Մոսկովյան պատրիարքարանում խիստ հրատապ են համարում Պետդումայում քննարկվող՝ «Երեխաների պաշտպանությունը նրանց առողջությանը եւ զարգացմանը վտանգող տեղեկատվությունից» օրինագիծը: «Քանի որ մանկական գիտակցության ձեւավորումն ընթանում է արդի հասարակության մեջ, որի վրա ազդեցություն ունեն ԶԼՄ-ները, ամենից առաջ՝ հեռուստատեսությունը եւ համացանցը, ապա այդ ոլորտը չի կարող չգտնվել ռուս օրինաստեղծների եւ ընդհանուր առմամբ հասարակության ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է Սինոդական տեղեկատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան:
Նրա համոզմամբ՝ երեխաներին ուղղված անորակ տեղեկատվությունը պետք է կասեցվի: «Ընդ որում, խոսքը տվյալ դեպքում ոչ թե գրաքննության մասին է, այլ՝ խելամիտ սահմանափակումների ներմուծման: Կարծում եմ, որ դա կարեւոր եւ անհրաժեշտ օրենք է»,- նշել է նա:
Վ. Լեգոյդան հայտնել է, թե մի քանի տարի առաջ լինելով Դեղագործական ուսուցման կենտրոնի հասարակական խորհրդի անդամ, մասնակցել է այդ օրինագծի ընդհանուր հայեցակարգի քննարկմանը: Նրա խոսքերով՝ ուղղափառ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Պետդումային են ներկայացրել իրենց առաջարկները, «որոնք նկատի են առնվել, կամ էլ գոնե ուշադրության արժանացել պատգամավորների ներկա քննարկումների ընթացքում»:
Մոսկովյան պատրիարքարանի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ օրինագիծը կանցնի երրորդ ընթերցումը, եւ «դրա դրույթները հաջողությամբ կկենսագործվեն»: