Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ՊՊՎ պահպանության բաժնի 50 ոստիկանները առայժմ առանց անուններ տալու «Առավոտին» են դիմել, քանի որ պայքարի մնացյալ մեթոդները համարում են սպառված:

Ոստիկանները դժգոհում են, որ արդեն չորս տարի է, ինչ իրենց «մոռանում են» աշխատավարձ վճարել: Ավելի ճիշտ՝ «Կներեք, կներեք, երբեմն, տարվա մեջ 4-5 անգամ մասամբ վարձատրում են, ու արդյունքում մեր պետբյուջեն յուրաքանչյուր աշխատողի պարտք է մնացել 300-700 հազար դրամ: Ընդհանուր հաշվով՝ բավական մեծ գումար: Արդյունքում էլ բարեխիղճ աշխատանք են պահանջում»,- «Առավոտի» աղբյուրին փոխանցել են ոստիկանները: Նրանց վրդովեցնում է, որ ամեն տեսակ «կոլեգիաների» կամ այլ պաշտոնական միջոցառումների ժամանակ «շեֆերը» անընդհատ խոսում են ոստիկանության բնագավառում հազար ու մի բարեփոխումների մասին, աշխատավարձ են բարձրացնում, խրախուսում՝ տոնական օրերին ու հավելյալ ծառայելու համար, իսկ իրենց անտարբերության են մատնել:

Ու չնայած այս վիճակին՝ նրանք դեռ շարունակում են աշխատել, բայց պատճառը բնավ էլ հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը չէ: Այդ գիտակցումը, ցավոք, ոլորտի բարձրաստիճանների ջանքերով արդեն վերջին հորիզոնականներում է: Այլընտրանք չկա. «Հույս ունենք, որ օրերից մի օր կվարձատրվենք, անգամ արձակուրդային կստանանք, գուցե՝ նոր համազգեստ էլ: Չենք էլ հիշում, թե վերջին անգամ երբ էր, որ համազգեստ ստացանք, երեւի 5 տարի առաջ էր… հիմա դրանք այնքան մաշված են»: Իսկ առայժմ նրանց ընտանիքները շարունակում են վայելել բարեհաճ հարազատների հոգատարությունը: Սոցիալական ամենատարբեր խնդիրներ լուծելու համար այդ մարդիկ նաեւ տարբեր բանկերից վարկեր են վերցրել ու կրակն ընկել, քանի որ հիմա էլ չեն կարողանում մարել: «Սիրելի օրինապահներ, եթե մտադիր եք օրենքի սահմանում լուծել այս հարցը ու մեզ տալ մեր աշխատավարձերը, ապա՝ շտապեք, առջեւում ձմեռ է»,- «Առավոտին» տրամադրած նամակում պատկան այրերին դիմում են «լուսանցքում հայտնվածները»:

Թե ինչու են հայրենի օրինապահ համակարգում նման խնդիրներ առաջանում, այն էլ հիմա, երբ կարծես թե պատկան այրերն առավոտից իրիկուն քրտնում են (համենայնդեպս, այդ առիթով արտասանված ճառերը խոսուն են) ոստիկանի դեմքը, դիրքը, հեղինակությունը, համբավը եւ այս ամենից բխող՝ նաեւ սոցիալական կարգավիճակը բարելավելու համար՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչության պետ Սայաթ Շիրինյանն առաջին օրը բավականին սիրալիր արձագանքեց «Առավոտի» հարցերին, զարմացավ, զայրացավ, տարակուսեց ու խոստացավ եղելությունը պարզել, համապատասխան ամբողջական տեղեկատվություն տրամադրել: Սիրով սպասեցինք: Ապարդյուն: Երբ փորձեցի հետաքրքրվել հարցմանս ճակատագրով, այս անգամ պարոն Շիրինյանի գործավարը ցուցում տվեց կապվել բաժնի այլ աշխատակցի հետ: Ըստ գործավարուհու, շեֆը սովորական լրագրողների հետ չի շփվում: Իսկ սովորական լրագրողների հետ շփվող աշխատակիցները ամբողջ օրն այդպես էլ չկարողացան պարզաբանումներ ներկայացնել:

«Առավոտը» ստիպված է հրապարակել հոդվածն առանց ոստիկանության պաշտոնական պարզաբանման՝ հուսով, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ՊՊՎ պահպանության բաժնի 50 ոստիկանների խնդիրն իր լուծումը կստանա՝ թերթում պաշտոնական պարզաբանմամբ, թե առանց դրա: Բայց փաստը, որ ոստիկանության լրատվական ծառայությունը կամ խուսափում է պարզաբանումներ տալ, կամ փորձում է ժամանակ շահել, կամ հարցը ցրել, արդեն նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ: Ի դեպ, եթե այս կերպ խնդիրը լուծում չստանա, ոստիկանները պատրաստվում են պայքարի հրապարակային այլ միջոցների դիմել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել