Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտե՛ք հեռուստատարբերակը

Հոկտեմբեր 26,2010 00:00

«Արտիստը» ֆիլմի կինոտարբերակը բավականին խտացված էր

\"\"Հոկտեմբերի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսականի դատին հանձնվեց Ա. Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը՝ Զառա Սարգսյան-Կասպարյանցի ռեժիսուրայով:
Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Հարությունյանը  «Առավոտին» ասաց, որ նախապատրաստական աշխատանքներն ու ֆիլմի նկարահանումը տեւել են մոտ մեկ տարի:
«Ֆիլմի գործողությունները կատարվում են 110 տարի առաջ, Օդեսայում: Մեզ համար շատ կարեւոր էր հաղորդել դարաշրջանի շունչը՝ սկսած դերասանների արտաքինից, վերջացրած ինտերիերով ու մանր-մունր կենցաղային պարագաներով: Ամեն մի մանրուք խորապես ուսումնասիրվել է, հաշվի է առնվել: Անգամ կառքի գույնը, աֆիշների տեսքը եւ այլն… Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Վրաստանում եւ Հայաստանում»: Հարցին՝ ինչո՞վ է զարմացնելու հանդիսականին «Արտիստը», պրոդյուսերը պատասխանեց. «Ֆիլմում չկան հատուկ էֆեկտներ: Նկարահանված է դասական չափի եւ ձեւի մեջ: Դրանով չէ, որ ուզում ենք զարմացնել \"\"հանդիսականին: Ֆիլմում կան  սիրային կրքեր ու անկեղծ զգացմունքներ, այսինքն՝ այն, ինչ գրել է Շիրվանզադեն»:
ֆիլմի բյուջեն կազմել է 20 մլն դրամ: 
Գլխավոր հերոսների կերպարները վստահված են Լուսինե Թովմասյանին եւ Արսեն Լեւոնյանին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ պրոֆեսիոնալ դերասաններ Էվելինա Շահիրյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Կարինե Ջանջուղազյանը, Վարշամ Գեւորգյանը, Արման Ղազարյանը եւ այլք:
Ֆիլմի առաջնախաղը «Մոսկվա» կինոթատրոնում ընթացավ ձայնային խոտաններով, դադարներով: Փորձ էր կատարվել՝ վեց մասերից բաղկացած ֆիլմը «խտացնել», արդյունքում «Արտիստը» տուժել էր:
Ռեժիսոր Զառա Սարգսյան-Կասպարյանցը լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանեց, որ կինոտարբերակը խտացված էր, մինչդեռ սցենարը գրվել է հեռուստատարբերակի համար. «Այստեղ մենք փորձել ենք կարճ ժամանակահատվածում ներկայացնել ֆիլմը, որի մասին ամբողջական տպավորություն կարելի է կազմել հեռուստատարբերակը դիտելուց հետո»:
Դերասանական առաջին քայլերն անող Արսեն Լեւոնյանն ասաց, որ գոհ է ֆիլմից: Նաեւ նշեց, թե իր համար շատ հետաքրքիր է եղել աշխատել դերասանական ողջ անձնակազմի հետ, հատկապես առանձնացնելով դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի խաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել