Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՌԱՑԱՎ՝ ԵՐԳԵԼՈՒ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"Արաքս Դավթյանի հիշատակին

«Աստվածային Արաքս Դավթյանը», «Հայկական Մոնսերատ Կաբալյե», «Եվ ոսկյա, եւ թավշյա ձայն», «Լավագույն «մոցարտյան» երգչուհիներից մեկը», «Վերդիյան ձայների փնտրտուքը կարելի է դադարեցնել». արտերկրում երաժշտական քննադատները այսպես են վերնագրել մեծանուն երգչուհի Արաքս Դավթյանի մասին իրենց հոդվածները:
Դժվար է խոսքերով հաղորդել այն մթնոլորտը, որ տիրում էր վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Նվիրում Արաքս Դավթյանին» երեկոյին: Այն կազմակերպել էին մեծանուն երգչուհու մտերիմները: Ելույթ ունեցան երգչուհուն աշակերտած Լուսինե Ազարյանը, Նունե Մուրադյանը, Հեղինե Ասատրյանը, Արմեն Մաթեւոսյանը, ինչպես նաեւ Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն, երգչուհի Գայանե Գրիգորյանը, «Հովեր» կամերային երգչախումբը, երգչուհու տարիների կոնցերտմայստեր Արմեն Աղաջանյանը: Արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանի եւ ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի խոսքը Արաքսի մասին հուզիչ էր եւ բովանդակալից: Երեկոյի ընթացքում հնչած երկերից առանձնացնենք մեկը՝ ֆրանսահայ Ժան Հովակի «Օրորոցայինը»՝ Սվետլանա Նավասարդյանի խոսքերով: Ժանը երգչուհու արվեստի երկրպագուն լինելով, այդպես էլ բախտ չի ունեցել հանդիպել նրան:
Կենդանի կատարումները մերթընդմերթ ընդմիջվում էին Արաքսի երգով, իսկ ավարտին, Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայից Ելենայի բոլերոյի դավթյանական կատարումը հանդիսատեսը հոտնկայս լսելուց հետո, երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում, որոնք ուղեկցվում էին «բրավո՜, Արաքս» բացականչություններով, կարծես հաստատելով նրա կենդանի ներկայությունը: Երեկոյից մեկ օր առաջ էլ Երեւանում համերգով հանդես եկող ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը Ա. Դավթյանի հիշատակին նվիրեց Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերայի «Անտրակտը»: Ինչպես ասաց նվագախմբի ղեկավար, անվանի ջութակահար եւ դիրիժոր Վլ. Սպիվակովը՝ «այս կատարումը նվիրում ենք մեր թանկագին ընկերոջը»:
1986թ.-ից համագործակցելով Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ, Արաքսը ունեցել է շուրջ 150 համերգ՝ աշխարհի լավագույն բեմերում: 1986-ին կայացավ երգչուհու դեբյուտը Վիոլետայի դերերգով (Վերդի՝ «Տրավիատա») Մեծ թատրոնում:
Մինչ այս համագործակցությունը, պետք է նշել 1980-ականներին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Սարյանի անվան օպերային ստուդիայում երգչուհու փայլուն դերերգերը, այդ թվում՝ Մադամ Բաթերֆլայը՝ Պուչինիի «Չիո Չիո Սան», Միմին՝ «Բոհեմ», Սանտուցան՝ Մասկանիի «Գեղջկական պատիվ», Իոլանտան՝ Չայկովսկու համանուն օպերայում եւ այլն:
Երգիչ Ռաֆայել Հակոբյանցը, որը ժամանակին Վերդիի «Տրավիատայում» հանդես է եկել Ժերմոնի դերերգով, պատմում է, որ Վիոլետա-Արաքսը լալիս էր իսկական արցունքներով՝ անկեղծ ու բնական… Երգչուհու՝ իբրեւ դրամատիկ դերասանուհու տաղանդը նկատելով, ականավոր կինոռեժիսոր Ռուստամ Խամդամովը 2005թ. նրան հրավիրել է նկարահանվելու «Վոկալ զուգահեռներ» ֆիլմում, որը մեծ հաջողություն ունեցավ Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում:
Անդրադառնալով Կամերային երաժշտության տանը տեղի ունեցած Ա. Դավթյանին նվիրված երեկոյին, մեջբերենք տաղանդավոր դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի խոսքը. «Ասում են՝ ամենազոր ժամանակն է արժեւորում արվեստում ամեն մեծ երեւույթ, ոմանց անունների վրայից սրբելով մոռացության փոշին, ոմանց տանելով մոռացություն… Այն ճանաչում է միայն ջահակիրներին: Արաքսը այդպիսին էր: Նա թագուհին էր իր իսկ հնչյուններից հյուսված աշխարհի, մոլեռանդորեն ծառայում էր արվեստին: Աստվածային ձայն, աստվածային երգեցողություն… Երգը նրա կյանքի էությունն ու իմաստն էր: Երգի թեւերով նա հասավ իր երազանքի երկիրն Ավետյաց… Այդպիսին թողեց նա մեզ իր երազն ու հեռացավ երգելու աստվածների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել