Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀ՝ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"Մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում է պահանջել

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում այս տարվա ապրիլի 13-ին կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Երեկվա դատական նիստում ճառով հանդես եկավ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը: Նա իր երկարաշունչ ճառում նախ հերքեց մեղադրյալ, ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության այն ժամանակվա պետ Աշոտ Հարությունյանի եւ նրա փաստաբան Սեդա Սաֆարյանի բոլոր այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Վահան Խալաֆյանը ոստիկանությունում ոչ թե ինքնասպան է եղել, այլ առեղծվածային հանգամանքներում մահացել է, անգամ Աշոտ Հարությունյանը դատարանում հայտարարել էր, որ Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել եւ ինքը քավության նոխազ չի դառնա:
Մեղադրող Հարությունյանը իր ճառն ավարտելուց հետո դատարանին միջնորդեց Աշոտ Հարությունյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, ամբաստանյալներ՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազորներ Մորիս Հայրապետյանին` 2 տարի, Գագիկ Ղազարյանին ու Գարիկ Դավթյանին՝ 1-ական տարի ազատազրկման, սակայն վերջին երեքի նկատմամբ էլ կիրառվի պայմանական ազատազրկում:
Դատախազից հետո ճառով հանդես եկավ տուժող կողմի ներկայացուցիչ Համիկ Խալաֆյանը: Վերջինս Վահան Խալաֆյանի հորեղբայրն է: Նա հայտնեց, որ իրենք չեն հավատում գլխավոր դատախազության եւ հատուկ քննչական ծառայության պնդումներին, թե Վահանն ինքնասպան է եղել: Նա պնդեց, որ Վահանը սպանվել է եւ մինչեւ մահը նրան խոշտանգել են:
Երբ դատախազ Հ. Հարությունյանը իր ելույթում ներկայացնում էր Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները, դահլիճում նստած Վահանի մայրը՝ Անահիտ Խալաֆյանը սկսեց անիծել իր որդուն խոշտանգողներին, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի դատավոր Մակիյանը որոշում կայացնի եւ դահլիճից դուրս հրավիրի Վահանի մորը:
Այս անգամ էլ դահլիճում մեծ թիվ էին կազմում քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն էին:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 1-ը: Արդեն դատարանի բակում Աշոտ Հարությունյանի հայրը Վահանի հորեղբորը հայտնում էր, որ իրականում Վահանին՝ ծեծելու միջոցով սպանել է Սամվել Տոնոյանը: Վերջինս ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն է եւ հարուցված քրեական գործով դատարանում ցուցմունքներ տվեց որպես վկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել