Լրահոս
Օրվա լրահոսը

1 կգ տավարի միս՝ թոշակառուներին

Հոկտեմբեր 26,2010 00:00

Լուրը, որ նոյեմբերից կենսաթոշակները բարձրանալու են, հասարակության տարբեր խմբերում տարբեր կերպ է ընդունվել: Ո՛ր պետական պաշտոնյային խոսեցնում ես, ասում է՝ ի՛մ ջանքերով էր, որ կարողացանք համոզել կառավարությանը՝ կենսաթոշակը 2500 դրամով բարձրացնել: Այդ 2500 դրամը կառավարական օղակներում դիտարկվում է որպես գազի սակագների բարձրացման փոխհատուցում, որպես ընդհանուր գնաճային պայմաններում մեծահասակներին օգնություն, որպես պարզապես նախընտրական ծրագրի իրականացում եւ այլն: Հենց իրենց՝ թոշակառուների ընկալմամբ, կենսաթոշակների այդ բարձրացումն իրականում ոչ մի հարց էլ չի լուծի, այն նույնիսկ վիրավորական է ու ստորացուցիչ: Օրերս այս առնչությամբ «Առավոտին» է դիմել «Թոշակառուների հայկական միավորումը», որը բաց նամակ է ուղղել ԱԺ պատգամավորներին՝ առաջարկելով կենսաթոշակները եւս 20-25%-ով բարձրացնել. «Հարգելի պատգամավորներ, քննարկման է դրվել կառավարության կողմից ԱԺ ներկայացված հանրապետության պետական բյուջեի նախագիծը։ Բոլորիս հայտնի է, որ նախորդ եւ ընթացիկ տարում զգալիորեն բարձրացել են բոլոր տեսակի մթերքների գները եւ կոմունալ ծառայությունների սպասարկման վարձերը։ Մոտ 5 ամիս հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում էին, որ նոյեմբերից կենսաթոշակները բարձրանալու են 2500 դրամով, մի՞թե դա վիրավորական չէ, երբ մի տարվա առումով այդպիսի բարձրացում են նախատեսնում։ Նրանց կարծիքով, բազմավաստակ թոշակառուներին դա էլ մեծ ճոխություն է, քանի որ նշված գումարով կարելի է գնել մեկ կիլոգրամ տավարի կամ խոզի միս։ Անհրաժեշտ չենք համարում առանձին-առանձին նշելու բոլոր տեսակի սննդամթերքների ներկայիս գները, սակայն գիտենք, որ որոշ առաջին անհրաժեշտության մթերքների գները բարձրացել են կրկնակի եւ նույնիսկ եռակի։ Հանրապետության 530 հազար թոշակառուների հիմնական մասն ապրում է կենսաթոշակների հաշվին, սակայն նրանցից շատերը չեն կարողանում ստացած գումարով նույնիսկ վճարել տարեցտարի ավելացող կոմունալ ծախսերը։
Թոշակառուների հայկական միավորման վարչությունը, դիմելով մեր պատգամավորներին, խնդրում է չմոռանալ իրենց նախընտրական խոստումները, եւ 2012թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ (հատկապես, որ այն ունի սոցիալական ուղղվածություն) հարցը բարձրացնել, համոզված ենք, որ հնարավորություն կունենան բացահայտելու ֆինանսական աղբյուրներ եւ բյուջեի շրջանակներում թոշակառուների ամսավճարը բարձրացնել առնվազն 20-25%-ով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել