Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ Է ՀԱԼՎԵԼՈՒ ՁՅՈՒՆԸ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՈՒՄ

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"…Որքա՞ն քաղաքներ կան գրքերում, որ այլեւս չկան աշխարհում: Եվ ինչպե՞ս է լինում, որ քաղաքներն անհետանում են ու պահպանվում են, իսկ նրանց բնակիչները ապրում են ընթերցողի հետ: Թուրք գրող Օրհան Փամուկի 2001թ. հրապարակված եւ 2006-ին Նոբելյան մրցանակի արժանացած «Ձյունը» վեպը, ի տարբերություն ամբողջ աշխարհի ընթերցողների, որեւէ հայ երբեւէ չի կարդա իբրեւ … ընթերցող: Չի կարդա իբրեւ գեղարվեստական գրականություն: Չի կարդա իբրեւ պատմագրություն: Չի կարդա իբրեւ քաղաքական գրականություն: Ամեն ինչից առաջ որեւէ հայ Օրհան Փամուկին չի ների… իր հարազատ Կարսի սպանությունը: 20-րդ դարի սկզբին իրականում կորցնելով Կարսը, 21-րդ դարի սկզբին մենք նորից կորցրինք Կարսը՝ Օրհան Փամուկի գրքով: Բնական էր, որ այնպես, ինչպես հայը ներկայացրել էր իր ծննդավայր պատմական հայրենիքը, չէր ներկայացնելու թուրքը իր ձեռքբերովի «հայրենիքը», որ նրա համար եղել եւ 100 տարի հետո էլ մնալու էր օտարի տարածք: Խնդիրը հայի-թուրքի հակադրությունը չէ, խնդիրը հայրենիքի զգացողությունն է: Օրհան Փամուկը «Ձյունը» վեպում առաջին հայացքից պատկերում է Կարսը, իրականում նա ժամանակակից Թուրքիայի պատկերն է տալիս՝ ներկա, որի հայելու մեջ անդրադառնում է անցյալը: Անցյալը, որ սպանում է Քերիմ Ալաքուշօղլուն՝ նույն ինքը գրքի հերոս Կային: Փամուկը գերադասել է նրան բանաստեղծ տեսնել, այն էլ վտարանդի, որ վերադառնում է հայրենիք եւ ամեն քայլափոխի սայթաքում սեփական ոտնահետքերի վրա, ու բնավ էլ ամբողջ վեպի ընթացքում անվերջ տեղացող ձյունը չէ մեղավորը: Տարողունակ է Փամուկի վեպը, որ բնակեցնում են ոչ միայն մեկ տասնյակ գլխավոր ու ոչ գլխավոր հերոսները, այլեւ երկրի անցած ու ներկա ճանապարհի որոնումները, երազները, տեսիլքները, նույնիսկ գիտաֆանտաստիկ վեպերը, գրված ու չգրված բանաստեղծություններն ու պատմությունը: Պատմությունը, որ հայացք է հայրենիքին՝ ներսից ու դրսից: Տասնամյակներով Թուրքիայից հեռու ապրած հեղինակը սեփական փորձի թելադրանքով է գրել նաեւ այն էջերը, որ գլխավոր հերոսի կյանքը ներկայացնում են Գերմանիայում:
Եթե փորձենք համեմատել «Երկիր Նաիրին» եւ «Ձյունը», այդքան տարբեր գրքեր հազիվ է հնարավոր հնարել. «Երկիր Նաիրիի» հուզական, հորդուն, զրնգացող կիրքն ու ցավը, գրքի հերոս հեղինակը՝ նույնքան հուզական ու կրքոտ, «Ձյան» հանդարտ, դժվարասահ, անկիրք ու անցավ պատումը, գրքում տեղ-տեղ հայտնվող հեղինակը՝ նույնքան անհույզ ու անկիրք: Առաջին հայացքից երկու վեպերի միակ կամուրջը Կարսն է, իսկ կամուրջները երկու ափերը բաժանում են, թե միացնում, հանգամանքներն են որոշում: Եղիշե Չարենցը, բնականաբար, «Ձյունը» չէր կարդացել, Օրհան Փամուկը «Երկիր Նաիրին» տեսականորեն կարող էր կարդացած լինել: «Երկիր Նաիրիի» հերոսին սպանում են: Թուրքերը: «Ձյան» հերոսին սպանում են: Թուրքերը: Ի՞նչ տարբերություն երկու սպանությունների միջեւ եւ Համո Համբարձումովիչին ու Կային սպանած թուրքերի միջեւ: Երկու վեպերում էլ հերոսների ճակատագիրը որոշում է դավաճանությունը: Երկու վեպերում էլ աներեւույթ, բայց գործող անձ են կուսակցությունները: Երկու վեպերում էլ ամեն էջում ներկա է ազգային մեծ երազը, որ այդպես էլ չի իրականանում: Տասնյակ հարցեր կան, որոնց պատասխանները երեւան են բերում երկու վեպերի առնչություններն ու տարբերությունները: Ի վերջո, ակնհայտ է դառնում, որ Փամուկի «Ձյունը» Չարենցի «Երկիր Նաիրիի»… շարունակությունն է, եւ խնդիրը բնավ նույն քաղաքը տարբեր ժամանակներում պատկերելը չէ: Այս պարագայում սոսկ Կարսը չէ կամուրջ դառնում, կամուրջ, որ գետի երկու ափերը միացնում է: Փամուկը միայն պատրանք է ստեղծում հանդարտ, անկիրք ու անցավ պատումի, իրականում նրա վեպը տագնապի, կրքի ու ցավի նույն խառնարանում է ծնվել, ինչ «Երկիր Նաիրին»: Նա էլ տանջալիորեն փորձում է պատասխանել նույն հարցերին՝ ո՞վ են իրենք, որտեղի՞ց են գալիս եւ ո՞ւր են գնում: Իրենք՝ թուրքերը: Փորձում է պատասխանել թուրքերի տեսակետից, եվրոպացիների տեսակետից, ընթերցողի տեսակետից: Իբրեւ ճշմարիտ ու ճշմարտությանն անդավաճան գրող՝ Փամուկը ջանում է այդ ճշմարտության բոլոր չափումներում լինել: Հնարավորինս անաչառ: Հնարավորինս, բայց ոչ ամբողջովին: Ինչպես արել էր Չարենցը, որովհետեւ ցավը անհնար է դարձնում անաչառությունը, ցավը թելադրում է իր օրենքներն ու չափանիշները: Իսկ որ «Ձյան» հիմնաթեման ցավն է, ակնհայտ է դառնում առաջին էջից ու պահպանվում է մինչեւ վերջին էջը: Որքան տարբեր են այդ ցավի պատճառները, մի պատճառն անփոփոխ է՝ քաղաքականությունը կամ այն, ինչ կոչվում է իշխանություն: Այսինքն՝ այն, ինչը կործանեց Երկիր Նաիրին:
«Երբ ժամը տասին՝ երեք ժամ ուշացումով, ավտոբուսը վերջապես մտավ Կարսի ձյունածածկ փողոցները, Կան չճանաչեց քաղաքը: Նա չէր կարողանում հասկանալ, թե որտեղ է կայարանի շենքը, որը մի անգամ տեսել էր քսան տարի առաջ՝ գարնանային այն օրը, երբ գնացքով եկել էր Կարս, որտեղ է «Ջումհուրիեթ» հյուրանոցը, որի յուրաքանչյուր համարում հեռախոս կար, եւ ուր տաքսու վարորդը նրան հասցրել էր՝ ողջ քաղաքը կտրելով: Ասես ամեն բան անհետացել էր ձյան տակ, վերացել: Ավտոկայանում սպասող մի քանի ձիակառք անցյալն էին հիշեցնում, սակայն քաղաքն ավելի տխուր եւ աղքատ տեսք ուներ, քան քսան տարի առաջ, ինչպիսին տեսել եւ հիշում էր Կան»: «Աստծո կողմից մոռացված» քաղաքում, որտեղ ամեն քայլափոխի հիշեցնում են, որ «Մարդը Ալլահի գլուխգործոցն է» եւ ապացուցում են, որ մարդու կյանքը գրոշ չարժի, գլխավոր հերոսն անցնում է որոնումի ու հայտնության իր ճանապարհը, քայլ առ քայլ վերածվելով կարսաբնակի: «Առավոտյան, երբ քաղաքը նոր էր արթնանում, նա, անընդհատ տեղացող ձյանը ուշադրություն չդարձնելով, Աթաթուրքի պողոտայով արագաքայլ իջավ ներքեւ՝ Կալե իչի թաղամասի ուղղությամբ, դեպի «գեջե կոնդու»՝ Կարսի ամենաաղքատ թաղը: Անցնելով ձիթապտղի վայրի ծառերի եւ սոսիների տակով, որոնց ճյուղերը ճկվել էին ձյան տակ, Կան նայում էր ռուսական հին ու խարխլված տներին, որոնց պատուհաններից դուրս էին ցցվել վառարանների ծխնելույզներ: Նայում էր ձյանը, որը ծածկում էր փայտաշեն պահեստների եւ էլեկտրական տրանսֆորմատորի միջեւ վեր խոյացող հայկական եկեղեցին՝ լքված արդեն հազար տարի: Նայում էր կատաղի շներին, որ մոլեգին հաչում էին սառցե կապանքներով կաշկանդված Կարս գետակի վրա 500 տարի առաջ կառուցված քարե կամուրջն անցնող յուրաքանչյուր անցորդի ետեւից: Նայում էր Կալե իչի թաղամասի խղճուկ, ձյան տակ բոլորովին անբնակ ու լքված թվացող խրճիթներից ելնող ծխի նոսր քուլաներին: Եվ նրան այնպիսի տրտմություն պատեց, որ աչքերում արտասուք հայտնվեց: Երկու մանուկ՝ տղա եւ աղջիկ, որոնց առավոտ վաղ ուղարկել էին դիմացի ափ՝ փռից հաց բերելու, տաք հացերն ամուր գրկած հրմշտում էին միմյանց եւ ծիծաղում այնպես զվարթ, որ Կան նույնպես թախծոտ ժպտաց նրանց: Նրա վրա այդպիսի ուժգին տպավորություն գործում էր ոչ թե թշվառությունը եւ անելանելիությունը, այլ մենության տարօրինակ եւ համատարած զգացողությունը, որ այդուհետ զգալու էր ողջ քաղաքում՝ լուսանկարչատների դատարկ ցուցափեղկերին, թղթախաղի տրված գործազուրկներով լի թեյարանների սառցակալած պատուհաններին նայելիս, ձյունածածկ, ամայի հրապարակներում: Ասես սա բոլորի կողմից մոռացության մատնված մի վայր էր, եւ ձյունն այստեղ իջնում էր լռելյայն՝ սավառնելով մինչեւ աշխարհի ծայր»:
2001-ին հայերի ուրվականները դեռ չէին հեռացել Կարսից եւ ավելի իրական էին, քան ներկա կարսաբնակները:
2001-ին Կարսը չունի անցյալ, քաղաքը փորձում է ապրել միայն ներկայով, դա խանգարում է ապագա ունենալ:
Կարսում դեռ կարող են բանաստեղծություններ ծնվել, նույնիսկ, եթե հեղինակները մի քանի տարի ոչ մի տող չեն գրել: Բայց նույնիսկ բանաստեղծությունները, որ գրվել են Կարսում, դատապարտված են կորստյան, ինչպես բանաստեղծները, որ գրում են այդ բանաստեղծությունները Կարսում:
Կարսում աղջիկները ինքնասպան են լինում, որովհետեւ դժբախտ են եւ որովհետեւ հպարտ են, իրականում նրանք մենակ են:
Կարսում տղամարդիկ իրենց կյանքի ինչ-որ պահի տրվում են տրտմության եւ հրաժարվում են որեւէ գործ անել, նրանք նույնպես մենակ են:
Կարսում բոլոր ճշմարտությունները պայմանական են, յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, բոլորը գիտեն, որ սխալը պետք է ուղղվի, բայց ոչ ոք չի ընդունում այդ սխալը:
Երբ Կարսում ձյուն է գալիս, դա չի նշանակում, որ ձյունը ծածկում է բոլոր հետքերը:
Օրհան Փամուկը բարեխղճորեն ընթերցողին է հանձնում Կարսի պատմությունը, նա ժամանակները չի փորձում ոչ խմբագրել, ոչ սրբագրել, նա ուզում է ժամանակը հասկանալ: Գուցե նաեւ՝ հասկանալի դարձնել: Նա ներկայացնում է եւ այն ժամանակը, երբ «Կարսում ապրել են միջին խավի բարեկեցիկ մարդիկ եւ օրեր տեւող ընդունելություններ ու պարահանդեսներ կազմակերպել առանձնատներում», երբ Կարսը գտնվում էր Վրաստան, Թավրիզ, Կովկաս եւ Թիֆլիս տանող բանուկ ճանապարհների խաչմերուկում եւ երկու հզոր տերությունների՝ օսմանյան ու ռուսական կայսրությունների սահմանագիծն էր: «Եղել են նաեւ մարդիկ, ովքեր այստեղ ապրել են Հայկական պետության ժամանակներից, եւ նրանց՝ դեռ հազար տարի առաջ կառուցած վանքերից մի քանիսն իրենց ողջ հրաշագեղությամբ կանգուն են առ օրս»: Օրհան Փամուկը չի խուսափում անցյալի հիշողություններից ու հուշարձաններից, նա առատորեն մեջբերում է, գրում է, արձանագրում է, պատմում է հայկական եկեղեցիների, հրապարակների, թատրոնի, տների մասին, եւ այդ բազում հիշատակություններն ավելի են ընդգծում, որ վեպում չկա ոչ մի հայ, Կարսում չկա ոչ մի հայ. «Ես բախում էի նախկինում հայերին պատկանած տների դարպասները, բայց ոչ ոք չէր բացում. արդեն 80 տարի անբնակ են տներն այդ»՝ ասում է վեպի հերոսներից մեկը:
Նա անխնա է ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի նկատմամբ. Փամուկը գիտի ոչ միայն սառնասիրտ լինել, այլեւ՝ հեգնոտ, այլեւ՝ պարբերաբար դաժան: Այն, ինչ Չարենցը ներկայացնում էր հեգնանքի ու հերքումի ծածկույթով, Փամուկը ներկայացնում է սառնության ու անտարբերության ծածկույթի տակից, բայց անիմաստ է հավատալ, թե Չարենցի համատարած հեգնանքին, թե Փամուկի համատարած անտարբերությանը: Պաշտպանական պատյանի սկզբունքը մնում է նույնը, ժամանակի մեջ փոխվում են պատյանի որակները: Կարսում հեղաշրջում է տեղի ունենում, որի կազմակերպիչն ու իրականացնողը թատրոնի հոգնած դերասաններ են: Արդյո՞ք պատահաբար: Իր երկրի իրական պատմությանը ակնհայտորեն լավատեղյակ հեղինակը մերօրյա հեղափոխականների շուրթերից հնչեցնում է այնքան ծանոթ խոսքեր ու գաղափարներ, որ թվում է՝ ժամանակը կանգ է առել նրա հայրենիքում եւ երիտթուրքերն են վերստին իշխանության եկել՝ այս անգամ դերասանների կերպարանքով. «Հարգելի եւ թանկագին թուրք հասարակություն,- ասաց Սունայ Զաիմը,- ոչ ոք չի կարող քեզ ետ դարձնել այն վեհ ու մեծ ճանապարհից, որը դու ելել ես՝ առաջադիմության ուղին ընտրելով: Մի անհանգստացիր: Խավարամոլները, անմաքուրները եւ հետամնացները երբեք չեն կարողանա փայտ խրել պատմության անիվների մեջ: Նրանք, ովքեր ձեռք կբարձրացնեն հանրապետության, ազատության, առաջադիմության վրա, կոչնչացվեն»: Սունայ Զաիմը չի ստում ու չի չափազանցնում՝ նրանք ոչնչացվում են՝ նույնիսկ փայտ խրելու մտադրություն չունենալով: Պատմական հեգնանք, թե օրինաչափություն է, որ իրենց հերթական հեղաշրջումը թուրքերն անում ու միմյանց սպանում են հայերի կառուցած թատրոնի շենքում եւ զարհուրելի երեկոյից միակ հետքը մնում է գնդակից առաջացած մի հսկայական անցք այն օթյակի հատակին, «որտեղից մի ժամանակ ներկայացումներ է դիտել հայ մեծահարուստ Գրիգոր Ճզմաչյանը»: Վերջապես Փամուկը չի խուսափում հարցնել. «Իսկ ո՞ւր են Կարսի եւ Անատոլիայի միլիոնավոր հայերը» եւ իր հարցին ինքը պատասխանում է՝ «…բայց իրազեկիչը, որ ամեն ինչ գրի էր առնում, չգրեց, թե ով է հարց տվողը, որովհետեւ խղճաց նրան»: Ահա այդպես՝ ցեղասպանությունից տասնամյակներ անց:
Իսկ հետո՞: Ո՞րն է լինելու այդ ամենի տրամաբանական ավարտը կամ՝ շարունակությունը: «Մենք աղքատ ենք եւ շատ աննշան՝ ողջ դժբախտությունն այդտեղ է: Մեր ողորմելի կյանքը ոչ մի դեր չունի մարդկության պատմության մեջ: Եվ մենք բոլորս, որ ապրում ենք այս խղճուկ Կարս քաղաքում, մի գեղեցիկ օր կսատկենք ու կանհետանանք: Ոչ ոք չի հիշի մեզ: Ոչ ոք չի հետաքրքրվի մեզնով: Եվ մենք կմնանք աննշան մի հավաքականության ներկայացուցիչներ, ովքեր խեղդվում են իրենց փոքրոգի, անմիտ վեճերում, ովքեր իրար կոկորդ են կտրում այն պատճառով, թե կանայք ինչ են քաշելու գլխներին: Բոլորը կմոռանան մեզ: Երբ տեսնում եմ, որ այդպիսի հիմար կյանք ապրելով էլ կհեռանանք այս աշխարհից եւ չենք թողնի ոչ մի հետք, դառնությամբ գիտակցում եմ, որ կյանքում գոյություն չունի ոչինչ՝ սիրուց բացի»:
Եվ ստացվում է, որ երկու վեպերն էլ սիրո մասին են, ավելի ճիշտ՝ այն պարունակության, որ հեղինակները ուզում են պարփակված տեսնել սեր հասկացության մեջ: Ծանր ու դժվար վեպ է «Ձյունը»: Համարյա ամեն էջում հեղինակը հավաստում է, որ Կարսում սավառնող ձյունը գեղեցիկ է, թեթեւ ու համարյա թե տաք է, բայց ամեն մի փաթիլը կարծրությամբ է իջնում Կարսի փողոցներ ու կարսեցիների հոգում ավելացնում է իրենց իսկ անհասկանալի տխրության ու անհանգստության բեռը: Տխրության ու անհանգստության, ավելին՝ անհեթեթության անփարատ զգացումը մնում է երկար ու երկար հիշեցնում, որ 2001-ի Կարսում դեռ թափառում են հայերի ուրվականները եւ նրանք ավելի իրական են, քան ներկա կարսաբնակները: Դա արդեն դատավճիռ է: Դա դատավճիռ է, որ ոչ ոք չի կայացրել, բայց որը անվրեպ գործել ու գործում է:
Եվ՝ թվում է, թե Օրհան Փամուկի «Ձյունը» հեռու արձագանքն է Ֆրանց Կաֆկայի 1926 թ. (հեղինակի մահից երկու տարի անց) տպագրված «Դղյակի», որի հերոս Կ.-ն նույնքան անհեռանկար մի ճանապարհորդություն է սկսում, որքան Կարս մեկնած Կան, եւ երկուսն էլ ճանապարհորդությունն ավարտում են ոչ իրենց կամքով ու ոչ իրենց ցանկացածի պես: Եվ երկու վեպերն էլ ներկայացնում են կյանքի աբսուրդը:
…Որքա՞ն քաղաքներ կան գրքերում, որ այլեւս չկան աշխարհում: Եվ ինչպե՞ս է լինում, որ քաղաքներն անհետանում են ու պահպանվում են, իսկ նրանց բնակիչները ապրում են ընթերցողի հետ: Գրողներն ունեն այդ հարցի պատասխանը, բայց գերադասում են վեպեր գրել, ու՝ պատասխանների փոխարեն ավելացնել հարցերը:
Համենայնդեպս՝ մի հարց հաստատ մնում է Օրհան Փամուկի վեպի բոլոր ընթերցողներին, պարզ մի հարց՝ ե՞րբ է հալվելու ձյունը Երկիր Նաիրիում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել