Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքի իշխանությունները քննադատել են Wikileaksi-ի նոր մերկացումները

Հոկտեմբեր 26,2010 00:00

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, թե Պենտագոնը մտադիր չէ նորից հետաքննել իրաքյան անվտանգության ուժերի կողմից չարաշահումների գործերը, որոնց մասին ասվում է Wikileaks կայքում վերջերս հրապարակված փաստաթղթերում: BBC-ի հետ զրույցում Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, թե ամերիկյան զինվորականները կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի եւ իրենց դիրքը չարաշահելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը փոխանցել են իրաքյան կողմին՝ այն բանից անմիջապես հետո, երբ դրանց մասին իրենց հայտնի է դարձել:
Հիշեցնենք, որ օրերս կայքը հրապարակել էր ամերիկացի զինվորականների կողմից ներկայացված 391831 գաղտնի զեկույցներ՝ իրաքյան գործողության ընթացքում տեղի ունեցած միջադեպերի եւ դեպքերի մասին: Այդ փաստաթղթերից շատերում խոսվում է իրաքյան անվտանգության ուժերի կողմից կալանավորների նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կտտանքների ու նույնիսկ առանց դատարանի որոշման իրականացված մահապատիժների մասին:
Բացի այդ, հրապարակված փաստաթղթերի համաձայն, յոթ տարվա ընթացքում ամերիկյան զորքերի կողմից վերահսկողության տակ գտնվող անցակետերի մոտակայքում «ագրեսիվ մտադրությունների» համար կամ զինվորական ուղղաթիռների հասցրած հարվածների արդյունքում մի քանի հարյուր քաղաքացիական անձ է սպանվել: Անցած հանգստյան օրերին հասարակության սեփականությունը դարձած այդ փաստաթղթերը պարունակում են իրաքյան ռազմական արշավի ընթացքում մարդկային կորուստների՝ այսօրվա դրությամբ ամենալիարժեք տեղեկությունները: Ըստ այդմ, իրաքյան գործողության մեկնարկից ի վեր զոհվել է 109 032 մարդ, այդ թվում 66081-ը՝ խաղաղ բնակիչ, 23984-ը՝ գրոհային, 15196-ը՝ իրաքցի զինվորական, ոստիկան ու անվտանգության ծառայության աշխատակից, 3771-ը՝ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ:
Գաղտնի փաստաթղթերի արտահոսքը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենամասշտաբայինը: Վաշինգտոնը քննադատել է դրա կազմակերպիչներին, թեեւ Wikileaks-ի ղեկավարությունը ընդգծում է, թե փաստաթղթերում մատնանշված բոլոր անունները նախապես հեռացվել են՝ կոնկրետ անձանց համար հետեւանքներ թույլ չտալու համար:
Իրաքի վարչապետ Նուրի Մալիկի աշխատակազմը եւս իր տարածած պաշտոնական հայտարարության մեջ կայքի գործողությունները որակել է որպես երկրի ներքին գործերին միջամտություն եւ քաղաքական կուսակցությունների ու առաջնորդների, նախեւառաջ՝ վարչապետի նկատմամբ ատելություն սերմանելու միջոցով կառավարության ձեւավորումը տապալելու փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել