Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵԼ ԷԻՆ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Եվս մի որոշակի օրինակ, թե ինչ արժեն մրցութային առաջարկներում տրված խոստումները՝ այս անգամ ֆինանսական ներդրումների վերաբերյալ:

\"\"

Սրանք հեռուստաընկերությունների մոնիտորինգի արդյունքներից «Արմնյուզի» վերաբերյալ տվյալներն են՝ նրա լսարանի եւ վարկանիշի վերաբերյալ: Նկատենք՝ դրանք անգամ 2 տոկոսի էլ չեն հասնում:

 «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն արտոնագրված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում մասնավորապես դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները, իսկ հունիսի 10-ին ընդունված խմբագրությամբ՝ այժմ դրանց հավելվել է նաեւ հեռուստաընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը:

2003-ին արտոնագիր ստացած «Սինեմաքս» ընկերությունը, որը հեռարձակեց «Արմնյուզ» հեռուստաալիքը՝ իր մրցութային առաջարկի ֆինանսական հավելվածում ներառել էր «Մաքս կոնցեռն» ՍՊԸ նախագահ Խաչիկ Մանուկյանի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՌԱՀ-ին հասցեագրված հետեւյալ գրությունը. «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ն, որն իր մեջ ներառում է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան, Մաքս Ֆյուըլը, Մաքս Սիդը, Մաքս Վուդը, Մաքս Ֆրութը, եւ որի տարեկան դրամական շրջանառումը կազմում է մոտ 10 մլրդ դրամ, իսկ ընդհանուր գույքային կապիտալը՝ մոտ 7 մլն դոլար, հավաստում է, որ տիրապետում է անհրաժեշտ ֆինանսական միջոցների, որպեսզի դրանք ներդնի «Սինեմաքս» ՍՊԸ զարգացման ծրագրերում, ըստ կից ներկայացված հավաստագիր նամակի»: Վերջինիս համաձայն, որը ստորագրել էր «Մաքս կոնցեռնի» տնօրեն Մ. Բագրատյանը՝ «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է «Սինեմաքսի» սեփականատեր, երաշխավորում է, որ հետագա 7 տարիների ընթացքում իրականացնելու է ներդրումային ծրագիր՝ ընդհանուր առմամբ 2,5 մլն դոլարի համարժեք դրամ»: Ինչպես երեկ պարզեցինք Խաչիկ Մանուկյանի հետ զրույցի ընթացքում՝ ընդամենը 2 տարի անց նրանք հեռուստաընկերությունը վաճառել էին այլ անձի, իսկ մինչ այդ էլ չէին արել ներդրումներ:

Գուցե հաջո՞րդ սեփականատերն իրականացրեց արտոնագիր ստանալու համար վճռորոշ դարձած այս խոստումը եւ ապահովեց ներդրումային ծրագրի կատարումը: Այս կապակցությամբ հիշեցնենք, որ մրցութային առաջարկի համաձայն՝ «Արմնյուզը» «Եվրոնյուզի» հաղորդումները վերահեռարձակելուց բացի՝ պիտի ունենար բազմաթիվ սեփական հաղորդումներ. «2006-2007 թվականներին ներդրումների ծավալը կուղղվի լրագրողական սեփական թղթակցային կետերի ընդլայնմանը եւ կոմունիկացիայի տեխնիկական միջոցների կազմակերպմանը: Այս պարագայում նախատեսվում է ֆինանսապես ապահովել թղթակցային բյուրոների արբանյակային կապով Հայաստանի հետ միանալը, որը հնարավորություն կտա օպերատիվ կերպով վայրկյանի դրությամբ ստանալ եւ ուղարկել տեսատեղեկատվություն: 2007-2009 թվականների ընթացքում ներդրումներն ուղղված են լինելու հեռուստաալիքի արբանյակային հեռարձակման համար: Արբանյակային հեռարձակման համակարգը հնարավորություն կտա ոչ միայն տեսանելի լինել արտերկրի մեր հայրենակիցների համար, այլեւ օգտագործելով այդ ազդանշանը՝ Հայաստանում կազմակերպել հեռարձակման նոր կետեր Հայաստանի շրջաններում: Հենց այդ աշխատանքների համար էլ 2010 թվականին ընկերությունն ամբողջությամբ կկատարի իր ներդրումային ծրագիրը»: Նկատենք, որ Հայաստանում կա՛ն հեռուստաընկերություններ, որոնք իրականացնում են արբանյակային հեռարձակում, սակայն «Արմնյուզը» բնավ դրանց շարքում չէ: Այնպես որ՝ սա մրցութային առաջարկում ներառված ու չկատարված խոստում է, ինչպես եւ խոստումները լրագրողական սեփական թղթակցային կետերի մասին, որոնց հավելված էր. «Այսօր արդեն «Արմնյուզ» հեռուստաալիքն ունի սեփական թղթակիցներ Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում: «Սինեմաքս» ընկերությունն ապահովում է լրագրողական տեսաձայնագրային սարքավորումների, տեսախցիկների, մոնտաժային համակարգերի, ձայնային սարքավորումների ձեռք բերումը եւ տեղադրումը թղթակցային բյուրոներում: Շուտով արդեն այս բյուրոները կներկայացնեն տարբեր լրատվություն արտերկրից, հիմնավորապես հայկական կյանքի վերաբերյալ»: Դատելով «Արմնյուզի» չիրականացրած ծրագրերի քանակից, ակնհայտ է՝ հազիվ թե կատարվել է տրված խոստումը 2010 թվականին ներդրումային ծրագիրը կատարելու վերաբերյալ:

«Այդ 2,5 մլն դոլարի վերաբերյալ երաշխավորագիրը կարեւոր դեր կատարեց՝ հաղթողին որոշելու համար: Բայց ընդհանրապես՝ «Արմնյուզի» մրցութային փաթեթում շատ փաստաթղթեր կային, որոնք մեզ համար անհասկանալի էին, ու մի շարք փաստաթղթեր մենք վիճարկեցինք դատարանում,- «Առավոտին» ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որը դատական ատյաններում ներկայացնում էր «Ա1+»-ի շահերը:- Մրցութային առաջարկում ֆինանսական ներդրումները լուրջ դերակատարություն ունեն, եւ այդ կապակցությամբ ամեն ինչ պիտի հստակ լինի, ներդրումները՝ փուլային, իսկ ՀՌԱՀ-ն էլ պետք է մինչեւ արտոնագրի ժամկետի ավարտն ուշադրություն դարձնի, թե արդյոք այդ ներդրումները կատարվե՞լ են՝ թեկուզ տվյալ փուլի ընթացքում»: Մեր դիտարկմանը, թե արտոնագրի պայմանների կատարման նկատմամբ նման շահագրգիռ վերահսկողություն անցած 7-8 տարիներին չի իրականացվել ոչ միայն «Արմնյուզի», այլեւ ընդհանրապես որեւէ հեռուստաընկերության նկատմամբ՝ Տիգրան Տեր-Եսայանն արձագանքեց հիշեցմամբ, թե այնուամենայնիվ՝ մի նախադեպ կա. «ՀՌԱՀ-ն իրավասություն ունի որպես հեռարձակող որոշ պայմաններ չկատարելու առնչությամբ կիրառել պատժամիջոցներ, եւ 2001 թվականին այդ իրավասությունը կիրառել է այն ընկերության նկատմամբ, որի հետ պայմանագրի համաձայն՝ «Նոյյան տապանը» հեռարձակում էր հեռուստահաղորդումներ: Եվ այդ պատժամիջոցի հետեւանքով դադարեցվեց «Նոյյան տապանի» հեռարձակումը»:

Մեղմ ասած, միամիտ կլիներ հուսալը, թե նման նախանձախնդրություն կցուցաբերվի նաեւ վերահսկելի հեռուստաալիքների պարագայում, եւ այսօրվանից ներկայացվելիք մրցութային հայտերը գնահատելիս ՀՌԱՀ-ը նաեւ հաշվի կառնի, թե որքանով են տվյալ հեռուստաընկերություններն իրենց տված ֆինանսական, տեխնիկական ու ծրագրային խոստումները կատարել անցած տարիների ընթացքում: Իսկ կոնկրետ «Արմնյուզի» պարագայում նաեւ մի առանձնահատկություն կա. ի վերջո՝ անցած տարիների ընթացքում դե-յուրե արտոնագրատերը եղել է «Սինեմաքս» ՍՊԸ-ն, իսկ այժմ մրցութային հայտ է ներկայացրել «Արմնյուզ» ՍՊԸ-ն, որը ձեւական տեսակետից պատասխանատու չէ «Սինեմաքսի» ներկայացրած մրցութային առաջարկի կատարման համար: Այնպես որ, ըստ Տիգրան Տեր-Եսայանի, այս կապակցությամբ շատ հարցերի պատասխան կտա այն իրավական կարգավիճակը, որով «Արմնյուզ» ՍՊԸ-ն կներկայանա հոկտեմբերի 28-ին՝ մրցութային առաջարկը ներկայացնելիս. «Շատ հնարավոր է, որ հանդես գա իբրեւ նոր ընկերություն, որն այս կապուղով հեռարձակումն իրականացնելու կապակցությամբ չի կրում ոչ մի պատասխանատվություն: Իսկ եթե այնուամենայնիվ կրում է պատասխանատվություն իրականացված գործունեության համար՝ փոխվում են հարցադրումները: Մասնավորապես՝ ինչպե՞ս է, որ մի ընկերություն ներկայացնում է իրատեսական փաթեթ, մյուսը՝ միլիոններ ներդնելու եւ տեխնիկայի վերաբերյալ թղթեր ներկայացնում ու իրականություն չդարձող խոստումներով ճանաչվում հաղթող: Մինչդեռ էլի եմ ընդգծում՝ մրցութային փաթեթն ուղենիշ է, եւ ՀՌԱՀ-ը պետք է մինչեւ արտոնագրի ժամկետի ավարտն այս կապակցությամբ ամենօրյա աշխատանք տաներ եւ արձագանքեր՝ ուղենիշից շեղվելու դեպքում: Իսկ այժմ ուզում եմ ասել՝ հարգելի՛ ՀՌԱՀ, ուշադրություն դարձրեք ոչ թե նկարված թվերի եւ տեխնիկայի վերաբերյալ միֆոլոգիային, այլ հեռուստաընկերության անցած ճանապարհին եւ մրցութային իրատեսական առաջարկ ներկայացնողին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել