Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՎԱԿԱ՞Ն ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"Ըստ որոշ մանկավարժների՝ իրենց բժշկական զննումը զուտ «գալոչկա» է

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին կազմակերպվում է ՀՀ հանրակրթական դպրոցի ուսուցիչների բժշկական ստուգում: Սակայն այն սահմանափակվում է միայն թոքերի ստուգմամբ՝ ֆլյուրոգրաֆիայով: Այնինչ,  ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի որոշմամբ սահմանված է մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ, բացի թոքային հիվանդություններից, տեղ են գտել էպիլեպսիան, հոգեկան խանգարումները, լեզվի եւ խոսքի զարգացման, մտավոր խանգարումները, որոնց բացահայտման համար, փաստորեն, ամենամյա բժշկական ստուգման ժամանակ ուսուցիչները չեն հետազոտվում: Թերեւս հենց սա է պատճառը, որ կարծես թե միտում են դարձել աշակերտների ինքնասպանության դեպքերը, ծնողներն ու աշակերտներն անվերջ դժգոհում են ուսուցիչների անհավասարակշիռ վարքից եւ այլն:
Այն, որ մանկավարժների բժշկական ստուգումը գոնե թոքային հիվանդությունների բացահայտման «մասով» անհրաժեշտ է, կասկած չի հարուցում, սակայն մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե որքա՞ն արդյունավետ է իրականացվում նշված գործընթացը:
Մի խումբ ուսուցիչներ օրերս «Առավոտին»  դժգոհեցին, թե ֆլյուրոգրաֆիա՝ որպես այդպիսին, իրենք չեն անցել. «Մեզ ստիպեցին ներկայանալ մեր վարչական շրջանի տարածքային պոլիկլինիկա, սակայն երբ գործը հասավ ստուգմանը, հասկացանք, որ ամեն ինչ ձեւական է, ինչպես ամեն տարի: Ոչ մի ֆլյուրոգրաֆիա էլ չենք անցել, մեր թոքերը ոչ մի կողմից էլ չեն նկարել: Փաստորեն, մեզ ուղարկել էին պոլիկլինիկա՝  ընդամենը «ներկա» ստանալու: Չէ՞ որ ֆլյուրոգրաֆիան թանկ հաճույք է, ինչի համար պետությունը հավանաբար պետք է պոլիկլինիկաներին գումար հատկացներ, մյուս կողմից էլ վստահ չենք՝ այդ գումարը տեղ հասե՞լ է: Հենց դրանից էլ բխում է մանկավարժների բժշկական ստուգման նկատմամբ նման բարձիթողի վերաբերմունքը»:
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի տնօրեն Ազգուշ Դիլբարյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ մանկավարժների բժշկական ստուգումը բավականին օգտակար է, քանի որ նրանք երբեմն ծուլանում են իրենց նախաձեռնությամբ գնալ բժշկի: Բայց նաեւ հավելեց. «Ավելի լավ կլիներ, որ, թոքերից բացի, մանկավարժները ընդհանուր բժշկական ստուգում անցնեին, քանի որ երեխաների հետ են շփվում»:
Ուսուցիչների հետ զրույցում պարզեցինք նաեւ, որ երբեմն որոշ պոլիկլինիկաներում իրենցից գումար են պահանջում հետազոտման համար, ինչի պատճառով իրենք  հայտնվում են անհարմար իրավիճակում: Դպրոցի տնօրեններից շատերը հարկ չեն էլ համարում ներկայանալ ստուգման, իրենց փաստաթղթերը պոլիկլինիկա են ուղարկում ուսուցիչների հետ՝ ընդամենը կնիք դնելու համար:   
«Առավոտը» նշված դժգոհությունը փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին: Նա նշեց. «Յուրաքանչյուր ուսուցիչ, ըստ ՀՀ կառավարության որոշման, պարտավոր է անցնել բժշկական ստուգում: Նա պետք է ներկայանա իր վարչական շրջանի պոլիկլինիկա, անցնի բժշկական ստուգում, այնուհետեւ կնքված փաստաթղթերը ներկայացնի դպրոցի տնօրենին, որպեսզի նա բոլոր փաստաթղթերը ներկայացնի առողջապահության նախարարության համապատասխան մարմնին»: «Առավոտը» ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել՝ ինչպե՞ս է վերահսկվում նշյալ գործընթացը, ինչո՞ւ ուսուցիչները գոհ չեն: ՀՀ առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը պարզաբանեց. «Խնդիրն ունի երկու կողմ: Քոլեջները, բուհերը, երաժշտական դպրոցները, որոնք իրականացնում են վճարովի կրթություն, բժշկական ստուգում անցնում են վճարովի համակարգով, իսկ պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու  պետական մսուր-մանկապարտեզների դաստիարակները այդ ծառայությունն անցնում են անվճար հիմունքով, քանի որ առողջապահության նախարարության եւ պոլիկլինիկաների միջեւ կնքված պայմանագրով սահմանված անվճար միջոցառումների շարքում է նաեւ մանկավարժների անվճար հետազոտումը: Պոլիկլինիկաները պարզապես պարտավոր են իրականացնել այդ ստուգումը, ինչը վերահսկվում է: Մենք էլ ենք դժգոհություններ ստանում, բայց քոլեջների, բուհերի մանկավարժների կողմից, թե ինչու իրենց դեպքում բուժստուգումը անվճար չի իրականացվում: Սակայն աշակերտների եւ ուսանողների առողջական անվտանգությունից ելնելով՝ տվյալ հաստատությունների ղեկավարները պարտավոր են վճարել այդ ստուգման համար»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել