Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԻՍՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Է

Հոկտեմբեր 26,2010 00:00

Հիվանդանոցի բուժաշխատողները վստահեցնում են, որ իրենց տնօրենը գրպանում է պետբյուջեի փողերը

Հիմա, երբ գործատուն ստիպված է իր աշխատողի համար սոցիալական ապահովության հիմնադրամին վճարումներ կատարել, մասնավոր եւ պետական հիմնարկներում անօրինականությունների հետաքրքիր ավանդույթներ են ձեւավորվել: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած սոցվճարումներ կատարողների ցանկից ելնելով՝ հիմնականում քննադատվում են մասնավոր ընկերությունների խախտումները, որոնք թաքցնում են իրենց աշխատողներին, քիչ աշխատողների են գրանցում, որ քիչ մուծումներ անեն, մինչդեռ պետական հատվածում այս կարգի ապօրինություններն ավելի շատ են: Ընդ որում, եթե մասնավորի դեպքում գործատուն պարզապես սոցվճարումները չի կատարում, պետական հիմնարկներում բյուջեի հաշվին աշխատավարձեր է, որ ուտում են:
Օրինակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բժշկական կենտրոնի աշխատակիցները տարվա մեջ մի քանի անգամ հարկադիր արձակուրդ են վերցնում: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի բուժաշխատողները պատմեցին, որ տարվա մեջ մի քանի անգամ մեկ ամսով հանգստանում են. «Բացի օրինական արձակուրդից, մյուս արձակուրդները կենտրոնի տնօրինությունն է կազմակերպում: Գնում ենք աշխատանքի, մեկ էլ հո՛պ, մեզ կանչեցին, ներկայացրին արդեն գրված մի դիմում՝ որտեղ իբր աշխատողը տնօրինությանը խնդրում է արձակուրդ տրամադրել»: Բուժաշխատողների խոսքերով, աշխատակիցը ձայնի ու ընտրության իրավունք չունի, եթե տնօրինությունը որոշել է իրենց անօրինական արձակուրդի ուղարկել, ուրեմն այդպես էլ պետք է լինի. «Սուսուփուս պետք է համաձայնենք, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ մեկ ամսվա ընթացքում մեզ չեն վարձատրում: Տնօրենն ուտում է մեր աշխատավարձերը, որոնք գրոշներ են»: Բուժկենտրոնի աշխատակիցների պատմելով, նախկինում նվազագույնը 4 բուժքույր երեք օրը մեկ հերթապահում էր. «Հիմա, երբ տնօրենը որոշել է աշխատողներին հաճախակի արձակուրդի ուղարկել, լինում են դեպքեր, երբ 2 բուժքույր ստիպված օրումեջ հերթափոխում են»: Բուժաշխատողներին զարմացրել է նաեւ այն, որ ամեն տարի հեռուստացույցով լսում են, որ աշխատավարձերը բարձրանում են, բայց իրենք այդպես էլ մնում են ամսական 20 000 դրամ աշխատավարձի հույսին. «Որտե՞ղ է գրված, որ հերթափոխային աշխատանքի համար ստանդարտ աշխատավարձ տան, ուզում ես 5 հերթափոխ կանգնի, ուզում ես՝ 20, 20 000 դրամից մի կոպեկ չի բարձրանում: Սովորաբար շաբաթ-կիրակի օրերի հերթափոխ կանգնելու համար ավելի շատ են վարձատրում, մեզ մոտ նման բան չկա: Ոչ մի տեղ 30 000 դրամից ցածր աշխատավարձ չկա, միայն մեզ մոտ է»: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե բուժաշխատողները բողոքեն՝ տնօրենը նրանց կշշպռի ու կազատի աշխատանքից, իսկ աշխատաշուկայի պրոբլեմների պատճառով նրանք հնարավոր է այդպես էլ մնան գործազուրկ:
Առողջապահության նախարարությունը հոգ է տանում, որ մարզերի բուժաշխատղներն էլ վերապատրաստվեն: Դա անվճար է, սակայն, Գորիսի հիվանդանոցի բուժաշխատողների խոսքերով, իրենց համար անեծք են դարձել Երեւանում վերապատրաստման դասընթացները. «Անցյալ տարի, որպեսզի Երեւանում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին մասնակցեինք՝ մեր տնօրենն ասաց, որ $100 պետք է վճարենք: Շատերը վճարեցին, մենք էլ՝ մի քանի հոգով, ասացինք՝ Երեւանում կվճարենք: Գնացինք դասընթացի, խոսեցինք այլ մարզերից եկած բուժաշխատողների հետ, զարմացան՝ ինչ $100, ինչ բան: Մեզ համար էլ ոչ մնալու տեղ, ոչ էլ սննդի հարցն էին ապահովել, հետո իմացանք, որ օրենքով բյուջեից 125 000 դրամ է տրամադրվում մեր գնալու համար»:
Ինչպես գիտենք, որոշ խոցելի խմբերի, օրինակ՝ ծնողազուրկների, հաշմանդամների, մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունը մեր երկրում դեռ անվճար է: Գորիսի բուժաշխատողները վստահեցնում են, որ այդ հիվանդանոցում երբեք անվճար ծառայություն չի տրամադրվել: Ինչ վերաբերում է բուժծառայության որակին, հիվանդանոցի բժիշկներն իրենք էլ փաստում էին, որ հնարավոր է ծայրահեղ ծանր հիվանդը այդպես էլ անհույս մեռնի, որովհետեւ այստեղ բժշկի օգնությունը հրավիրատոմսով է. «Միայն վիրաբուժական բաժնում մի վիրաբույժ կա՝ ո՛չ մանկական, ո՛չ էլ թերապեւտների բաժանմունքում հերթապահ չի լինում, եթե բժիշկ է պետք լինում, պետք է հիվանդը իր ծախսերով ու փոխադրամիջոցով բժշկին տնից բերի: Եթե ծանր հիվանդ լինի, հերթապահի քույրը չի իմանա՝ հիվանդին առաջին օգնությո՞ւնը ցույց տա, թե՞ զանգի բժշկին կանչի»:
Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Գորիսի այդ կենտրոնը վերանորոգվել է, իսկ տնօրենը հիվանդանոցի բուժաշխատողներին օրեր շարունակ հավաքարարի պես աշխատեցրել է, բնականաբար՝ մաքրության հավելյալ աշխատանքի համար առանց վճարելու:
Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սլավ Ամիրյանն էլ «Առավոտին» պարզաբանեց. «Երեխաների բուժօգնությունն անվճար է, ու երբեւէ չեն լինում դեպքեր, որ ծնողը վճարի: Հարկադիր արձակուրդի երբեք մեր աշխատողներին չենք ուղարկել, իրենք իրենց կամքով գալիս են արձակուրդ խնդրում, ինչը մենք ո՛չ խրախուսում ենք, ո՛չ էլ մերժում: Արձակուրդի համար էլ բոլորն անխտիր վճարվել են: Իսկ ինչ վերաբերում է վերապատրաստման դասընթացի համար փող ենք պահանջել, դա հենց ինձ համար մեծ նորություն էր, մենք կապ չունենք այդ դասընթացների հետ, որ փող պահանջենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել