Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակիչների ու թարգմանիչների համաժողով

Հոկտեմբեր 26,2010 00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ,  ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո հոկտեմբերի 25-28-ը Երեւանում անցկացվում է ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովը: Հայաստան են ժամանել շուրջ 130 պատվիրակ՝ 22 երկրից: «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում բացվեց գրքի միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված էին շուրջ 50 հրատարակչություններ ու պարբերական հրատարակություններ, նաեւ «Գրանշան» միջազգային մրցույթի հաղթողների աշխատանքները:
Ըստ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի, թարգմանական արվեստը մշակույթի եւ քաղաքակրթության կարեւոր բաղկացուցիչ մասն է. «Լավ գիրքը դաստիարակում է մի ամբողջ ժողովրդի, վատը՝ փչացնում սերնդի ճաշակը: Այս ֆորումի շրջանակներում ընտրվել են ճաշակ կերտող եւ զարգացնող արժեքներ»: «Կնիժնոե օբոզրենիե» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Նաբոկովի խոսքով էլ՝ ֆորումը նպաստում է մշակութային տեղեկատվական ոլորտի ձեւավորմանը:
ՀՀ  մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանն էլ նշեց. «ԱՊՀ շրջանակներում գրքերի փոխանակումը դժվարացել է: ԱՊՀ երկրներում գրահրատարակիչների խորհուրդը որոշել է ավելի հեշտացնել գործընթացը եւ այս ցուցահանդեսներն այդ ուղղությամբ առաջին ձեռքբերումներից են: Ինչ վերաբերում է  միջազգային ցուցահանդեսներին, հայ գրքի ներկայանալը շահեկան է, որովհետեւ արդեն ունենք լուրջ բազա՝ տարբեր լեզուներով հայ գիրքը ներկայացնելու»: Ուկրաինայից «Ռադուգա» ամսագրի գլխավոր խմբագիր Յուրի  Կովալսկին «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այս ֆորումը լավ հնարավորություն է ծանոթանալու հարեւան երկրների մեր կոլեգաների հետ, տեղեկանալու աշխարհում տիրող իրավիճակին: Հիմա դժվար շրջան է հրատարակիչների համար, որովհետեւ գրքերն այլեւս մեծ քանակությամբ չեն վաճառվում»:
Հետաքրքրվեցինք՝ Ուկրաինան ներկայացնող հայ հեղինակների գործեր կա՞ն: «Ուկրաինայում կա մեծ հայկական համայնք, ինչպես նաեւ հրաշալի հայ գրողներ: Այսօր մեր տաղավարում կա մի հայուհու գիրք՝ Ելենա Սիվիրենկո-Ստավրոյանինը: Նա գրում է ռուսերեն, գուցե հայերի մասին չի գրում, բայց իր մենտալիտետով հայ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել