Հունաստանի Պորտա Կարրաս քաղաքում ընթացող շախմատի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում երեկ հանգստի օր էր հայտարարված: Իսկ մինչ այդ, մասնակիցները խաղացել էին վեց տուր:
Հայաստանի 19 շախմատիստներից գերազանց մրցելույթ է ունենում ավագ տարիքային խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը, որը տարել է հինգ հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 5,5 միավորով գլխավորում է 18 տարեկանների մրցաշարային աղյուսակը՝ իրենից կես քայլ ետ թողնելով երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող ամերիկացի եւ իսպանացի մոտակա մրցակիցներին: Տղաների մյուս տարիքային խմբերում Տիգրան Հարությունյանը (U14) 4,5 միավորով վեցերորդն է, իսկ 12 տարեկանների մրցապայքարում Մանվել Պետրոսյանը՝ 7-րդը (5,0 միավոր):
Մեր աղջիկներից համեմատաբար լավ են հանդես գալիս 14-ամյա Սուսաննա Գաբոյանը եւ 16-ամյա Մարիա Գեւորգյանը: Նրանք վեց հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակներում ընթանում են, համապատասխանաբար, 11-րդ եւ 10-րդ տեղերում: