Սարտրի «Դռնփակ» պիեսը այնքա՞ն էլ ալավերդցու սրտով չէ
Օրերս «Թատերական Լոռի 2010» փառատոնի շրջանակներում Ալավերդու քաղաքային թատրոնը ներկայացրեց Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» պիեսը՝ Հրաչյա Պապինյանի ռեժիսուրայով:
Վերջինս ասաց, որ այս պիեսը հատուկ բեմադրվել է փառատոնի համար: Առաջնախաղն էլ կայացել է 2009-ին: Նկարչական եւ երաժշտական ձեւավորումը նույնպես արել է Հ. Պապինյանը:
Ռեժիսորի խոսքերով՝ «Դռնփակ» պիեսը այնքան էլ ալավերդցի հանդիսականի սրտով չէ. կան մարդիկ, որոնք հավանում են ներկայացումը, տպավորված հեռանում, կան մարդիկ էլ, որոնք ներկայացման առաջին իսկ րոպեներից անակնկալի են գալիս եւ որոշում՝ սա իրենց նախընտրած ներկայացումը չէ (կատակերգություն են սիրում,- Վ. Մ.) եւ լքում դահլիճը:
Հ. Պապինյանը ասաց նաեւ, թե պիեսը հարմար է եղել նրանով, որ ներկայացման մեջ զբաղված է միայն մեկ տղամարդ դերակատար (տղամարդ դերակատարների խնդիր ունի Ալավերդու թատրոնը). «Ներկայացման մեջ հատկապես առանձնանում է Էստելի դերակատար Սիլվա Նազարյանի խաղը: Մնացած երկուսը՝ դերասաններ Անահիտ Բեգջանյանը (Ինես) եւ Գագիկ Բաբլումյանը (Գարսեն), թատրոն սիրող մարդիկ են եւ չափից ավելի են հուզվում, ինչը նրանց երբեմն խանգարում է: Դա էլ իր հերթին բերում է տեքստի մոռացության: Հուշարարի կարիք կա, բայց մեր դահլիճը չունի նման հնարավորություն: Չկան պայմաններ: Մնում է ապավինել միայն Աստծո զորությանը»:
«Առավոտը» ներկայացումից հետո զրուցեց նաեւ դերասանների հետ, ինչի արդյունքում պարզեց, որ սկզբնական շրջանում Սարտրի պիեսը այնքան էլ նրանց սրտով չի եղել: Դերասանուհի Սիլվա Նազարյանին վախեցնում էին, թե ներկայացման հերոսները մահացած հոգիներ են: Ավելի ուշ նա սիրել է իր դերը: Անահիտ Բեգջանյանն էլ հավելեց, որ, ի տարբերություն գործընկերուհու, մինչ օրս չի համակերպվել իր հերոսուհու հետ: Հատկապես նրա սեռական կողմնորոշման հետ: «Ինձանից շատ հեռու է լեսբուհու կերպարը»,- անկեղծացավ Ա. Բեգջանյանը: Ի դեպ, նույն օրը ներկայացումից առաջ կայացավ դերասանուհու բենեֆիսը: Ռեժիսոր Հ. Պապինյանը ներկայացրեց դերասանուհու թատերական դիմանկարը: Խոսքով հանդես եկավ փառատոնի նախագահ Վահե Շահվերդյանը, ով աշխատել է դերասանուհու հետ: Վ. Շահվերդյանը, հուրախություն հանդիսատեսի, ասաց, որ փառատոնի օրերին Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը հանդես է գալու Ա. Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» պիեսի բեմադրությամբ եւ տարիներ առաջ մի էպիզոդում բավական հաջող հանդես եկած Ա. Բեգջանյանին հնարավորություն կտրվի եւս մեկ անգամ Աբելյանի թատրոնի հետ խաղալ:
Հավելենք, որ դահլիճը լքող չգրանցվեց: Ճիշտ հակառակը՝ ծաղիկներ, սիրո խոստովանություններ, «բրավո»-ներ…
Նշենք նաեւ, որ նույն օրը նույնքան ջերմ ընդունելության արժանացավ Սպիտակի տիկնիկային թատրոնը՝ Արմինե Մելքոնյանի ղեկավարությամբ: Փոքրիկ հանդիսականի դատին հանձնվեց «Վախկոտ պարծենկոտ» ներկայացումը: