկատում է սրբազանը: «Միգուցե վախեցե՞լ են, որ սրբազանն իր անգլերենի փայլուն իմացությամբ կգնա ու Մեծ Բրիտանիայում կմնա»,- կատակեցինք մենք: «Հա, կգնամ, կմնամ էնտեղ ու պիցցա կվաճառեմ (ծիծաղում է- Ն. Ա.)… Ցանկացած մեկից կարող են վախենալ, որեւէ մեկի գնալն ու մնալը տեսականորեն բացառված չէ, բայց պետք է հավանականության տոկոսը հաշվեն, իմ մնալու հավանականությունը զրո ամբողջ չգիտեմ քանի հազարերորդական, միլիոներորդական տոկոս է: Եթե ես մնացող լինեի՝ առ այսօր հարյուրավոր երկրներում մնալու հարյուրավոր հնարավորություններ եմ ունեցել, կմնայի, էլի… Եթե նույնիսկ մնամ, էդ երկրին հաստատ վնաս չեմ տա, բայց որեւէ երկրում մնալու նվազագույն ցանկություն անշուշտ չեմ ունեցել եւ չունեմ, եւ իրենք, որպես դեսպանատան աշխատակիցներ, պարտավոր են ճանաչել մարդկանց, բա ինչո՞վ են զբաղվում, երեւանյան ռեստորաններում ու սրճարաններում նստելուց զատ՝ ուրիշ ի՞նչ են անում»,- ասում է սրբազանը՝ վստահեցնելով, որ եթե որեւէ մեկը մտադրվի այլ երկիր տեղափոխվել բնակության, ապա միջոց հաստատ կգտնի: Նա բրիտանացիներին խորհուրդ է տալիս տեռորիստներ փնտրել ոչ թե հայերի, այլ իրենց քաղաքացիների մեջ. «Լոնդոնի վերջին տեռորիստական դեպքերի հեղինակները ծնունդով բրիտանացի, Բրիտանիայի քաղաքացիներ մահմեդականներ են, ուրեմն թող տեռորիստներ իրենք իրենց մեջ փնտրեն, իրենց դաստիարակության մեջ, իրենց համալսարաններում, հայ եկեղեցում տեռորի՞ստ են փնտրում: Հայ եկեղեցում տեռորիստ չկա, չի էլ լինի, սա պարզապես նվաստացնելու, ստորացնելու ձեւ է, նպատակը ցույց տալն է, որ իրենք ավելի բարձր երկիր են, քան դու, դու խնդրողի կարգավիճակում պետք է լինես, ինքը ազատորեն պիտի գա քո երկիր, իսկ դու ազատորեն չես կարող գնալ իր երկիր: Ժամանակն է, որ մեր պետությունը համարժեք քայլեր ձեռնարկի. բրիտանացին էլ պիտի գնա Լոնդոնի հայկական դեսպանատուն, աղիողորմ խնդրի, որ վիզա ստանա, բայց չպիտի ստանա, դրանից հետո կխելոքանան»:

Ըստ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդի՝ եվրոպական տերությունները պիտի վախենան ոչ գաղթական հայերից, այլ մահմեդականներից: Սրբազանի ասելով, հայը վտանգավոր տարր չէ, ընդհակառակը՝ ինտեգրվող է, նույնիսկ հայ հանցագործներն են շատ շուտ ինտեգրվում տվյալ հասարակությանը, մինչդեռ մահմեդականները դարեր էլ անցնեն, չեն ինտեգրվում, ինչպես որ վերջերս դժգոհեց Գերմանիան: «Ուրեմն՝ հայից վախենալ, դա նշանակում է, որ այդ երկրները ոչ արտաքին հետախուզություն ունեն, ոչ էլ լուրջ վերլուծություն են կատարում, դատարկ, թվացյալ երկրներ են»: Սրբազանը նաեւ սխալ է համարում այն, որ մի քանի հայ հանցագործների պատճառով ողջ ժողովրդի անունն են հանում ու դեսպանատներում զգուշանում: «Հանցագործներ բոլոր երկրներում ու բոլոր ազգերի մեջ կան, այդ ո՞ր երկրում է, որ հանցագործ չկա, Ամերիկան չունի՞ հանցագործ տարր, իր բոլոր հանցագործները եկվորնե՞ր են, բացարձակապես թյուրիմացություն է մի քանի հանցագործների պատճառով պախարակել մի ամբողջ ազգ: Չկա մի ազգ, որի որոշակի տոկոսը հանցագործ չլինի: Ուրեմն՝ երկիրը երկիր չէ, որ հանցագործներին թույլ է տվել մտնել իր երկիր եւ զբաղվել հանցագործությամբ, եւ հիմա էլ աղմուկ են բարձրացնում, թե՝ տեսե՛ք, հայերը հանցագործ են: Հանցագործությունը ազգություն չի ճանաչում: Թող չմոռանան, որ հայերի ճնշող մեծամասնությունը ինտեգրված է ամերիկյան հասարակությանն ու միայն օգուտ է տալիս նրան»,- հիշեցնում է սրբազանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել