Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ»

Հոկտեմբեր 27,2010 00:00

Հայ եւ ադրբեջանցի փորձագետներ՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւ քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Ռաջաբովը սույն թվականի դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին ընդառաջ՝ հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Մինչ այդ գագաթաժողովում ադրբեջանցի եւ հայաստանցի փորձագետները կներկայացնեն ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման՝ իրենց կողմից մշակված «Ճանապարհային քարտեզի» էությունը, փաստում են, որ վերջին երկու տարիների ընթացքում ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման բանակցային գործընթացն ակտիվացել է, եւ այս գործընթացը չի սպառել հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները: Փորձագետները հակամարտության կողմերին կոչ են անում միասնական կամք արտահայտել Մադրիդյան բազային սկզբունքների վերաբերյալ, միանալ 2009 թվականի հուլիսի 10-ին՝ Ակվիլայում եւ 2010 թվականի հուլիսի 26-ին Մասկոկում (Կանադա) Ղարաբաղի հարցով ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հռչակագրերին, իրենց հավատարմությունը հայտնել 1949 թվականի Ժնեւյան կոնվենցիաներին եւ 1977 թվականի լրացուցիչ արձանագրություններին: Փորձագետները ներկայացնում են նաեւ իրենց կողմից մշակված ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման «Ճանապարհային քարտեզի» սկզբունքները եւ որոշ տարրեր. «Փոխշահավետություն, փոխլրացում, փոխկապվածություն, քաղաքացիական հասարակության կամք»: Իբրեւ հիմնարար տարր՝ փորձագետները նշում են Հարավային Կովկասի տրանսպորտի վերաբերյալ «Սպիտակ գիրքը»: Մյուս մոտեցումներից փորձագետներն ընդգծում են անհատականությունների եւ քաղաքացիական հասարակության մակարդակով վստահության ու անվտանգության ստեղծմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել