Արթիկի թիվ 5 դպրոցը հայտնվել է բարոյահոգեբանական խորը ճգնաժամում
Օրերս Արթիկի թիվ 5 դպրոցի մի քանի ուսուցիչներ բողոք-նամակ էին հղել մեր խմբագրությանը՝ դժգոհելով դեռեւս Ռոմիկ Մանուկյանի մարզպետության օրոք տնօրեն դարձած Գոհար Ղուլիջօղլյանի «քմահաճ ու անօրինական» գործողություններից, նրա ստեղծած բարոյահոգեբանական վատ մթնոլորտից, կադրային սխալ քաղաքականությունից, դպրոցը «ապօրինի» հաստիքներով, իր ազգուտակով լցնելու փաստից: Նամակում մասնավորապես շարադրված է. «Թիվ 5 դպրոցի մանկավարժական կոլեկտիվը համերաշխ էր, բայց արդեն 3 տարի է՝ անդորրը խաթարված է: Դպրոցում տիրում է վախի ու լարված մթնոլորտ. տնօրեն Գոհար Ղուլիջօղլյանը ուսուցիչների հետ խոսում է շանտաժի լեզվով. կարեւոր հարցերը թողած՝ ընկել է բանսարկության ու բամբասանքների հետեւից՝ մոռանալով, որ դպրոցը կոչված է կրթության եւ դաստիարակության համար»: Նամակագիրները «Առավոտին» նաեւ տեղեկացնում են, որ դպրոցի աշխատողների ստույգ քանակը եւ հաստիքներն անհայտ են, որ աշխատավարձի ցուցակը ընդամենը թղթի կտոր է, չկա կնիք եւ ստորագրություն. «Դիմել ենք մարզպետարան, վերջինի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ կան 4 աշխատողներ, որոնց դպրոցի կոլեկտիվից եւ ոչ մեկը չի ճանաչել: Աշխատավարձի ցուցակում այդ աշխատողների անունները ավելացվել են հետո: Շիրակի մարզպետարանի մասնագետներ Գ. Ղումաշյանն ու Տ. Գուլյանը 30 մանկավարժների ներկայությամբ հրապարակեցին կեղծ հաստիքների մասին, բայց մինչեւ օրս արձագանք չկա»:
Ըստ ուսուցիչների, մարզպետարանի ստուգումներից հետո էլ տնօրենը շարունակում է իր «անօրինական» գործողությունները: Բողոքավորները նաեւ վստահեցնում են, որ տնօրենի թիկունքում կանգնած է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ընկերը՝ մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը, ով թեեւ իրավունք չունի խառնվել կրթական հարցերին, սակայն ակտիվորեն միջամտում է՝ մարզպետին «սուտ ու սխալ» տեղեկություններ հրամցնելով: Նամակում խոսվում է նաեւ ուսուցիչների իրավունքների խախտման առանձին դեպքերի մասին, որոնց է՛լ ավելի հանգամանալից ծանոթանալու նպատակով եղանք Արթիկում: Տնօրենից ամենից շատ դժգոհ էր նրա նախկին մտերիմներից՝ քիմիայի ուսուցչուհի Նունե Գրիգորյանը, որի ներկայացնելով, տնօրենը իրեն զրկել է բնագիտական առարկաների մեթոդմիավորման նախագահի պարտականությունից, փոխարինել է փոխտնօրեն Շ. Տոնոյանով, այն դեպքում, երբ ինքը թերբեռնված է՝ ունի ընդամենը 5 ժամ եւ ստանում է 19000 դրամ աշխատավարձ: Ուսուցչուհու ասելով, տնօրենն իր հետ շատ կոպիտ ու քմահաճ է վարվել. տարեսկզբյան մեթոդմիավորման նիստն ամբողջությամբ իրեն է նվիրել՝ վիրավորել ու անարգել: «Եթե տնօրենը դասերի արդյունավետության մասին այդքան մտածում է, ուրեմն պիտի բարի լիներ ինձ բաղադրիչ ժամեր տալու»,- բողոքում է նա: Վերջինս նաեւ ասում է, որ տնօրենը «թարսվում» է այն ուսուցիչների հետ, ովքեր համարձակվում են իրեն բարեւել: Մասնավորապես այսպիսի բողոք է ներկայացնում դասվար, 60-ամյա մանկավարժ Թամարա Ստեփանյանը: Նրա ասելով, ինքը չենթարկվելով տնօրենին, նորմալ շփվում է Նունե Գրիգորյանի հետ, որի պատճառով էլ տիկին Ղուլիջօղլյանը իր հետ «քեն է քշում»: Դասվարի փաստելով, վերջերս տնօրենը գրադարանում կոնֆետի թղթեր է շպրտել իր երեսին: Ուսուցիչների ներկայացրած բողոքից ամենաուշագրավը հաստիքների պահն է: «Մեր մայիսի աշխատավարձի ցուցակում ուրիշ գույնի գրիչով ավելացված էր Մուշեղ Ապոյանի անունը, ով իբրեւ թե մեր դպրոցում աշխատել է որպես գիշերային պահակ: Ողջ Արթիկը գիտի, որ նա եղել է գազի ոլորտի նախկին աշխատող եւ այդ ընթացքում գտնվել է Ռուսաստանում, ինչպե՞ս կարող էր պահակ աշխատել: Մուշեղը տնօրենի հորաքրոջ տղան է: Գիշերային պահակի մյուս ապօրինի հաստիքը տնօրենը նվիրել է իր հարազատ եղբորը՝ Արամ Ղուլիջօղլյանին, ով 68000-70 000 դրամ աշխատավարձ է ստացել, սակայն փաստացի չի աշխատել: Տնօրենի մայրը՝ Ժորժետա Աբրահամյանը, եւս ձեւակերպված է եղել դռնապահ ու հավաքարար: Իսկ փականագործ Ստյոպա Հարությունյանին ոչ մեկը չի ճանաչում: Մի խոսքով, տնօրենն ամեն ամիս 400 000 դրամի չափով գրպանել է: Ասենք, որ եղբոր կինն էլ քարտուղարուհին է»,- ասում էին բողոքավորները:
Գոհար Ղոլիջօղլյանն էլ իր հերթին է մեղադրում բողոքավորներին՝ աշխատանքի մեջ թերանալու եւ, որ ամենավատն է՝ պաշտոնակռիվ տալու համար: Տիկինը համոզված է, որ բողոքավորներից յուրաքանչյուրը, հատկապես փոխտնօրենը՝ աչք ունի իր աթոռի վրա, հետեւաբար եւ իրեն զրպարտելու առիթը բաց չի թողնում: Տնօրենի ասելով, իր դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարված չէ, իսկ մեր հիշեցմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է Շիրակի մարզպետը նկատողություն տվել իրեն, տիկին Գոհարը պարզաբանում է. «Բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարողները հենց այդ բողոքավորներն են, օրինակ՝ վերջերս Թամարա Ստեփանյանը ուսուցչանոցում ելույթներ է ունեցել, որ առանց ինձնից թույլտվություն վերցնելու գնալու է ընկերուհու սկեսրայրի էքնահողին, մի՞թե դասերը կարելի է բաց թողնել, կամ եթե հանպատրաստից որեւէ մեկը մտներ ստուգման, ի՞նչ էր անելու… Նա բացահայտ սուտ է խոսում՝ ասելով, թե ես կոնֆետի թղթեր եմ շպրտել իր երեսին, ես գործով մտել եմ գրադարան ու տեսնելով սեղանի վրա հավաքված կոնֆետի թղթերի կույտը, մոտեցել եմ ու ձեռքով ցույց տալով ասել եմ՝ աղբը հավաքեք»: Ըստ տնօրենի, քիմիայի ուսուցչուհին մեթոդմիավորման նիստերն ինքնագլուխ է անցկացրել՝ իրեն, որպես մեթոդմիավորման անդամի, ոչ մի անգամ չի հրավիրել, արձանագրությունները թերի են եւ այլն: Հաստիքների հետ կապված էլ տնօրենը պնդում է. «Եկեք չքննարկենք բարեկամական կապերը, ես ֆինանսական հարաբերությունների մեջ չեմ, որ նկատի ունենամ ազգակցական կապերը, գիշերային պահակն աշխատում է գիշերը ժամը 10-ից մինչեւ առավոտյան 8-ը: Եթե շատ էին հետաքրքրված ու անհանգստացած, կարող էին գալ ու գիշերը տեսնել: Մուշեղ Ապոյանի մասին ասեմ, նա հուլիսին արձակուրդ է գնացել, այնուհետեւ Ռուսաստան մեկնել, մայրս էլ աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 1-ին, իսկ մի՞թե եղբորս չեն ճանաչում, ով դպրոցում չարչարվում է թե գիշերը, թե ցերեկը: Ի դեպ, «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Աշոտ Գիզիրյանի ընկերոջից՝ տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից՝ հարցնելով, թե ինչո՞ւ է հովանավորում տնօրենին: Վերջինս հայտնեց, որ իրեն զրպարտում են, եւ որ ինքը ընդամենը Գոհար Ղուլիջօղլյանի ուսուցիչն է եղել: