Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Սեպտեմբերի 29-ին Աշտարակում հանրահավաքի ընթացքում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր. «Իշխանափոխության հասունացման, նոր իշխանությունների ձեւավորման գործընթացը պետք է սկսենք մեր մարզերից», եւ խոստացել, թե մարզ առ մարզ այցելելու են եւ անդրադառնալու առկա խնդիրներին: Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված պրն Ռուստամյանին «Առավոտը» հիշեցրեց, որ Աշտարակում այդ հավաքին այլեւս չհաջորդեց որեւէ հանրահավաք: «Մենք ժամկետներ չենք նշել, բայց այդ գործընթացը կա, եւ մենք հիմա մարզերում նախապատրաստում ենք նման հավաքներ»: Նրա այս պատասխանից հետո հավելյալ հետաքրքրվեցինք, թե ո՞ր մարզն է հաջորդը՝ որտեղ որ ավելի շա՞տ են ՀՅԴ-ականների ազատում աշխատանքից: Արմեն Ռուստամյանն ասաց. «Որը որ ավելի պատրաստ կլինի, արդեն տեղի կառույցները պետք է աշխատեն: Տեղի կառույցներին այդ հրահանգը տրված է, հանձնարարականն իջեցված, հիմնական խնդիրները ճշտված են մոտավորապես նույն տրամաբանությամբ, ինչ որ Աշտարակում եղավ: Այնտեղ ընդունվեց առաջարկությունների փաթեթ՝ ուղղված մարզերի իրավիճակին, սոցիալ-տնտեսական խնդիրներին, որը շատ մասով բոլոր մարզերում էլ առկա է, դա միայն Արագածոտնի հետ կապված չէր: Այդ տրամաբանությամբ հիմա մեր բոլոր մարզային կառույցները զբաղված են նման հանրահավաքներ կամ լայն հանդիպումներ կազմակերպելով»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք անցյալ շաբաթ Երեւանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյից փորձե՞լ են ճշտել «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ ՀՅԴ եւ «Ժառանգության» ուղարկած առաջարկների ճակատագիրը, լինելո՞ւ է փորձաքննություն: Արմեն Ռուստամյանն ասաց, թե Բուքիքիոն տեղյակ չէր, քանի որ այդ հարցերով այնտեղ զբաղվում է հատուկ խումբ, որն ուսումնասիրում է ընտրական գործընթացների հետ կապված փաթեթները: Եվ իրենք պայմանավորվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների Երեւան այցելած պատվիրակության հետ. «Իրենք մեզ խոստացել են, որ մի լայն քննարկում տեղի կունենա երեւի նոյեմբերին, որից հետո արդեն կճշտվի, թե ինչպես ենք մենք, Եվրոպայի խորհրդի բանաձեւերի տրամաբանությունը պահելով, «Ընտրական օրենսգիրքը» փոխում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել