Օրերս Ստեփան Զորյանի տուն-թանգարանում Վանաձորի «Թռիչք» կրթամշակութային եւ խորհրդատվական հ/կ-ի կազմակերպած բեմադրությունը նվիրված էր գյուղացի Համբոյի դատավարությանը: Նախ հատվածներ բեմադրվեցին «Գիքորը» պատմվածքից, ապա դատավարության կողմ եւ դեմ կողմերը որոշեցին Համբոյի դերը Գիքորի ողբերգական ճակատագրի մեջ ու նրան մեղավոր համարեցին ազնվության, միամտության, աշխարհ չտեսած լինելու մեջ, ինչը մեր օրերում, ինչպես նկատեց ներկաներից մեկը, «հարիֆության դրսեւորում» է:
Համբոյի դատին հաջորդեց «Գիքորականությունը մեր օրերում» թեմայով թոք-շոուն: Ծավալվեց գերակտիվ քննարկում:
«Թումանյանը «Գիքորը» գրել է 100 տարի առաջ: Գտնում եմ, որ անցնող դարը չի փոխել պանդուխտ լինելու հակումը մեր մեջ: Այսօր էլ կա մեկ դար առաջվա խեղճությունը: Մենք մեր տան մեջ կարող ենք շատ բարձր խոսել մեր դժգոհություններից, բայց դուրս գալ ու խեղճացած մի կողմ քաշվել»,- գիքորականության մերօրյա դրսեւորումների մասին իր կարծիքը ձեւակերպեց «Թռիչք» հ/կ-ի նախագահ Հովհաննես Նիկողոսյանը: Կարծիք հնչեց, թե Գիքորին հնարավորություն չտրվեց լինել հասարակ գյուղացի, այլ ուղարկեցին քաղաք ու դարձավ… գիքոր: Խոսվեց նաեւ մեր շրջապատում գիքորներ հիշեցնող կերպարների մասին: Գրականության մեջ շատ կան կերպարներ, որոնք իրենց երկրի ու հասարակության գիքորներն են. դրանով է պայմանավորված Թումանյանի ստեղծած կերպարի ոչ միայն համազգային, այլեւ համամարդկային արժեք-կերպար լինելը: Ըստ ներկաների՝ Գիքորն առավելություններ էլ ունի՝ մաքրամաքուր լինելը, որ այսօր մենք չենք ուզում ընդունել եւ համարում ենք «հարիֆություն»: Սրան հակադրվեց կարծիքը, թե այն, ինչը հանգեցնում է չարիքի, դրական լինել չի կարող, իսկ Գիքորի միամտությունը հենց չարիք ծնեց:
Վերջում ներկաներին բաժանվեց «Թռիչք» թերթի 5-րդ համարը, որ արդեն տպարանային արտադրության է՝ մեկ տպագրական մամուլ ծավալով: Թերթը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ: