Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնավաճառի աշխատակիցը՝ քննիչի մոտ

Հոկտեմբեր 26,2010 00:00

«Առավոտը» հոկտեմբերի 13-ին անդրադարձել է «Տաշիր» ոսկու շուկայի աշխատակցուհի Մելինե Մարգարյանի գործին, նրա կալանավորմանը: Հրապարակման մեջ շոշափվում էին մի քանի աշխատակիցների անուններ, որոնք ցուցմունք էին տվել, թե Մելինե Մարգարյանը խոշոր չափերի գումար է պարտք իրենց: Սակայն Մ. Մարգարյանը ուղարկել էր պարտավորագրեր, որով հիմնավորվում էր, որ իրեն գումարներ են պարտք:
2008թ.-ից «Տաշիր» տոնավաճառի ոսկու շուկայում աշխատող Գոհար Գալստյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ այդ տոնավաճառում աշխատել է նաեւ իր ամուսնու մորաքրոջ աղջիկը՝ Իրինա Բաբաջանյանը, որի հետ թշնամական հարաբերություն չի ունեցել, գտնվել է գործնական հարաբերությունների մեջ: Ի. Բաբաջանյանը, ըստ Գ. Գալստյանի, իր վստահությունը չարաշահելով, 50 000 դոլար արժողության ոսկյա զարդերի է տիրացել: Երեկ Գ. Գալստյանը հայտնեց նաեւ. «Հայտարարություն տալուց հետո հրավիրվել եմ Կենտրոնի քննչական բաժին՝ քննիչ Էդգար Պետրոսյանի մոտ, որտեղ հայտարարությանս շուրջ տվել եմ մանրամասն բացատրություն, առանց նշելու, որ նշված խաբեությունը կատարել է Մ. Մարգարյանը: Մոտ երկու ամիս հետո, նույն քննիչի կողմից կրկին հրավիրվել եմ քննչական բաժին, եւ այս անգամ վերջինից տեղեկացել, որ Մելինեի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ներգրավվել եմ որպես վկա: Հարցաքննության ժամանակ քննիչի այն հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ եմ գտնվում Մ.Մարգարյանի հետ, եւ նա իմ հանդեպ խարդախություն կատարե՞լ է, ես պատասխանել եմ, որ նրանից պարտքուպահանջ չունեմ, Մելինեից որեւէ բողոք չունեմ, իմ բողոքը ոչ թե Մելինեի նկատմամբ է, այլ՝ Իրինայի»:
Գ. Գալստյանը օրեր առաջ Մելինեի հետ առերես հարցաքննության է հրավիրվել եւ վերը նշվածը պնդել է նաեւ այդ ժամանակ:
Գ. Գալստյանը պատահաբար տեղեկացել է, որ Մելինեի նկատմամբ ընտրված կալանք ընտրելու որոշման մեջ նշված է, թե իբր ինքը տուժել է Մելինեից. «Այն մեղադրանքը, որը ես ներկայացրել եմ Ի. Բաբաջանյանի նկատմամբ, նույնությամբ մեղսագրվել է Մելինեին, եւ դա արել է քննիչը»: Գ. Գալստյանը երեկ մեզ հայտնեց, որ դիմել է հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ գլխավոր դատախազին, քաղաքի դատախազին, ոստիկանապետին, Ազգային անվտանգության ծառայությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել