Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դիրքորոշումը՝ անփոփոխ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Այսօր Աստրախանում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Թե ինչ են քննարկելու եւ ինչ լուծումներ են լինելու, ինչպես միշտ, հայտնի չէ, մի բան հաստատ է՝ ինչպես երեկ պնդում էին մեր զրուցակիցները, Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում չի փոխվելու, եւ մենք մեր ասելիքը ունենք, իսկ այն հայտնի է եւ անփոփոխ: Միակ խնդիրը Ադրբեջանն է, քանի որ այդ երկիրը մինչ այժմ իրար հետեւից սխալներ է գործում հարցի կարգավորման բանակցություններում: Պաշտոնական տեղեկությունները հանդիպման մասին եւս ժլատ են, պարզապես կարճ հաղորդագրություն կա այն մասին, որ տեղի է ունենալու եռակողմ հանդիպում:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի գնահատմամբ, եռակողմ հանդիպումը որեւէ էական բան չի փոխի հարցի կարգավորման ընթացքի մեջ. «Առանձնապես մեծ ակնկալիքներ չկան, բայց, ամեն դեպքում, դա, կարծում եմ, նպաստելու է բանակցությունների շարունակմանը, որովհետեւ, եթե հիշում եք, վերջին շրջանում ռազմատենչ հայտարարությունները Ադրբեջանի կողմից նորից սկսվել են, առավել եւս՝ ասում են, որ չկա Հայաստան եւ հայկական տարածք: Սա նշանակում է, որ այդ երկրում կամաց-կամաց վերանում է սթափ դատողությունը, եւ անգամ պատմական փաստերն են փորձում օրը ցերեկով խեղաթյուրել: Կարծում եմ՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու, այս կարգի աբսուրդ հայտարարությունները մեղմելու համար տեղի կունենա այդ եռակողմ հանդիպումը»: Պատգամավորը չի կարծում, թե հանդիպման արդյունքում որեւէ փաստաթուղթ կստորագրվի. «Կարծում եմ՝ բանակցությունները կշարունակվեն նույն հունով՝ մադրիդյան, սանկտպետերբուրգյան որոշումների ուղղությամբ, մինչեւ տեսնենք, թե Ադրբեջանը երբ խելքի կգա եւ հաշվի կնստի պատմական փաստերի հետ»:

Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը այն կարծիքին է, որ յուրաքանչյուր հանդիպում որոշակի քայլ է դեպի հարցի կարգավորում. «Կարեւորը այն է, որ շարունակվի խաղաղ միջոցներով հարցի լուծումը, եւ, միեւնույն ժամանակ, ինչպես միշտ ասում է մեր երկրի նախագահը, ամենակարեւորն այն է, որ մենք կարողանանք ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ՝ այս դիրքորոշումը հստակ է, եւ ադրբեջանցիները պետք է մտածեն, թե իրենց կողմից ինչպիսի մոտեցում պիտի ձեւավորեն, որպեսզի ընդունելի լինի առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդին՝ Հայաստանի եւ միջազգային հանրության համար: Ադրբեջանցիները պետք է լրջորեն մտածեն, քանի որ նրանց անհեռատես եւ ռազմական հայտարարություններն արդեն վաղուց են հոգնեցրել թե մեզ եւ թե միջազգային հանրությանը»: Պարոն Բաբլոյանը եւս կարծում է, որ եռակողմ հանդիպման արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ, եռակողմ հանդիպումը չի կարող բեկումնային լինել. «Նման հանդիպումներ էլի են եղել, եւ, կարծում եմ, ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է հավասարակշռված, հետեւողական, անփոփոխ։ Եվ այն մոտեցումները, որ այսօր հայտարարում են Հայաստանի իշխանությունները, այն է՝ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցությունների կողմ եւ ընդգրկվի բանակցային գործընթացում, հիմնախնդրի լուծման կարեւորագույն պայմաններից մեկն է: Կարծում եմ, հանրապետության նախագահը կվերահաստատի այդ դիրքորոշումը այդ հանդիպման ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել