Տոկիոն պաշտոնական բողոք է հայտնել Պեկինին՝ վիճելի կղզիների մոտակայքում չինական ձկնորսական երկու տեսչական մոտորանավակների ի հայտ գալու առնչությամբ: Անմարդաբնակ կղզիները, որոնք Ճապոնիան անվանում է Սենկակու, իսկ Չինաստանը՝ Դյաոյույդաո, տեղակայված են արեւելաչինական ծովում: Դրանք գտնվում են Ճապոնիայի վերահսկողության տակ, բայց Չինաստանը դրանց առնչությամբ որոշակի հավակնություններ է դրսեւորում: Կղզու շրջակա ջրերը հարուստ են ձկան պաշարով, ենթադրվում է նաեւ, որ այդ տարածքում նավթի ու գազի խոշոր բնական պաշարներ կան:
Ու թեեւ ճապոնական առափնյա պահակախմբի կողմից կղզիների մոտակայքում չինական նավերի հայտնաբերումից հետո վերջիններս լքել են վիճելի ջրերը, այդուհանդերձ, Ճապոնիան որոշել է բողոքի նոտա հղել Պեկինին: Կղզիների շուրջ երկու երկրների միջեւ վեճը վերջին տարիներին հանգեցրել են ճապոնա-չինական հարաբերությունների վատթարացման: Անցած հանգստյան օրերին Չինաստանում Ճապոնիայի դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել, նույնպիսի ակցիաներ եղել են նաեւ Ճապոնիայում՝ Չինաստանի դեմ: Կղզիների շուրջ վեճը լարվել էր սեպտեմբերի սկզբին, երբ ձերբակալվել էր ճապոնական երկու պարեկային մոտորանավակների հետ բախված չինական ձկնորսական նավի հրամանատարը: