«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում օրերս բացվել էր հնատիպ եւ նորատիպ գրքերի ցուցահանդես՝ հայ գրքի տպագրության հինգհարյուրամյակին ընդառաջ: ՀՀ մշակույթի նախարարության «Արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանային ֆոնդի մի արժեքավոր մաս ցուցադրված էր թանգարանի ցուցասրահում: «Երիտասարդներն այսօր կտեսնեն հայ գրքի տպագրության իսկական արվեստը: Սրա նպատակն է արթնացնել գրքի նկատմամբ սերը եւ վերջերս մեր հասարակության շրջանում պակասած հարգանքը: Մեր գրադարանի ֆոնդում կա տասնմեկ հազարից ավելի գիրք եւ ամսագիր: Ուզում ենք, որ մեր ֆոնդերը զուտ պահոցներ չլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Այվազյանը: Ցուցահանդեսի ամենահին նմուշը Մ. Չամչյանի եռահատոր «Պատմութիւն հայոցն» է՝ տպագրված 1780-ական թվականներին: «Մարդիկ այսօր հեռացել են գրքից: Այսպիսի նախաձեռնությունները յուրահատուկ քաջալերման ձեւ են գրասերներին»,- ասում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի գիտալուսավորչական բաժնի վարիչ Շուշան Ավագյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին թանգարանների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ: «Այսպիսի միջոցառումներին միշտ մենք ունենում ենք մեր մասնակցությունը: Հետաքրքիր է հետո տեսնել սրանց թողած տպավորությունն ու նստվածքը երեխաների մեջ»,- ասում է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Էսթեր Գալստյանը: «Արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանը անցած տասնամյակներում գրականությամբ համալրվել է հիմնականում կոմիսիոն գնումների միջոցով, այն այժմ էլ համալրվում է ժամանակակից մասնագիտական հրատարակություններով: