Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւոր-վկան պարզաբանում է

Հոկտեմբեր 26,2010 00:00

«Առավոտում» տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 12-ի գիշերը Բարեկամության կամրջի մոտ բախվել են «Պրադո» մակնիշի 90 ՏՏ 555 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 01 ՕԼ 811 համարանիշներով ավտոմեքենաները:
«Պրադոյի» վարորդը ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանի 20-ամյա որդին էր՝ Արամը: Հոկտեմբերի 22-ի «Պաշտոնյան փորձում է ազդել քննության վրա» մեր հրապարակումից հետո երեկ խմբագրություն է այցելել «ՎԱԶ»-ի ուղեւորը (նրա տվյալները խմբագրությունում են եւ քանի որ գործը նախաքննության փուլում է՝ չենք հրապարակում, հաշվի առնելով նաեւ, որ նա գործով վկա է): Ուղեւորը տեղեկացրեց, որ իրոք վթարից հետո «ՎԱԶ»-ի ուղեւորը գետնից վերցրել է «Պրադոյի» համարանիշը, «ինչը զայրացրեց Արամ Անտոնյանին եւ նրա ընկերներին: Վերջիններս փորձեցին խլել համարանիշը, ինչը չհաջողվեց»: «ՎԱԶ»-ի ուղեւորն ասաց, որ այդ ամենը տեղի էր ունենում ոստիկանների ներկայությամբ եւ նրանք չէին միջամտում: Ի դեպ, «Օ7-ի» ուղեւորն այդ համարանիշը հանձնել է իր իսկ ահազանգով դեպքի վայր եկած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին:
Ինչ վերաբերում է, որ ֆրանսիացիները հրաժարվել են վերցնել ոստիկանության փոխանցած քննչական գործողությունների հրավիրվելու ծանուցագիրը ու մեկնել են Հայաստանից, մեր զրուցակից-վկան ասաց, որ Ֆրանսիայի 2 քաղաքացիները բուժում են ստացել «Արմենիա» բժշկական կենտրոնում, ուր նրանց այցելել է քննիչը: Քննիչը ցուցմունք է վերցրել: «Այն, որ նրանք բուժումը թողած մեկնել են Ֆրանսիա, դա անհրաժեշտ էր, քանի որ հոկտեմբերի 16-ին տեղի էր ունենալու նրանց որդիների հարսանեկան արարողությունը»: «ՎԱԶ»-ի ուղեւորն ասաց նաեւ, որ իրենք չեն ճանաչում արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության օպերատիվ բաժնի պետ Կամո Շաբոյանին, որի մասին հիշյալ հոդվածում գրված էր, թե՝ «նա փորձում է ազդել քննության վրա, որպեսզի «ՎԱԶ»-ի ուղեւորները ճանաչվեն որպես տուժող, թեեւ, ըստ նախնական վարկածի, վթարը տեղի է ունեցել հենց վերջիններիս մեղքով»: Այս կապակցությամբ ուղեւորն ասաց. «Դեռ պետք է ապացուցվի, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, եւ պետք չէ նախնական վարկածը ներկայացնել առանց մեզ լսելու»: Նաեւ հավելեց, որ հաշվի առնելով «Պրադոյի» վարորդի եւ նրա ընկերների ագրեսիվ պահվածքը, դիմել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին եւ խնդրել, որպեսզի հետեւեն այս գործի արդար քննությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել